Երեկ BBC-ն հեռարձակել է հարցազրույց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Այս հարցազրույցում Տեր-Պետրոսյանը, ըստ էության, նոր ոչինչ չի ասել և, մասնավորապես, ԼՂ հարցում պաշտպանել է այն դիրքորոշումը, որին ծանոթ ենք տակավին 1997 թ.-ից:
Անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերում առաջին նախագահին, նրա կողմնակիցն է, թե հակառակորդը` հարկ է խոստովանել, որ նա հատկապես արտաքին քաղաքականության հարցերում միշտ զերծ է եղել ավելորդ զգացմունքայնությունից, հստակ բանաձևել է երկրի առջև ծառացած առաջնահերթությունները:
Ասել է թե` այս հարցազրույցը նորություն չէր` ոչ ձևի, ոչ մատուցման և ոչ էլ` բովանդակության առումով:
Ըստ այդմ, մի տեսակ անհասկանալի, անբնական է այն աղմուկը, որը հետևել է այս հարցազրույցին:
Ոմանք սկսեցին Տեր-Պետրոսյանին մեղադրել «դավաճանության», «հողեր հանձնելու» համար, մյուսները շտապեցին հայտարարել, թե առաջին նախագահը մեսիջ է հասցեագրում Արևմուտքին` սեփական պահանջարկն ի ցույց դնելով:
Մեզանում քաղաքական բանավեճի կուլտուրա չկա:
Ղարաբաղը «հանձնել-չհանձնելու» պարզունակ թեզը թույլ չի տալիս իսկապես բովանդակային քննարկում ծավալել հարցի շուրջ, բազմակողմանի քննարկել ստեղծված վիճակը և շտկելու միջոցները:
Եթե մեկը խոսում է փոխզիջումների անհրաժեշտությունից, անմիջապես ստանում է դավաճանի պիտակ, և այլևս խլացնում են անգամ փաստարկով հանդես գալու նրա իրավունքը:
Նույն պրիմիտիվ ընկալմամբ` պարտադիր հայրենասեր է այն մարդը, ով պատեհ-անպատեհ բարձրաձայնում է «ոչ մի թիզ` թշնամուն» կարգախոսը:
ԼՂ հարցը, ավելի ստույգ` Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կարգավորման փուլային տարբերակի պաշտպանությունը, մի անգամ` 1997-ին, դարձել է իշխանափոխության պատճառ:
«Հաղթողական» տարբերակի կողմնակիցներն իշխանության են արդեն 12 տարի, սակայն ոչ ԼՂՀ միջազգային ճանաչումն է տեղի ունեցել, ոչ ազատագրված տարածքներն են ազատագրվել, ոչ Հայաստանի զարգացման բանաձևն է ձևակերպվել:
Կարգախոսներից, բարձրագոչ հայտարարություններից այն կողմ չենք անցել` հրապարակում թողնելով միայն Տեր-Պետրոսյանի մերժված ծրագիրը:
Այսօր էլ քննադատում ենք` առանց այլընտրանք առաջարկելու: