ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 8, 2007թ.
Հանդիպում 300 երիտասարդների հետ
Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբով ժամանեց Բոսթոն, ուր երեք օրերի ընթացքին մասնակցեց մի շարք միջոցառումների և արարողությունների:
Վեհափառ Հայրապետը Վոթերթաունի Սուրբ Հակոբ եկեղեցում հանդիպում ունեցավ մանուկների հետ: Կիրակի Քեմբրիջի Սուրբ Երրոդություն եկեղեցում մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ: Նորին Սրբությունն այցելեց նաև Քենեդու գրադարան, եղավ Ամերիկայի թանգարանում: Այս օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կկատարի նաև Բոսթոնից հյուսիս գտնվող Հայ Փոյնթեում կառուցվող հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, կայցելի Հոլոքոսթի հուշահամալիր:
Ուրբաթ երեկոյան Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ 18-45 տարեկան բոստոնաբնակ երեք հարյուր հայորդիների հետ: Հայոց Հայրապետի այցի առիթով կազմակերպվել էր հանդիսություն, որի ընթացքին երիտասարդները հանդես եկան երաժշտական կատարումներով և ասմունքով: Մի քանի գեղեցիկ համարներ ներկայացրեց Բոսթոնի ՙՍայաթ-Նովա՚ պարային համույթը:
Հանդիսության ընթացքին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը երեկույթի մասնակիցներին ներկայացրեց Ամենայն Հայոց Հայրապետին, ապա շնորհակալություն հայտնեց հայորդիներին իրենց մասնակցության համար այս կարևոր հանդիպմանը. ՙԴուք ճշմարտապես վկայում եք ձեր հավատի մասին` կատարելով ձեր ընտրությունը և ձեր մասնակցությամբ արտահայտելով ձեր սերն ու հարգանքը ձեր հավատի, Եկեղեցու և մեր սիրեցյալ Հայրապետի հանդեպ՚: ՙՆորին Սրբության Հովվապետական այցն անց է կացվում ՙՀովվական ճամփորդություն - հավատը` մեր հարկերին՚ կարգախոսի ներքո: Ինչպես տեսնում եք, Նորրին Սրբությունը սիրում է իր զավակներին և ցանկանում է լսել ձեր մտահոգությունների, կարիքների և ակնկալիքների մասին: Ձեր ներկայությունն այստեղ հնարավորություն է ընձեռում Վեհափառ Հայրապետին լսելու ձեզ, ավելին ճանաչելու և սիրելու ձեզ՚,- նշեց Սրբազան Հայրն իր խոսքում:
Հանդիսության ավարտին իր պատգամը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր գնահատանքն ու օրհնությունը հայտնելով նրանց խանդավառության ու բացառիկ ընդունելության համար: ՙՁեր խանդավառությունը մեծապես ներշնչել է մեզ և մեծ բերկրանք պարգևել մեր հոգուն: Սա պտուղն է ձեր ծնողների և ձեր հոգևոր հովիվների, ովքեր ջանացել են կրթելու ձեզ իբրև հավատարիմ զավակներ մեր Մայր Եկեղեցու՚, - նշեց Նորին Սրբությունը` կարևոր նկատելով հայոց քրիստոնեական հավատի առկայությունն իրենց կյանքում և հրավիրելով բոլոր հայորդիներին` իրենց հավատին հավատարիմ ապրել: ՙԿիրակի, երբ ձեզ հետ միասին մասնակցում ենք Սուրբ Պատարագի, մենք վկայում քրիստոնեական մեր հավատն ու ժառանգությունը, որ 1700 տարի շարունակ մեզ են փոխանցել մեր հայրերը և մայրերը: Մոտեցեք Աստծուն, սիրեցեք ձեր Եկեղեցին, եղեք հավատավոր ամերիկացիներ և երբեք մի մոռացեք ձեր հայ քրիստոնեական ինքնությունը` այն բելերով ձեր հարկերից ներս իբրև անբաժանելի մաս ձեր ամենօրյա կյանքի՚, - ասաց Հայոց Հայրապետը:
30-օրյա Հովվապետական այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելելու է ԱՄՆ 13 նահանգների 18 քաղաքներ:
###
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 8, 2007թ.
Ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
Հոկտեմբերի 6-ին Բոսթոնի Ֆեյրմոնթ Քոփլի հյուրանցում տեղի ունեցավ ճաշկերույթ ի պատիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, որին մասնակցում էին շուրջ 350 հյուրեր: Երեկույթի ընթացքին Նորին Սրբությանը ողջունեցին Բոսթոնի Հույն Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիտ Մեթոդիոսը, Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Բոսթոնի թեմի կարդինալ Շոն Օ’ Մելլին և Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ, ԱՄՆ Արևելյան թեմի թեմական խորհրդի գանձապահ պրն. Ջեյմս Գալուստյանը, ով հանդիսանում է հովվապետական այցի կոմիտեի նախագահը, Նյու Ինգլանդ նահանգի` հովվապետական այցի կազմակերպիչ տարածքային կոմիտեի նախագահ պրն. Հայկ Դերանյանը: Իր խոսքում Պրն. Գալուստյանը նշեց. ՙՀայ քրիստոնեական ոգին և հոգին կենդանի են Ամերիկայի հայորդիների մեջ: Մենք ողջունում ենք Ձեզ և աղոթում, որ Տերը շարունակ ձեզ շնորհի ուժ, իմաստություն և քաջառողջություն, որպեսզի իրականացնեք Տիրոջ կամքը հանուն մեր սիրեցյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայ Առաքելական Եկեղեցու և Ձեր սիրելի զավակների՚: Բոսթոնի Հույն Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիտ Մեթոդիոսն իր հերթին գնահատանքի խոսքեր ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հորդորեց ներկաներին հավատարիմ մնալ սեփական ժառանգությանը, ավանդույթներին ու մշակույթին: ՙՀույն և հայ համայնքներն իրենց մեծ ներդրումն ունեն աշխարհի պատմության մեջ: Ես կցանկանայի, որ դուք մաս չդառնայիք ամերիկյան խառնարանի, այլ շարունակեիք մնալ իբրև հայկական խճանկարի մաս, ուր մենք նպաստում ենք այդ ազգի մեծությանը` առանց զոհաբերելու մեր ինքնությունը՚: Կարդինալ Շոն Օ’Մելլին ևս իր բարեմաղթանքներն ուղղեց Նորին Սրբությանը` մասնավորապես ասելով. ՙՁեր Կաթողիկոսը ոչ միայն ձեր հոգևոր առաջնորդն է, այլև ճանաչված է որպես հզոր կրոնապետ ողջ աշխարհում՚: Իր խոսքում նա անդրադարձավ նաև միջեկեղեցական հարաբերություններին` հորդորելով հավաքվածներին հանուն միասնականության աղոթելու անհրաժեշտության մասին:
Այնուհետև ներկաներին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը. ՙԳարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուսերին է հայոց պատմության, քրիստոնեական ժառանգության և ինքնության ողջ ծանրությունը: Սակայն փոխարեն լծի, Վեհափառ Հայրապետը ուրախ և խոնարհ սրտով կրում է այդ պատասխանատվությունը` բոլորիս կոչելով Քրիստոսակենտրոն կյանքի՚: Սրբազանը նշեց, որ Հայրենիքը և ողջ Սփյուռքը Հայոց Հայրապետի առաջնորդությամբ կարող են զորության, հոգևոր առաջնորդության և խոստումնալի ապագայի վստահություն ունենալ՚:
Այնուհետեւ ներկաներին իր պատգամն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը: ՙՄեր երկիրը և պատմությունը կրում են վկայությունը Աստծո խնմաքի և հոգածության մասին: Մեծ ջրհեղեղից հետո Աստված Արարատ լեռան ստորոտում վերահաստատեց մարդկության կյանքը, և այդ նույն սրբազան վայրում Նա ուխտ կապեց արդար Նոյ նահապետի հետ` Աստծո և մարդու միջև առաջին ուխտը: Հետագային Աստված մեր ժողովրդին մեկ անգամ ևս շնորհեց Միածին Որդու Էջքը, և հայոց հողի վրա Իր ընտրյալ ազգի` առաջին քրիստոնյա ազգի համար հաստատեց աղոթքի Իր տունը՚, - նշեց Նորին Սրբությունը:
###
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 9, 2007թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բոստոնում ծաղկեպսակ դրեց Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
Հոկտեմբերի 8-ին Բոսթոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձան` իր հարգանքի տուրքը մատուցելու Հոլոքոստի զոհերի հիշատակին: Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցում էին Բրուքլինի Բեթ Զիոն տաճարի հովիվ Ռաբբի Մոշե Ուոլդոկսը, Նյու Ինգլանդի լիգայի տարածքային ղեկավար Էնդրյու Տերսեյը և ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը ծաղկեպսակ զետեղեց, ապա Նորին Սրբությունը և Ռաբբի Մոշե Ուոլդոկսը աղոթեցին նահատակների համար` աղերսելով Աստծուն, որ նման ոճրագործություններ այլևս տեղի չունենան ոչ մի ազգի կյանքում: Երկու հոգևոր առաջնորդները մտահոգություն հայտնեցին, որ այսպիսի դաժանությունների ճանաչումը, դատապարտումը և կանխումը լինի հաստատուն, հատկապես Դարֆուրի ժողովրդի համար, որոնց հանդեպ այժմ ցեղասպանություն է իրականցվում:
Ռաբբի Ուոլդոկսին Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նաև հուշարձանի յուրաքանչյուր տարրի բացատրությունը` վերհիշելով, որ հրեաներն ունեն իրենց նշանակալի ներդրումը մարդկության պատմության և մշակույթի մեջ և որքան հաճախ են նրանք արյունահեղության և անհանդուրժողականության ենթարկվել:
Հոլոքոստի հուշարձանի տարածքում շրջելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունը հայտնեց պրն. Էնդրյու Տերսեյին` դատապարտելու համար բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են ընդունել Հայոց ցեղասպանությունը` բարոյապես աններելի նկատելով այդ մոտեցումը: Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց նաև Ամերիկայի հրեական համայնքի նախկին նախագահ պրն. Ջեյմս Կոֆմենին` մարդկության բարօրությանն ուղղված նրա ներդրումների համար:
ՙՄեզ համար մեծ պատիվ է, որ Նորին Սրբությունը եկել է հարգանքի տուրք մատուցելու Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակին: Մենք բարձր ենք գնահատում Հայոց Հայրապետի միասնականության դրսևորումը և ցանականում ենք, որ նա գիտենա, որ մենք նրան և հայ ժողովրդի հետ ենք. մի ժողովուրդ, որ տառապել է և 1915-1918 թթ. դաժան Ցեղասպանության ընթացում 1,5 միլիոն զոհ է տվել՚- ասաց պրն. Կոֆմենը:
Այցի ընթացում ներկա էր նաև Ամերիկայի Հայկական Համագումարից պրն. Էնթոնի Պարսամյանը:
###
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 9, 2007թ.
Կարդինալ Շոն Օ’Մելլին և Մասաչուսեթս նահանգի Եկեղեցիների խորհուրդը
ճանաչում են Հայոց ցեղասպանությունը և խրախուսում Բոսթոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցումը
Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին հյուրընկալվեց Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Բոսթոնի թեմի արքեպիսկոպոս կարդինալ Շոն Օ’Մելլիի կողմից: Հանդիպմանը ներկա էին նաև այլ հոգևոր առաջնորդներ և Մասաչուսեթսի Եկեղեցիների խորհուրդի անդամներ:
Մասաչուսեթսի Եկեղեցիների խորհուրդը բաղկացած է 17 Ուղղափառ և Բողոքական Եկեղեցիներից: Դիտորդի կարգավիճակով Խորհուրդի աշխատանքներում մասնակցություն ունի նաև Հռոմի Կաթոլիկ Եկեղեցին:
Հանդիպմանը Խորհուրդի գործադիր տնօրեն Հայր Ջեք Ջոնսոնը ընթերցեց հետևյալ բանաձևը`
ՙՄասաչուսեթս նահանգի Եկեղեցիների խորհուրդը հաստատապես ճանաչում է 1915թ. ապրիլի 24-ից մինչև 1923թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում Օսմանյան Կայսրությունում 1.5 միլիոն հայեր բնաջնջման ենթարկվեցին, և Փոքր Ասիայում իրենց նախնյաց երկրից վտարվեց գրեթե ողջ հայ բնակչությունը: Հայոց Եղեռնը ցեղասպանության ժամանակակից առաջին դեպքն էր, որը պետության քաղաքականությունն էր...
Մասաչուսեթսի Եկեղեցիների խորհուրդը վճռում է`
1. Դիմադրել և կշտամբել Ցեղասպանությունը հերքողներին