Այցելեք www.azadakrum.org հիմա
Ժիրայր Սէֆիլյանի գաղափարական հայացքները և քաղաքական նպատակները Դաշնակցությունից հեռանալուց հետո նույնն են մնացել, մի գուցե որոշ չափով զարգացել են, և ոչ մի ընդհանրություն չունեն Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի կամ այդ թևի որևէ այլ գործչի կամ կազմակերպության գաղափարաբանության հետ: Ավելին, քննադատելով գործող վարչակազմին, Ժիրայր Սէֆիլյանը պարբերաբար ընդգծել է, որ Հայաստանում չկան նախկին և ներկա իշխանություններ, որ 1997-98թթ ոչ մի իշխանափոխություն էլ չի եղել, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գիծը նույնն է, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանինը: Հատկապես դա այդպես է Արցախի հարցում և նույնիսկ Ցեղասպանության: Նրանց միակ տարբերությունն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ հայտարարում էր իր ապազգային կեցվածքի մասին, իսկ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրենց շատ ավելի ապազգային գործերը կատարել են ազգայնականի կեղծ դիմակով, այդ կեղծարարության մեջ օգտագործելով նաև Դաշնակցությանը, ինչպես նաև Նժդեհի անունը:
Այսօր որևէ հիմք չկա կարծելու, թե Տեր-Պետրոսյանը փոխել է իր գաղափարները: Հետևաբար Ժիրայրը որևէ պատճառ չունի նրան թիմակցելու: Ով էլ որ դառնա նախագահ, Ժիրայր Սէֆիլյանը և իր ընկերները շատ արմատական ընդդիմադիր են լինելու այդ նախագահի նկատմամբ: Սրանում կասկած չկա: Ցավալին այն է, որ Հայաստանի միաբևեռ քաղաքական և տնտեսական համակարգը առայժմ հնարավորություն չի տալիս իսկապես ազգային ուժերին այնքան կազմակերպվելու, որպեսզի հնարավոր լինի հիմնովին փոխել երկրի կործանարար ընթացքը:
Հանգամանքների բերումով Հայաստանի ժողովուրդը հիմա կանգնած է երկու մեծ չարիքներից փոքրագույնը ընտրելու պարտադրանքի առաջ: Չկա որևէ այլ թեկնածու, որը հաղթելու իրական հնարավորություն ունենա: Չկա նաև որևէ այլ թեկնածու, որը սրանցից էապես տարբերվի իր գաղափարներով կամ որակներով: Հետևաբար, եթե մեկը չի ուզում պարապ տանը նստել, ստիպված է համեմատել Սերժին և Լևոնին և կանխագուշակել, թե որի հաղթանակի դեպքում ինչ է տեղի ունենալու, նրանցից որը ավելի վտանգավոր կարող է լինել եկող տարիներին:
Մեկը կարող է հարցնել. “բա դաշնակցության թեկնածո՞ւն, որը ոչ իշխանություն է, ոչ էլ ընդդիմադիր, ու հավատարիմ է իր ավելի քան 100 տարվա գաղափարախոսությանը”: Մեծ մոլորություն Սփյուռքի դաշնակցական կառույցների համար: Սփյուռքում շատերին թվում է, թե Դաշնակցությունը Հայաստանում անկախ կառույց է: Սակայն դա բոլորովին էլ այդպես չէ: Ճիշտ է, Դաշնակցությունը իշխանություն չէ, բայց իշխանության կցորդ է, որը երբեք չի կարող որևէ ինքնուրույն քայլ կատարել: Դաշնակցության ցանկացած քայլ, որը չի բխի իշխանության իրական տերերի` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շահերից, անմիջապես կպատժվի նրանց կողմից: (Այդ մասին Հրանտ Մարգարյանը գրում էր Բյուրոյի 2001թ. գարնանը, թիվ 55 շրջաբերականում, որ վերաբերում էր Արցախի հարցին): Հետևաբար դաշնակցության թեկնածուի մասնակցությունը նախագահական ընտրություններին տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի թույլտվությամբ և հանձնարարությամբ` բացառապես նրան օգնելու նպատակով:
Ո՞րն է այդ օգնությունը, առանց որի Սերժ Սարգսյանը չի կարող դառնալ նախագահ, և որի համար ոչ միայն թույլ է տվել, այլև հանձնարարել է Դաշնակցությանը մասնակցել ընտրություններին սեփական թեկնածուով: Բանն այն է, որ վերջին խորհրդարանական ընտրություններում հարյուրավոր միլիոններ ծախսելով հանդերձ Հանրապետականի և Բարգավաճի թեկնածուները կարողացան առնել ժողովրդի ձայների միայն 45%-ը: Նրանք հաղթեցին, որովհետև ընդդիմության ձայները փոշիացան: Այդ գործում նրանց օգնեցին անհատ մեծահարուստները, որոնք այն ժամանակ իրենք էլ էին շահագրգռված, որովհետև անձամբ թեկնածուներ էին: Հիմա այդ անձնական շահագրգռվածությունը չկա, հետևբար նույն 45%-ը հավաքելը մի քիչ դժվարացել է: Ընդդիմության մյուս թեկնածուները ջախջախված են և նրանց բոլորի ձայներին ի վերջո տեր է կանգնելու Լևոն Տեր-Պետրոսյանը` մենակ: Այս պայմաններում բոլորովին չկա վստահություն, որ Սերժ Սարգսյանը կհաղթի առաջին փուլում, անգամ եթե կես միլիոն ձայն փողով առնի: Երկրորդ փուլը գրեթե անխուսափելի է: Այս պայմաններում Դաշնակցությանը տրված է հետևյալ հանձնարարությունը` զարգացումների հնարավոր երկու տարբերակների համար: (1) Նա պետք է փորձի առաջին փուլում այնքան շատ ձայն հավաքել, որ, կեղծիքները հաշվի առնելով, առաջ անցնի Լևոն Տեր-Պետրոսյանից: Այդ դեպքում դաշնակցական թեկնածուն երկրորդ փուլում մրցելով Սերժ Սարգսյանի հետ, հեշտությամբ պետք է զիջի նրան և հետո էլ շնորհավորի հաղթանակի առիթով` միջազգային հանրության առջև օրինականացնելով կեղծված ընտրությունները: (2) Եթե հնարավոր չլինի դաշնակցական թեկնածուին առաջ անցկացնել Լևոն Տեր-Պետրոսյանից, ապա ՀՅԴ-ին հանձնարարված է, երկրորդ փուլում կոչ անել իր ընտրողներին, որ նրանք ձայները տան Սերժին: Սակայն Դաշնակցությանը քվեարկողների 95%-ը, որ կուսակցական չէ, ատում է Սերժին ինչպես և բոլոր ընդդիմադիրները և ժողովուրդը: Նրանց մեծ մասը երկրորդ փուլում կամ չի մասնակցի քվեարկությանը կամ նույնիսկ կքվեարկի Լևոնի օգտին` որպես փոքրագույն չարիքի: Սակայն Սերժի համար դա կարևոր չէ: Եթե դաշնակցական թեկնածուն հայտարարի, որ կոչ է անում ձայները տալ Սերժին, ապա կենտրոնական ընտրական հանձնախումբը պարզ գումարում կկատարի թղթի վրա և, անկախ քվեարկության իրական պատկերից, կհայտարարի, որ Սերժը ստացել է առաջին փուլի իր ձայներին գումարած Դաշնակցության ձայները: Այս սուտը կհաստատի Դաշնակցությունը, ասելով, որ առաջին փուլում իրեն քվերակողները երկրորդ փուլում քվեարկել են Սերժին և դրանով դարձյալ կօրինականացնի Սերժի կեղծ ընտրությունը:
Բացի այս երկու տարբերակներից Սերժին Դաշնակցությունը պետք է նաև քարոզչական նպատակով: Բանն այն է, որ Սերժը շատ հարցերում չի կարող արդյունավետ քննդատել Տեր-Պետրոսյանին, որովհետև նա ինքը, Ռոբերտ Քոչարյանի հետ, մասնակից են եղել Լևոնի շատ հանցանքներին, այդ թվում Արցախի դաշնակցական նախագահ Արթուր Մկրտչյանի սպանությանը և ԼՂՀ իշխանությունից և բանակի ղեկավարությունից դաշնակցականների հեռացմանը: Սերժ Սարգսյանը եղել է ԿԳԲ-ի նախարար, երբ այդ նույն ԿԳԲ-ում բանտարկված էին Հրանտ Մարգարյանը և Վահան Հովհաննիսյանը: Մի խոսքով Սերժի լեզուն Լևոնի դեմ կարճ է, որովհետև նրա ենթական է եղել, իսկ Դաշնակցությունը այն ժամանակ Լևոնի գլխավոր հակառակորդն էր: Դրա համար էլ նա ուզում է, որ իր փոխարեն խոսի Լևոնից հալածյալ Դաշնակցությունը:
Ի դեպ, ի՞նչ կաներ Դաշնակցությունը, եթե իշխող լիներ և իր իշխանության օրոք հիմնական ընդդիմադիր կուսակցությունը, ասենք թե ՀՀՇ-ն, եթե ընդդիմադիր լիներ, մարտական թև ունենար և իր ապահովական խորհրդի նիստերում ամիսներ շարունակ քննարկեր հեղաշրջում իրականացնելու հարցերը, դիմեր իրական քայլերի, զենք կուտակեր այդ նպատակով, ծրագրեր մշակեր, մարդկանց ներգրավվեր կոնկրետ հանձնարարություններ տար նրանց, և այդ հանձնարարությունների թվում լիներ ասենք Հրանտ Մարգարյանի (Վազգեն Սարգսյանի փոխարեն) սպանությունը և այլն: Այս ամենի մասին հարցաքննությունների ժամանակ խոստովանել են ձերբակալված դաշնակցականների մեծ մասը: Այնպես որ պետք չէ շատ կրքոտ ընդունել Դաշնակցություն-ՀՀՇ հակամարտությունը: Մի քիչ կարելի է զբաղվել ինքնաքննադատությամբ: Ճիշտ է, ՀՀՇ-ն շատ հանցանքներ է կատարել հայ ժողովրդի դեմ, բայց այսօր դաշնակցական նախարարները, մարզպետները և այլ պաշտոնյաները հաճույքով շարունակում են ՀՀՇ նախկին պաշտոնյաների սկսած հանցագործ ընթացքը, հետևաբար քննադատել ՀՀՇ-ին և Տեր-Պետրոսյանին այնպիսի բաների համար, որը ինքդ նույնությամբ շարունակում ես, բարոյական չէ: Այնպես որ նախ պետք է տեսնել սեփական աչքի գերանը, հետո դիմացինի աչքի փուշը:
Մի քանի օր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց դաշնակցական ղեկավարության հետ և ասեց նրանց, որ եթե դաշնակցության թեկնածուն Սերժ Սարգսյանի հետ մտնի երկրորդ փուլ, ապա ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը, իր ընտրողներին կոչ է անելու ձայները տալ երկրորդ փուլ անցած դաշնակցության թեկնածուի օգտին: Փոխարենը Լևոնը չի սպասում, որ Դաշնակցությունը նույն ժեստը կանի իր նկատմամբ` լավ իմանալով, թե ինչ հանձնարարությամբ է Դաշնակցությունը մասնակցում ընտրություններին: Նունը նա ասել է բոլոր մյուս թեկնածուներին: Եթե որևէ մեկը Սերժի հետ հայտնվի երկրորդ փուլում, ապա Լևոնը կոչ կանի ժողովրդին, ձայները տալ այդ թեկնածուին: Նա այդպես է որոշել, որովհետև համարում է, որ Սերժը և Քոչարյանը երկիրը վերածել են ավազակապետության և եթե նույնիսկ վաղը երկրի նախագահ դառնա իր գաղափարական հակառակորդը, միևնույն է, ավելի լավ է գաղափարական մեկը լինի, քան թե ավազակի մեկը:
Մոտավորապես նման կեցվածք ունի նաև Ժիրայր Սէֆիլյանը: Նա մյուսներից լավ է պատկերացնում այս իշխանությունների ապազգային և ավազակային բնույթը: Շատ ավելի ավազակային, քան Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էր: Այն ժամանակ կար քաղաքական պայքար, որը շատ սուր էր և հաճախ անցնում էր օրենքի սահմանները: Սակայն հետո մեղմացման քայլեր էին լինում, որովհետև կար ազգային մի քանի խնդիրների գերակայության գիտակցում: Մասնավորապես այդ պայքարը երբեք չանցավ այն սահմանը, որից հետո պետությունը կդադարեր գոյություն ունենալ և Արցախում էլ մենք հաղթեցինք չնայած այդ ներքին պայքարին: Բացի այդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հրաժարական տվեց քաղաքական պայքարի արդյունքում, ինչը բացառված է, որ երբևիցե անեն նրանից շատ ավելի քիչ համակրանք վայելող Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը: Այն ժամանակ խորհրդարանը բաղկացած էր քիչ թե շատ քաղաքական դեմքերից, իսկ հիմա գերիշխում են մականունավոր, և բութ անձերը: Ճիշտ է այսօրվա վիճակի պատասխանատու կարելի է համարել նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև իր ժամանակ սա սկսվեց, իր ժամանակ Ռոբերտները, Սերժերը և նրանց մականունավոր ընկերները ուժ հավաքեցին: Բայց այդ դեպքում պետք է նաև ընդունելի լինի իր մի քանի սխալները ուղղելու, “Ռոբերտ և Սերժ” փորձանքից հայերին ազատելու Լևոն Տեր-Պետրոսյանի ձգտումը:
Այսօր ով որ կարողանա միավորել ընդդիմադիրներին կամ համախմբել ժողովրդին և դառնալ իրական այլընտրանք, ողջունելի է: Ժիրայրը և իր ընկերները, այս հանցավոր զույգից ժամ առաջ ազատվելու նպատակով, տարիներ շարունակ փորձել են միավորել ամենատարբեր ընդդիմադիր գործիչների` Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին և Արտաշես Գեղամյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Վազգեն Մանուկյանին և Սամվել Բաբայանին, փորձել են իրենք համախմբել կամավորականներին, որպեսզի թույլ չտան ընտրակեղծիքներ կամ պաշտպանեն ցուցարար ժողովրդին ոստիկանական պատժիչ գործողություններից: Բոլոր հիշատակված գործիչները գաղափարական առումով Ժիրայրի հետ կապ չունեին, ավելին, շատ մոտ էին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին` գրեթե բոլոր հարցերում` տարածքային զիջումների պատրաստակամություն, ազատականություն, և այլն: Սակայն Ժիրայրը համոզված է եղել և այսօր էլ համոզված է, որ գաղափարական մրցակցություն հնարավոր է միայն հանցագործ համակարգի փլուզումից և քիչ թե շատ արդար ընտրություններ կազմակերպելուց հետո: Ժիրայրի այս գործունեությունը միշտ դրական է ընկալվել, որովհետև զերծ է եղել շահադիտական հավակնոտությունից: Սակայն, այլ գործիչների հավակնոտության պատճառով ոչ մի անգամ դեռ չհաջողվեց միավորել ընդդիմությանը և համախմբել ժողովրդին:
Այսօր ընդդիմադիր այդ գործիչների մեծ մասը անհույս վիճակում են և մոռացել են իրենց հավակնությունների մասին և ընդունել են Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնությունը, մյուսները դեռ նախանձով են նայում նրա համախմբող ներուժին, սակայն իրենց մեջ ուժ չեն գտնում նրան միանալու համար: Կան նաև այնպիսինները, որ նախանձից ելնելով արդեն ծախվել են իշխանություններին ու կատարում են նրանց հանձնարարականները: Այս պայմաններում ակնհայտ է, որ եթե 2008թ նախագահական ընտրություններում կա գոնե մեկ առիթ Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից վերջնականապես ազատվելու համար, ապա այդ հնարավորությունը բացվել է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումով:
Հիմա, Ժիրայրի և իր ընկերների համար հարցը դարձյալ նույն հարթությունում է: Կա մի թեկնածու, որը այս անգամ կարողանալու է համախմբել մեծ թվով ընտրողների, որը սակայն գաղափարական առումով հակառակորդ է մեզ: Ինչ անել: Եթե գործող իշխանությունը այսքան հանցագործ չլիներ, եթե լիներ մեկ ուրիշ այլընտրանք, դեռ կարելի կլիներ մտածել այլ տարբերակների մասին:
Եթե Ժիրայրը և ոչ միայն նա ասում է, որ այս իշխանությունները հանցագործ են և նրանցից ժամ առաջ պետք է ազատվել և հանուն այդ գերագույն նպատակի պետք է մի կողմ դնել գաղափարական հակասությունները և միավորվել, ապա այսօր ոմանք դա հասկանում են, որպես թե Ժիրայրը միացել է Լևոն Տեր-Պետրոսյանին: 2003-ին կամ այս տարվա խորհրդարանական ընտրություններին նույն այդ միտքը ոչ մեկին չէր անհանգստացնում: Այսօր Ժիրայրի դիրքորոշումը նույնն է: Եթե Վազգեն Մանուկյանը կամ Վահան Հովհաննիսյանը համախմբեն ժողովրդին և առաջնորդեն նրան Սերժի դեմ պայքարում, Ժիրայրի համար դա նույնքան ողջունելի կլինի: Սակայն այսօր այդ գործը կարողանում է անել միայն Լևոն Տեր-Պետրոսյանը և եթե ժողովրդի ամենաստվար հատվածը նրան է ընդունում որպես ավազակապետության դեմ պայքարի դրոշակակիր, ապա Ժիրայրը ավելացնելու ոչինչ չունի:
Մինչ այսօր Ժիրայրը եզակի հրապարակային արտահայտություններ է ունեցել այս հարցով: Առավոտ թերթում տպագրված հարցազրույցում նա դարձյալ կարևորել է համախմբման խնդիրը առանց կոնկրետանալու, թե ում շուրջ է ինքը պատկերացնում այդ համախմբումը: Պատասխանելով Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ուղղակի հարցին Ժիրայրն ասել է, որ հետևելով Լևոնի քայլերին, վերջինս իմաստուն մարդու տպավորություն է թողնում իր վրա: Բայց սրանում Հայաստանում ոչ ոք չի էլ կասկածում: Առավել ևս, որ գավառամիտ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համեմատությամբ Լևոնի պես մտավորականը իսկապես իմաստուն է երևում: Մյուս արտահայտությունները Ժիրայրը ունեցել է պատասխանելով Ալեքսան Արզումանյանի ցավակցական բաց նամակին, որտեղ ընդունում է, որ այսօր գաղափարախոսությունների պայքարի ժամանակը չէ, այլ սուտ մարդկանց դեմ պայքարելու պահն է և մի քանի ազգային մտքեր է փորձում հուշել Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր անձերից մեկին, կոչ անելով ընդհանրապես մի կողմ դնել տարատեսակ “իզմերը”: Ժիրայրի համար ողջունելի է նաև, որ առանձին ընդդիմադիրներ միավորվում են Լևոն Տեր-Պետրոսյանին: Այս մտքում սակայն նա կարևորում է միավորվելու հանգամանքը, այլ ոչ թե Տեր-Պետրոսյանի անձը:
Սա ոմանց առիթ է տվել քննադատելու Ժիրայրին: Ընդդիմախոսները ավելի կարևորում են Լևոն Տեր-Պետրոսյանի անձը: Ինչու: Միթե նա ինչ-որ բանով ավելի վատն է Սերժ Սարգսյանից:
Ոմանց թվում է, որ դա այդպես է, օրինակ, Արցախի հարցում: Սակայն դա այդպես չէ և այդ մասին Ժիրայր Սէֆիլյանը և “Ազատագրված տարածքների պաշտպանություն” կազմակերպությունը անդադար ասում են 6 տարի շարունակ: Սերժ Սարգսյանը նույնքան պարտվողական կեցվածք ունի որքան Տեր-Պետրոսյանը: Նրանց տարբերությունն այն է, որ Տեր-Պետրոսյանը բաց շարադրում է իր տեսակետը, կողմնակի, անազնիվ միջոցներով այն չի փաթաթում մարդկանց վզին և նրան հեշտ է քննադատելը, իսկ Սերժը հայրենասերի, Արցախն ազատագրողի և բանակ կազմակերպողի կեղծ դիմակով է հանդես գալիս, օգտագործելով իր իշխանությունը, քաղաքական ուժերի, զինվորականների, մտավորականների և այլոց կախվածությունը իրենից, բոլորին պարտադրում է հրապարակային պաշտպանել տարածքային զիջումների գիծը` դա համարելով մեծագույն բարիք Հայաստանի համար: Սերժին քչերն են համարձակվում քննադատել, իսկ ոմանք էլ խաբվում են կեղծ հայրենասիրությանը:
2000-2001թթ Ռոբրետ Քոչարյանը համաձայնվեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին, որոնք ենթադրում էին 5-6 շրջանների վերադարձ Ադրբեջանին: Պայմանագրի ստորագրվելիք տարբերակը վերջնականորեն մշակվեց Քի Ուեսթում և դրան համաձայնվեցին, թե Ադրբեջանի, թե Հայաստանի նախագահները: Սակայն այդ տարբերակի գաղտնաձերծման առաջին իսկ փորձը, որ ձեռնարկեց Վարդան Օսկանյանը 2001թ մայիսին, Հայաստանում բողոքի ալիք բարձրացրեց: Այդ ալիքը գլխավորում էին Ժիրայր Սէֆիլյանը և նրա □Ազատագրված տարածքների պաշտպանություն□ կազմակերպությունը: Մինսկի խումբը ստիպված էր հետաձգել պայմանագիրը հուլիսին Ժնևում ստորագրելու իր ծրագիրը և հայտարարել, որ □նախագահները պատրաստ են խաղաղության, իսկ ժողովուրդները` ոչ□: Դրանից հետո հանձնարարվեց Ադրբեջանի, բայց հատկապես Հայաստանի իշխանություններին նախապատրաստել հանրային կարծիքը դժվարին զիջումներն ընդունելու համար: Հայաստանում այդ դժվարին գործը ստանձնեց Սերժ Սարգսյանը: 6 տարի շարունակ նա հնարավոր և անհնար բոլոր միջոցներով ստիպում է քաղաքական ուժերին, զինվորականությանը, մտավորականությանը ենթարկվել ազատագրված տարածքները հանձնելու իրենց ծրագրին և դա անում է ազգայնականի, հայրենասերի, ազատամարտի նվիրյալի կեղծ դիմակով: Ժիրայրը միշտ պատռել է այդ դիմակը և խանգարել է նրա այդ դավաճանական գործունեությանը:
Ոմանք կարող են ասել, որ Լևոնն էլ էր ուզում հանձնել ազատագրված տարածքները: Այո, նա դա ասել է, ասել է այն ժամանակ, երբ պատրաստվում էր հրաժարական տալ, ասել էր այնպես, որ իրեն հենց այդ պատճառով խիստ քննադատեն: Նա շատ լավ գիտեր, որ 1997թ, երբ ինքը թուլացել էր, իր պարտվողական ճառերը չէին ընդունվելու Վազգեն Սարգսյանի կողմից: Իսկ ահա Սերժ Սարգսյանը ամեն ինչ անում է, որ բանակի ղեկավարությունը, երկրապահները, քաղաքական գործիչները և նույնիսկ հայրենասերի համբավ ունեցող մտավորականները հաշտվեն զիջումների հետ և դրանք ներկայացնեն որպես հայ ժողովուրդների մեծագույն երազանքի իրականացում: 2005թ նա յուրօրինակ հաշվետւվություն տվեց միջազգային հանրությանը ցուցադրելով, որ ինքը արդեն սանձել է, առել է, իրեն է ենթարկացրել բոլոր հնարավոր ընդդիմախոսներին: Տպավորությունը դարձյալ փչացրեց Ժիրայրը և հետագա տարիներին Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին հանձնարարված էր չեզոքացնել նաև Ժիրայրի դիմադրությունը: Ինչպես տեսնում ենք, նրանք դա ջանասիրաբար փորձում են իրականացնել:
Լևոն Տեր-Պետրոսյանը, Արցախի հարցում, երբեք չի անցել քաղաքական բանավեճի սահմանը: Եվ այդ բանավեճում էլ նա միշտ հղում է արել Արցախի իշխանություններին ու ժողովրդին, ասելով, որ վերջին խոսքը նրանն է: Իսկ Քոչարյանի ժամանակ Արցախը ընդհանրապես դուրս եկավ գործընթացից և հարցերը որոշում էին երկու մարդ Քոչարյանն ու Սերժը: Եթե Լևոնի ժամանակ Քաշաթաղի մարզպետ էր Ալեքսան Հակոբյանը և նրա օրոք շրջանը 12000 բնակիչ ուներ, ապա Սերժենք այնտեղ նշանակեցին մի անասունի, որի պաշտոնավարության մի քանի տարիների ընթացքում, ավելանալու փոխարեն, ավելի քան 3000 մարդով պակասեց շրջանի բնակչությունը:
Քաղաքականություն վերադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանը իհարկե չի հրաժարվում իր նախկին արտահայտություններից, սակայն ավելացնում է, որ այսօր ինքը Արցախի հարցի լուծումը չունի: Իսկ դա նշանակում է, որ նա ակնարկում է, որ չի շտապելու հարցը լուծել, այսինքն ձգձգելու է այն: Իսկ ահա Սերժը շատ ակտիվ է այս հարցում, ասում է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, տարածքները չենք ազատագրել, այլ գրավել ենք, որ հետո հանձնենք, իսկ Մոսկվայում անգամ հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա կարևոր է, որպեսզի պատկերացնենք, թե ինչ է նա պատրաստ լինելու զիջել, երբ խնդրի Արևմուտքին ճանաչել իր կեղծված ընտրությունը:
Սա իհարկե չի նշանակում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի արցախյան քաղաքականությունը Ժիրայր Սէֆիլյանի սրտով է: Ընդհակառակը, այն նույնքան մերժելի է, որքան Սերժինը: Սակայն կարևոր է իմանալ, որ Սերժ Սարգսյանը որևէ հիմք չունի պնդելու, թե ինքը այս հարցում Լևոնից լավն է:
Մյուս հարցը, Ցեղասպանության խնդիրն է: Վերջին տարիներին տպավորություն է ստեղծվել, թե Ռոբերտ Քոչարյանը պայքարում է հանուն Ցեղասպանության ճանաչման և դրա արդյունքն է, որ աշխարհում այն լայնորեն ճանաչվում է: Սակայն երկու հարց շատ էական են: Արդյոք Ցեղասպանության ճանաչումը որևէ գործնական օգուտ է ենթադրում Հայ Դատի իմաստով: Չէ որ Հայաստանի ղեկավարությունը շարունակում է պնդել, որ ինքը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, տարածքային պահանջներ չունի նրանից և պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել թուրք-հայկական սահմանը, ամրագրելով ներկայիս սահմանը այդ կարգավիճակով: Իրականում Ցեղասպանության մասին խոսակցությունները ընդամենը Սփյուռքի ականջին հաճելի խոսակցություններ են և ընդամենը: Եվրոպական երկրներում Ցեղասպանության ճանաչումը մի կողմից Հայ Դատի գրասենյակների աշխատանքի արդյունք լինելով հանդերձ, միաժամանակ նաև Եվրոհամայնքի հակաթուրք քաղաքականության արտահայտություն են: Պատահական չէ, որ Ցեղասպանությունը ճանաչել են ոչ միայն հայկական գաղութներ ունեցող երկրները, այլև այնպիսինները, որտեղ ընդհանրապես հայեր չեն ապրում: Բացի այդ զարմանալ կարելի է, թե ինչպես տարիներ շարունակ միայն 2-3 երկիր էր Եվրոպայում ճանաչել Ցեղասպանությունը, իսկ հիմա, Թուրքիայի Եվրոմիություն մտնելու քննարկումներին զուգահեռ դրանց թիվը կտրուկ աճեց: Նման մի բան էլ տեղի ունեցավ ԱՄՆ-ում, որը սպառնում է Թուրքիային պատժել Ցեղասպանության ընդունումով, եթե ապագայում Անկարան նորից չկատարի ռազմական դաշնակցի իր դերը, ինչպես որ դա արեց Իրաքի պատերազմի օրերին:
Մի խոսքով Ցեղասպանության հարցում էլ այս իշխանությունները ոչինչով ավելի լավը չեն Լևոն Տեր-Պետրոսյանից: Բայց եթե Լևոնը բացահայտ ասում է, որ Թուրքիայի հետ պետք է հաշտվել, ապա Հայաստանում գտնվում են ընդդիմախոսներ, որոնք քննադատում են նրան և հակառակը պնդում: Իսկ Քոչարյանին ու Սերժին քննադատելը դժվար է, որովհետև նրանք ասում են այն, ինչ մարդիկ ուզում են լսել, բայց անում են դրա հակառակը, ու դեռ գլուխ էլ գովում են:
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի մյուս մեղքերին, ապա դրանց բոլորին մասնակցել են նաև Ռոբերտն ու Սերժը, իսկ հետո տիրանալով ամբողջական իշխանությանը բազմապատիկ գերազանցել են նրան հանցավոր գործերում, այդ թվում սպանություններում, անօրինական բանտարկություններում, քաղաքական հետապնդումներում և այլն: Այսօր ամբողջ Հայաստանի ունեցվածքը և ընդերքը պատկանում է այս երկուսին, բացի այն մասից, որը նրանք արդեն վաճառել են Ռուսաստանին:
Ճիշտ է, այս ամենը չի պակասեցնում Լևոն Տեր-Պետրոսյանի մեղավորությունը: Ավելին, Սերժն ու Քոչարյանը Վանո Սիրադեղյանի և մյուսների հանցագործությունների շարունակողն են: Սակայն այսօր իմաստ չունի համեմատել, թե ո՞վ է ավելի մեղավոր. նա ով առաջինն է արել, թե՞ նա, ով հետո 100 անգամ շատ է արել: Ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ կարող է կատարվել ապագայում, եթե ընտրվի մեկը կամ մյուսը:
Սերժ Սարգսյանի ընտրությունը նշանակում է, որ առաջիկա 10 տարիներին Հայաստանը շարունակելու է մնալ նույն վիճակում, հանցագործ համակարգ մի քանի մեծահարուստների սանձարձակ իշխանության ներքո: Ընդդիմությունը վերացած կլինի, իսկ ժողովուրդը հուսահատված: Արցախի հարցում տարածքային զիջումների հեռանկարը ավելի քան իրական կլինի, որովհետև բոլոր ընդդիմախոսությունները կխեղդվեն բանտերում:
Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության դեպքում շուտով կնշանակվեն նոր խորհրդարանական ընտրություններ, քաղաքական կյանքը կվերականգնվի: Բացի այդ նա խոստացել է 3 տարի անց նշանակել նաև նոր նախագահական ընտրություններ և ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից: Սա կարող է և սուտ լինել: Սակայն կասկածելով Լևոնի խոսքերին փորձենք հասկանալ, թե ինչ է ուզում նա: Տպավորություն է ստեղծվում, որ Լևոնը ուզում է նոր վիճակ ստեղծել, բայց չի ուզում ինքը երկար կառավարել, որովհետև գիտի, որ այդ դեպքում նորից մարդիկ իր դեմ կտրամադրվեն, կքննադատեն իր այս կամ այն քայլը: Դա նրան պետք չէ: Նա փառասեր է և ուզում է հայոց պատմության մեջ մնալ ոչ միայն որպես առաջին նախագահ, որին 1998թ գահընկեց արեցին իր սխալ կեցվածքի համար, այլև որպես մեկը, որը Հայաստան երկրին ազատեց ավազակապետությունից, վերադարձրեց ժողովրդավարությունը, կառչած չմնաց իշխանական աթոռին և պատվով հեռացավ:
Սրան ավելացնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտավարությունը գրեթե անթերի է: Թեև Սերժ Սարգսյանի մեկնարկային ուժը անհամեմատ մեծ էր, սակայն Լևոնը ամեն օր նոր և ծանր հարվածներ է հասցնում նրան և շատ հավանական է, որ հաղթի: Դրա գլխավոր վկայությունն է Սերժի և Քոչարյանի սարսափը, որը նրանք այլևս չեն կարողանում թաքցնել: Սփյուռքը թող չխաբվի Հ1 հեռուստաալիքով, որը բացարձակ սուտ տեղեկություններ է տարածում: Այնուամենայնիվ չի կարելի ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատ հաղթելու է: Ուժերը այս պահին հավասար են և ամեն օր իրավիճակը կարող է փոխվել:
Ժիրայրը հաստատ հաշվի է առնում վերը շարադրած մտքերը և կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմադիրներին միավորելու, ժողովրդին համախմբելու և Սերժին իշխանությունից հեռացնելու իրական հնարավորություն ունի և ողջումում է նրա աշխատանքը այդ ուղղությամբ, ինչպես նաև ողջունում է նրանց ովքեր միանում են այդ պայքարին:
Միաժամանակ Ժիրայրը տեսնում է իր և Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատի քաղաքական հայացքների տարբերությունը, սակայն հույս ունի, որ գաղափարական վեճերը հիմա չեն խանգարի Քոչարյանից և Սերժից ձերբազատվելու հարցում, իսկ հետո Լևոն Տեր-Պետրոսյանը, հաղթելու դեպքում, պայմաններ կստեղծի, որպեսզի ապագայում Հայաստանում քաղաքական քաղաքակիրթ բանավեճ ծավալվի:
Համենայն դեպս Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատ Սերժ Սարգսյանից սարսափելի չէ: Ստեղծված պայմաններում նրա շահերից է բխում երկրում օրինականության հաստատումը և քաղաքական մթնոլորտի վերականգնումը: Փոխարենը Սերժի իշխանությունը լճացման, անօրինականության և սանձարձակության տարիներ են լինելու: Բնական է, որ արտաքին սպառնալիքները ավելի մեծ կլինեն Սերժ Սարգսյանի իշխանության պայմաններում:
Ոչ Ժիրայր Սէֆիլյանը և ոչ էլ նրա գործընկերները այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում չեն և չեն լինելու: Սակայն նրանք առավել ևս Սերժ Սարգսյանի հետ կապ չունեն: Այսօր Ժիրայր Սէֆիլյանը բացարձակապես ձեռնպահ է մնում Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին որևէ քննադատություն հնչեցնելուց, որովհետև դա ուղղակի կնշանակեր Սերժի ջրաղացին ջուր լցնել:
Սրան ավելացնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից մի շարք անձեր շատ դրական են գնահատում Ժիրայր Սէֆիլյանին: Դրա վկայությունն են Ալեքսանդր Արզումանյանի բաց նամակը Ժիրայրին, Ժիրայրի մասին հնչած խոսքերը նոյեմբերի 16-ի հանրահավաքում և այլ պակաս հայտնի փաստեր, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը` բանտն է:
տես Ժիրայրի հարցազրույցը և Ալեքսանդր Արզումանյանի հետ երկխոսությունը www.azadakrum.org կայքում :
հ.գ. ուրբաթ օրվա միտինգում մի քանի անգամ հիշատակվեց Ժիրոյի անունը: Խոսեց գորիսեցի Սամվել Հարությունյանը, որ հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ է ու խոսեց նաև Ժիրոյի մասին, հետո վարող Նիկոլ Փաշինյանը նախ ցավակցեց Ժիրայրին մոր մահվան կապակցությամբ, հետո հիշատակեց Ալեքսանդր Արզումանյանի հետ ունեցած Ժիրոյի երկխոսությունը: Նույն օրը մենք միտինքի հանդիսատեսների մեջ 15000 թռուցիկ տարածեցինք` նրանց հրավիրելով երկուշաբթի օրվա բողոքի երթին:
Այցելեք www.azadakrum.org հիմա