«Այս պահին Ազգային ժողովի լուծարման բացարձակ իրավունք այլևս գոյություն չունի: Եթե մինչև 2005 թ. սահմանադրական բարեփոխումները նախագահը կարող էր ցանկացած պահի, միայն քաղաքական դրդապատճառներով լուծարել ԱԺ-ն, ապա 2005 թ. փոփոխություններից հետո պառլամենտի լուծարման հարցը հստակ սահմանված է Սահմանադրությամբ և հիմքեր այս պահին գոյություն չունեն»,- պատասխանելով արտահերթ ընտրությունների հավանականության վերաբերյալ հարցին, «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց, հարյուր պատասխան» քննարկման ընթացքում ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նա նկատեց, որ եթե մարդիկ ուզում են հակասահմանադրական ճանապարհով արտահերթ ընտրություններ իրականացնել, ապա դա հնարավոր չէ:

«Իրավական ճանապարհ այսօր արտահերթ ընտրություններ անցկացնելու գոյություն չունի: Ես չեմ խոսում քաղաքական սոցիալական, տնտեսական խնդիրների մասին, կարծում եմ այս հիմքերը ևս չկան»:

Թովմասյանը նկատեց, որ մինչև ինչ-որ պահանջ դնելը քաղաքական ուժերը պետք է տեսնեին, թե որքանով են դրանք համապատասխանում Սահմանադրությանը: