Պետությունը չի կառուցում, անհատ քաղաքացուն էլ խոչընդոտում է...
Երևանում ամեն քայլափոխի կարելի է շինհրապարակ տեսնել. հնարավոր և անհնար բոլոր տարածքները օգտագործվում են բազմաբնակարան շենքեր կառուցելու համար: Սրա հակադիր ծայրահեղությունն է մարզերում. այստեղ էլ ընդհանրապես բնակարանաշինություն չի իրականացվում, կարծես այդ տարածքներում մարդ չի ապրում, նոր ընտանիքներ չեն կազմվում:
Բացառություն չէ նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը, որտեղ մարդիկ բավարարվում են ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած բնակֆոնդով: Սակայն, մյուս կողմից, նոր ընտանիքներ են կազմվում, որոնց նոր բնակարան է հարկավոր: Նման պարագայում լուծում է դառնում սեփական տունը անձամբ կառուցելը: Խորհրդային տարիներին էլ մարդկանց հիմնական մասն այդպես է վարվել, ցանկացած միջին տարիքի մարտունեցի կհիշի, թե ինչպես է մանուկ հասակում մասնակցել իրենց տան շինարարությանը: Ըստ ՀՀ «Քաղաքաշինության մասին օրենքի», սակայն, բնակիչը անձամբ շինարարություն իրականացնելու իրավունք չունի. շինարարություն կարող են կատարել միայն լիցենզավորված ընկերությունները կամ մասնագետները:
Մարտունիում լիցենզավորված շինարար գտնելը բարդ խնդիր է. որակյալ շինարարներ շատ կան, որոնք, սակայն, չեն լիցենզավորվում, քանի որ մշտական գործ չունեն, իսկ տարեկան 1-2 պատվերի դեպքում լիցենզավորումը ձեռնտու չէ: Փոխարենը կա երկու լիցենզավորում ունեցող շինարարական ընկերություն, որոնց հետ պայմանագիր կնքելու դեպքում շինարարությունը առնվազն 40 տոկոսով թանկ կարժենա (եթե մրցակցություն լիներ, գուցե նման իրավիճակ չլիներ): Խնդրի տնտեսական կողմը նաև ծանր է բնակիչների համար. շատերը ամիս-ամիս գումար են հավաքում` շինարարությունը շարունակելու համար:
80-ամյա Ռազմիկ պապը զարմանում է, երբ լսում է, թե անձը չի կարող իրականացնել իր տան շինարարությունը. «Իմ տունն էլ եմ ես շարել, նայի, թաղում ինչքան տուն տեսնում ես, ես եմ շարել, բոլոր հարազատներիս տներն էլ: Ինչո՞վ են պակաս որ: Ցանկացած երկրաշարժի էլ կդիմանան ու դիմացել են»:
«Մենք երեխեքով մասնակցել ենք մեր տան շինարարությանը` օգնել ենք վարպետին: Իսկ շենքի ծածկը հայրս ու մայրս են կապել` առանց որևէ վարպետի»,- հիշում է մարտունեցի 46-ամյա Էմման ու հավելում, որ ժամանակը ցույց է տվել` իրենց կառուցած տունը ոչնչով չի զիջում մասնագետի կառուցածին:
Լիցենզավորված շինարարի օրինական պահանջի մասին շատ մարտունեցիներ վերջերս են տեղեկացել, երբ Քաղաքաշինական պետական տեսչության մարզային տեսուչը փորձել է տուգանել քաղաքացիներից մեկին, որը, ունենալով օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերն ու թույլտվությունները, շինարարություն է սկսել: «Հիմնային աշխատանքները կատարելուց հետո ստուգման եկավ տեսուչ Ավետիք Ավետիսյանը: Նրանից էլ տեղեկացա, որ քաղաքացին անձամբ շինարարություն կատարելու իրավունք չունի»,- պատմում է Մարտունու բնակիչը, որ չցանկացավ բացահայտել իր անունը` վախենալով հետագա բարդություններից: Նրա խոսքով` հետագայում արդեն շինարարական ընկերության հետ է պայմանագիր կնքել` շինարարական աշխատանքները շարունակելու համար: Այս անգամ էլ տեսուչը նոր խախտում է գտել. «Տուգանք գրեց, թե արմատուրաները ժանգոտ են, ու հեռացավ: Ի՞նչ է, որ տուգանքը մուծեցի, էլ ժանգոտ արմատուրան շինարարությանը չի խանգարում»,- հարց է բարձրացնում նա: (Օրենքով, սակայն, տուգանք վճարելը շինարարություն իրականացնողին չի ազատում խախտումը վերացնելու պարտավորությունից, ինչի մասին տեսուչը չի զգուշացրել` գուցե հետագայում էլի գումար վաստակելու տեղ թողնելով Քաղաքացու կարծիքով` տեսուչի նպատակն է եղել ինչ գնով ուզում է լինի, տուգանք գրել. «Որ շեֆերի հետ քավոր-սանիկ չեմ, ուզում եմ օրենքի շրջանակներում գործել ու իմ արդար վաստակով կառուցել, ուրեմն ով հասնի, պիտի տուգանի` աչք փակելով այլոց արարքների վրա»:
Ճարտարապետ Բորիս Քոչարյանը, սակայն, զարմանում է, թե ինչպես կարող էին շինարարությունը սկսելուց հետո միայն բացահայտել, որ շինարարները լիցենզիա չունեն, քանի որ օրենքով սահմանված կարգով շինարարությունը սկսելուց առաջ կառուցապատողն այդ մասին իրազեկում է վերահսկող մարմնին` լրացնելով 5-րդ ձևը, որում նաև նշվում է շինարարություն իրականացնող կազմակերպության լիցենզիան և անվանումը: «Եթե չկա լիցենզավորված շինարար, այդ շինարարության մեջ ինչ ասես կարող է լինել: Կարող է և՛ արմատուրան ժանգոտ լինել, և՛ բետոնը` նորմատիվային պահանջներին անհամապատասխան և այլն»:
Անդրադառնալով լիցենզավորված շինարարների պակասին` ճարտարապետը նշում է, որ դա դառնում է տնտեսական խնդիր, ինչը պետք է քննարկել, վերլուծել ու լուծումներ գտնել. «Օրենքը նման դեպքերի համար բացառություններ չունի: Խնդիրը պետք է դառնա մարզի քաղաքաշինության վարչության, տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրը»:
Քոչարյանը նշում է, որ լիցենզավորումն անհրաժեշտություն է երկու պատճառով: Նախ` առանց լիցենզավորման հնարավոր չի լինի վերահսկել շինարարի աշխատանքի որակը: Բացի այդ, լիցենզիան շինարարին հարկային դաշտ է բերում որպես տնտեսվարող սուբյեկտի, և նա հարկային վճարումներ է կատարում: Ճարտարապետի կարծիքով, օրենքում փոփոխության խնդիր չկա, հետընթաց էլ պետք չէ կատարել, քանի որ մեկ հետընթաց քայլին կհաջորդի երկրորդը, երորրդը: Պարզապես պետք է առկա տնտեսական հիմքեր ունեցող խնդրին տեղում լուծում գտնել:
Անդրադառնալով տեսուչի աշխատանքի թերի կողմերին` Քոչարյանը նշում է, որ տեսուչի աշխատանքի գնահատման չափանիշներից մեկն էլ գումարի հավաքումն է, մինչդեռ եթե շինարարության անհրաժեշտ ծավալ չկա, կամ տեսուչը ինչ-ինչ հանգամանքերով կախում ունի այլ շինարարություն իրականացնողներից և չի կարող նրանց տուգանել, մնում է մի բան. գտնել ինչ-որ մեկին ու տուգանել:
Իսկ տեսուչի աշխատանքը կարգավորելու համար, ըստ Քոչարյանի, պետք է դառնալ նորմալ հասարակություն, փոխել մտածողությունը: Իսկ մինչ հասարակության փոխվելը կան նաև վարչական մեխանիզմներ տեսուչի աշխատանքը կարգավորելու համար. տեսուչին վերահսկում են թե՛ տարածքի իշխանությունները, թե՛ քաղաքաշինական պետական տեսչությունը: