Հերքում
06.02.08 01:43
Ըստ մամուլի որոշ միջոցներում տեղ գտած հրապարակումների (մասնավորապես, ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի 2007թ. հունվարի 6-ի համարում զետեղված ՙԱզատել են աշխատանքից՚ վերտառությամբ ակնարկը), դատապարտյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն, հայտարարություն է տարածել այն մասին, իբր անվտանգության գծով պետի տեղակալը և անվտանգության ծառայության պետը աշխատանքից ազատվել են քաղաքական դրդապատճառներով: Մասնավորապես, իրականության հետ որևէ աղերս չունեցող տարածած հաղորդագրության համաձայն, անվտանգության գծով պետի տեղակալ, արդարադատության մայոր Գագիկ Հովհաննիսյանի պաշտոնից ազատման պատճառ է դարձել այն, որ իբր վերջինիս հայրը, Համլետ Հովհաննիսյանը, մասնակցել է ընդդիմադիր նախագահի թեկնածուի կողմից անցկացված նախընտրական հանրահավաքին:
Նույն ակնարկում առկա է նաև հետևյալ վերացական պնդումը. ՙՍա արդեն երկրորդ նման դեպքն է այս քրեակատարողական հիմնարկում: Ավելի վաղ աշխատանքից հեռացվել էր կապիտան Հրաչ Գոգինյանը, այն հիմնավորմամբ, որ իր հայրը առաջին նախագահին սատարող կուսակցություններից մեկի անդամ է՚:
Նկատենք, սակայն, որ ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկի պետի անվտանգության գծով տեղակալը ազատվել է համաձայն իր դիմումի: Ընդ որում, դիմումում հստակ նշել է այլ աշխատանքի անցնելու ցանկությունը: Հայտարարությամբ նշված նախորդ ՙազատումը՚ ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում այն պարզ պատճառով, որ վերջինս պարզապես տեղափոխվել է ՙԷրեբունի՚ քրեատարողական հիմնարկ`
պաշտոնի բարձրացմամբ:
Կարևորելով հասարակությանն ստուգված և ճշմարիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը և հիմք ընդունելով ՙԶանգվածային լրատվության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված դրույթը` խնդրում եմ հրապարակել սույն հերքումը:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ