Ծառուկյանը հնչեցրել է սկզբունքը
Լրատվամիջոցները տեղեկացրել էին մայիսի 12-ին կոնյակի գործարանում Գ. Ծառուկյանի հրավիրած փակ հանդիպման մասին, որին մասնակցել են մոտ 70 ճանաչված գիտնականներ և մշակութային գործիչներ: Թեև կազմակերպիչները հրաժարվում են ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել, այնուհանդերձ մեզ հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել:
Գ. Ծառուկյանը հենց սկզբից ձևակերպել է հիմնական սկզբունքը. “Դուք ձևակերպեք խնդիրները, Դուք էլ ղեկավարեք դրանց լուծման ընթացքը: Ես դրա համար ստեղծում եմ բոլոր հնարավորությունները”:
Համագործակցության այս բանաձևը մի պահ լսարանին շոկի մեջ է գցել, տիրել է լռություն, և միայն որոշ ժամանակ անց մասնակիցները սկսել են բաց քննարկումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կետ առ կետ կաշխատեն բարձրացված խնդիրների վրա: Հարցերի մի որոշ շրջանակ Ծառուկյանը լուծել է հենց տեղում` խոստանալով առաջիկա օրերին սկսել դրանց իրագործումը:
Հանդիպման վերջում բոլոր մասնակիցներին Ծառուկյանը առաջարկել է շարունակել քննարկումները կոնյակի սեղանի շուրջ, ավելի անկաշկանդ մթնոլորտում: Քննարկումները տեղափոխվել են այլ դահլիճ և նույնիսկ դրանից հետո շարունակվել նախատեսվածից ավելի երկար: