ԱՌԱՋԱՐԿ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը մարտի 30-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանում իշխանական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցած ստատուս-քվոյի ամրագրողը Ռուսաստանն է, իսկ ընդդիմադիր դաշտի վերադասավորումների գործընթացի վերահսկողը` Արեւմուտքը: Ժիրայր Սէֆիլյանը Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա օտար ազդեցության չեզոքացման համար, ինչպես նաեւ երկրում իրավիճակի փոփոխության ու իշխանափոխության համար կարեւոր է համարել ընդդիմադիր դաշտում գործող ուժերի գործողությունների համակարգումը:
Նա ասել է, որ միավորման մասին խոսակցություններն ավելորդ են եւ այժմ միավորման մասին պետք չէ խոսել, այլ համակարգված գործողությունների: Այդ առումով նա ընդդիմադիր բոլոր ուժերին կոչ է արել դադարեցնել փոխադարձ մեղադրանքները, քանի որ դրանից շահողը միայն Սերժ Սարգսյանն է: Սէֆիլյանը ընդդիմադիր դաշտում համակարգման գործընթաց անելու համար մի քանի առաջարկ է ուղղել Հայ Ազգային Կոնգրեսին:
Ըստ նրա, Կոնգրեսը պետք է հարթակ հրավիրի բոլոր ընդդիմադիր ուժերին, անկախ նրանց կարծիքներին համամիտ լինելուց: Սէֆիլյանի կարծիքով, Կոնգրեսը նաեւ պետք է ձեռնպահ մնա իշխանության հետ երկխոսելուց, քանի որ դրանից հասարակությունը չի շահելու: «Լեւոն նախագահ» կարգախոսն էլ, ըստ Սէֆիլյանի, չի նպաստում հասարակության համախմբմանը, քանի որ շատերը տանն են մնում այդ հեռանկարից` այսինքն Տեր-Պետրոսյանին նախագահ տեսնելու հեռանկարից խուսափելով, քանի որ դժգոհ լինելով իրավիճակից, չեն ցանկանում նրան տեսնել նախագահ: Սէֆիլյանը կարծում է, որ Կոնգրեսը պետք է հասարակությանը համախմբող նոր կարգախոսներ մտածի: Ըստ Ժիրայր Սէֆիլյանի, նաեւ պետք է, որ Կոնգրեսը հարթակ տրամադրի, խոսափող տրամադրի երիտասարդներին, քանի որ հին գործիչներից հասարակությունն արդեն հոգնել է:
Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամը նաեւ համարում է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո պետք է անցումային փուլ լինի, որի ընթացքում պետք է լինի ժամանակավոր կառավարություն` ոչ քաղաքական գործիչ նախարարներով: Նա կարծում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է պայմանավորվեն այդ անցումային շրջանի շուրջ, հետո նոր արդեն նշանակելով ընտրություն, մրցակցեն իրար հետ: Նա կարծում է, որ եթե այս իշխանությունը մնում է, ապա հերթական կամ արտահերթ ընտրությունն արդեն նշանակություն չունի:
Ժիրայր Սէֆիլյանը նաեւ հայտարարել է, որ այդ առաջարկները Կոնգրեսին է ներկայացնում, քանի որ Կոնգրեսն է, որ այսօր ունի ամենամեծ հասարակական զանգվածն իր հետեւում: Նա նշել է, որ եթե Կոնգրեսն այդ առաջարկները չընդունի, ապա ինքը կասկած չունի, որ դրանք Սարդարապատն է իրագործելու եւ առաջնորդելու ժողովրդին: Սէֆիլյանը պարզապես նշում է, որ այժմ իրենց շարժումը դեռ կայացման փուլում է, բայց քանի որ երկիրը ծանր վիճակում է, իրենք իրավունք չունեն սպասեն կայանալուն, դրա համար առաջարկներն անում են այսօր կայացած ու հանրային ամենամեծ բանակն առաջնորդող ուժին` Կոնգրեսին: