Քոչարյանին սատարելու գինը
Վերջին օրերին քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակների ուշադրությունը սեւեռվել է երկու հարցի վրա։ Առաջինը իշխանական կոալիցիայի ճակատագիրն է, երկրորդը` Ռոբերտ Քոչարյանի։ «Քննարկումները» թեժացնում են քոչարյանական վերլուծաբանները, որոնք ջանք չեն խնայում իրենց պատրոնից գրեթե լեգենդար կերպար ստեղծելու համար։
Սա էլ քիչ է, դեռ վիրտուալ դաշտում են ակտիվ քարոզչություն սկսել եւ փորձում են լվանալ համացանցից օգտվողների ուղեղները։ Հույսները դրել են մարդկանց կարճ հիշողության վրա եւ ոչ միայն։ Այսպես, վերլուծությունների մի մասը վերաբերում է Սերժ Սարգսյանի իշխանավարման թույլ կողմին։ Ըստ սրանց` Սարգսյանը նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո չի կարողացել հաստատել իր միանձնյա գերիշխանությունը բուրգի նկատմամբ։ Այսինքն` բուրգում բավականին ուժեղ են նախկին շեֆին ծառայողների դիրքերը։
Քոչարյանական կարոտախտից տառապողների թիվը, սակայն, ակնհայտորեն ուռճացվում է հանուն նրան գովազդելու։ Նշում են նաեւ, որ հայաստանյան որոշ կուսակցություններ կարող են դառնալ նրա հենարանը, եթե վերջինս վերադարձի հայտ ներկայացնի։ Այնուամենայնիվ, մի բան քոչարյանամերձ քարոզիչները հաստատ գիտեն։ Գիտեն, որ իրենց պաշտպանյալը հասարակական աջակցություն երբեք չի վայելել եւ չի վայելելու։ Պարզ է նաեւ, որ հասարակության համար որեւէ տարբերություն չկա` Ս. Սարգսյանն է բուրգի գլխին, թե Ռ. Քոչարյանը։ Ուստի հիմնական թիրախը դարձյալ կառավարման լծակներ եւ փող ունեցող մարդիկ են, շատ փող։ Մի հանգամանք էլ կա, որ չի վրիպել հասարակության աչքից։ Քոչարյանը երախտագիտություն է պահանջում ՀՀԿ-ականներից, որոնցից շատերին հենց ինքն է տեղադրել այդ կուսակցության ղեկավար կազմում։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչ արժեցավ ոմանց Քոչարյանին սատարելը, եւ որքան երախտագետ է հենց ինքը` «վոյինը»։ Արթնացնենք մեր թմրող հիշողությունը։
1998 թվականի հեղաշրջումը լավ պլանավորված իշխանազավթում էր, որին, ցավոք, մասնակից դարձան նաեւ հայրենիքին նվիրված մարդիկ։ Այդ մարդիկ, եւ հատկապես Վազգեն Սարգսյանը ՀՀ առաջին նախագահին ընդդիմացան` ղարաբաղյան խնդրի լուծման` նրա առաջարկած տարբերակը չընդունելու պատճառով։ Բնականաբար, Ռ. Քոչարյանը երբեք իշխանությունը չէր զավթի, եթե չունենար «գաղափարական» հիմք եւ ուժեղ անհատի աջակցություն։ Վազգեն Սարգսյանը հզորացրեց ՀՀԿ-ն` դառնալով դրա առաջնորդը։ Գուցե նա վստահ էր, որ իսկապես ոչ մի թիզ հող չենք զիջելու, վստահ էր նաեւ, որ իր վերահսկողության տակ է պահելու երկրում ծավալված բոլոր գործընթացները։ Մինչ նա զբաղված էր կարեւոր հարցեր լուծելով` Հայաստանում սկսվել էր սպանությունների մի շարք, որի գագաթնակետը դառնալու էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ը։ Սպանվում էին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ զինվորականներ։ Առաջին ուժեղ ցնցումը հանրապետության Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի ողբերգական մահն էր, այսինքն` սպանությունը։ Այս հանցագործության բացահայտման պաշտոնական վարկածը վատ բեմադրված արկածային ներկայացման էր նման։ Պարզ էր մի բան։Այլեւս չկար այն Գլխավոր դատախազը, որին հնարավոր չէր ձեռնասուն սարքել։ Մարդը ուներ մարդկային եւ մասնագիտական արժանապատվություն։ Հետո, իհարկե, սպանվեցին եւ «ինքնասպանվեցին» Վազգեն Սարգսյանին հավատարիմ զինվորականները` Վ. Խորխոռունին եւ Ա. Մարգարյանը։ Սահմռկեցուցիչ էր Արծրուն Մարգարյանի դեպքը, երբ նախաքննությունը վարող մարմինը փորձում էր հասարակությանը համոզել, որ վեց երեխաների հայրը ինքնասպան է եղել` երկու անգամ ինքն իր վրա կրակելով։
Արյունալի գործընթացին զուգահեռ բեմադրվում էր մեկ այլ խայտառակություն։ Իշխանազավթումից անմիջապես հետո ամենաբարձր մակարդակով սկսեցին հետապնդել մեր անկախ հանրապետության հիմնադիրներից մեկին` Վանո Սիրադեղյանին։ Այս զզվելի շոուն շատ «աբիժնիկների» սրտեր հովացրեց, բայց փաստորեն երկրից հեռացրեց մի գործչի, որը կարող էր խոչընդոտել Քոչարյանի` երկրում միակ տերը դառնալու ծրագիրը։
Սակայն, ինչպես արդեն նշեցինք, գագաթնակետը 1999 թվականի հոկտեմբերի 27-ն էր։ Վազգեն Սարգսյանն ակնհայտորեն երկրում մի գործընթաց էր սկսել, որը, մեղմ ասած, սահմանափակում էր Ռ. Քոչարյանի հնարավորությունները։ Խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի ունեցավ մի աննախադեպ բան. միավորվեցին նախկին հակառակորդները` ՀՀԿ-ն եւ Կարեն Դեմիրճյանի ղեկավարած կուսակցությունը։ Դեռ մեկ տարի առաջ այս կազմակերպություններն անհաշտ հակառակորդներ էին, որովհետեւ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ակտիվորեն աջակցում էր Կ. Դեմիրճյանի հակառակորդին` Ռ. Քոչարյանին։ Պարզ էր, որ Վ. Սարգսյանի եւ Կ. Դեմիրճյանի միավորումը շահեկան էր Հայաստանի համար եւ խիստ անբարենպաստ` Ռ. Քոչարյանի իշխանության համար։ Խորհրդարանն անցավ միավորման ձեռքը, կառավարության ղեկավար դարձավ Վ. Սարգսյանը։ Նոր ԱԺ-ի եւ կառավարության կազմավորմանը անմիջապես հետեւեցին Կ. Դեմիրճյանի եւ Վ, Սարգսյանի միջազգային կարեւոր բանակցությունները։ Հիշեցնենք` վարչապետն այցելեց ԱՄՆ, իսկ ԱԺ նախագահը` Ռուսաստան։ Ռ. Քոչարյանը հայտնվել էր խաղից դուրս վիճակում եւ, բնականաբար, դժվար թե երախտապարտ լիներ իրեն մեկ տարի առաջ իշխանության բերած Վ. Սարգսյանին։ Նշենք նաեւ, որ այս իրադրությունում Ռ. Քոչարյանը քաղաքական, առավել եւս` սահմանադրական լուծում գտնել չէր կարող։ Բայց...
Բայց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հինգ ահաբեկիչների ձեռքով գլխատվեցին Հայաստանի խորհրդարանն ու կառավարությունը։ Ռ. Քոչարյանը մի կարճ ժամանակ էլ ստիպված եղավ դիմանալ ճնշումներին, հետո անցավ լայնամասշտաբ հարձակման։ Կառավարությունից հեռացվեցին այն բոլոր պաշտոնյաները, ովքեր դեռ հավատարիմ էին Վազգեն Սարգսյանին։ Իշխանության զավթումը դարձավ կատարյալ։
Շեքսպիրյան սյուժե հիշեցնող ողբերգական այս պատմության մեջ որեւէ անտրամաբանական կետ չկա։ Հակառակը` ամեն ինչ ճիշտ է։ Եվ սա է քոչարյանատիպ մեկին սատարելու գինը։