The Washington Post. Ժողովրդավարությունը վտանգված է Թուրքիայում
Մարտ 12, 2011 | 16:30
Մահմեդական աշխարհի առաջատար ժողովրդավարություն լինելու մասին Թուրքիայի հավակնությունը վտանգված է: Այդ մասին «Թուրքիայի ամբողջատիրական համակարգը` ժողովրդավարության վատ օրինակ» վերնագրով իր խմբագրականում գրում է The Washington Post պարբերականը:
Թերթը մեջբերել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքն այն մասին, որ «հասարակական խիղճը չի կարող ընդունել երկրում տեղի ունեցող որոշ իրադարձություններ, որոնք ստվեր են նետել Թուրքիայի կողմից գրավված դիրքի եւ վարկի վրա»: Գյուլն անդրադարձել էր նախորդ շաբաթ լրագրողների եւ գրողների ձերբակալությունները կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով:
«Գյուլի կողմից հնչեցրած մտահոգությունը վկայում է, որ Թուրքիան դեռեւս հեռու է բռնապետություն դառնալուց, սակայն այն սխալ ուղու վրա է», - գրում է թերթը եւ միաժամանակ նշում. «Իրական իշխանությունը, սակայն, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքում է, որը, կարծես, անհանգստացած չէ լրատվամիջոցների դեմ իրականացվող բռնություններով»: