Այցելեք www.azadakrum.org հիմա

«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվության եւ համախմբման ներուժի շնորհիվ ընդդիմության դաշտում վերջապես ձեւավորվեց միասնական ճակատ, որը մեր ժողովրդին հույս ու վճռականություն է ներշնչել ազատվելու հակահայ, բռնատիրական ռեժիմից: Այն ռեժիմից, որն այսօր խուճապի վայնասուն է բարձրացրել: Նրա ծախու, ողորմելի կամակատարները, այլ ելք չունենալով, վերջին ճիգերն են թափում մթնոլորտը թունավորելու, ժողովրդի ինքնաբուխ շարժումն ու ընդվզումը վարկաբեկելու համար: Բայց, ի հեճուկս իրենց, միասնական ճակատի շարժումը օր առ օր նոր թափ ու շունչ է ստանում:
Միասնական ճակատ ասելով` մենք ի սկզբանե գիտակցել ենք, որ դա չի նշանակում բոլոր քաղաքական ուժերի միասնությունը մեկ թեկնածուի շուրջ, քանի որ միշտ էլ գտնվել են դիմակ հագած, շինծու ընդդիմադիր գործիչներ, որոնց միակ նպատակը եղել եւ մնում է նեղ անձնական շահը: Մենք նրանց չենք էլ ուզում տեսնել այսօրվա միասնական թեկնածուի` Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Բայց նաեւ չենք կարողանում պատկերացնել արդեն իսկ ձեւավորված միասնական ճակատը առանց հայ ժողովրդի ամենաընդունելի գործիչներից մեկի` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որին մեր ժողովրդի զգալի մասը իրավամբ համարում է ազգային, ընդգրկուն ու լայնախոհ քաղաքական գործիչ: Եւ այդ լայնախոհությունն ու ազգային շահի հրամայականն այսօր թելադրում ու պահանջում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միավորվի ընդդիմադիր ճակատին եւ դրանով օրինակ ծառայի դեռեւս չվարկաբեկված կուսակցությունների այն մոլորյալ առաջնորդներին, որոնք առ այսօր չգիտեն, թե ինչ են անում: Սիրելի Րաֆֆի, այս ուղերձի մտքերը կարող էինք քեզ փոխանցել մեր առանձին հանդիպման ժամանակ, քանզի դու միշտ այցելում ես մեզ եւ քո ուշադրության կենտրոնում ես պահում քաղբանտարկյալների հարցը: Բայց քանի որ մեր այս ցանկությունը միայն մեր սրտի խոսքը չէ, այլ այստեղ հավաքված բազմահազար հայ մարդկանց եւ մեր ժողովրդի սրտի խոսքն է, ուստի հարմար գտանք այն հնչեցնել ազգային պայքարի կենտրոն դարձած հենց այս` Ազատության հրապարակից: Մենք գիտենք, որ դու այդ քայլը կանես, որը մի նոր խորտակիչ հարված կհասցնի այսօրվա հանցագործ, մեռնող վարչախմբին: Եւ դրանով վերջնական կդառնա արդեն իսկ կանխորոշված մեր հաղթանակը: Ուրեմն, Րաֆֆի ջան, հաջորդ հանրահավաքին սպասում ենք քեզ այս հարթակում` Լեւոնի կողքին»:
Ժիրայր Սեֆիլյան
Վարդան Մալխասյան
04.12.2007


Այցելեք www.azadakrum.org հիմա