Մարդու օրգանիզմը յուրահատուկ կառուցվածք է, նրա ամենօրյա գործունեությունն ապահովվում է փոխկապակցված մեխանիզմների մի ամբողջ համակարգի կողմից: Իսկ որպեսզի այդ գործունեությունը լինի անխափան, պետք է օրգանիզմի մշտական սնուցում` քուն: Այսինքն` մի վիճակ, որի ընթացքում վերականգնվում են էներգիայի պաշարները և օրգանիզմն ազատվում է կենսագործունեության ավելորդ նյութերից:
Քնի ժամանակ օրգանիզմի կենսաապահովման բոլոր համակարգերի աշխատանքը դանդաղում է` նյութափոխանակությունը հասնում է ակտիվության ամենացածր աստիճանին, արյան ճնշումն ընկնում է, սրտի զարկերի հաճախությունը նվազում է, նյարդային համակարգի զգայունությունը լույսի, ձայնի և նույնիսկ ցավի նկատմամբ` թուլանում, երբեմն խախտվում է նաև շնչառության բնականոն ռիթմը: Բացի դրանից որոշ գիտնականներ պնդում են, որ մեր ուղեղն օգտագործում է քնի ժամանակահատվածը ավելորդ էլեկտրականությունից ազատման և հիշողության համակարգի մաքրման համար:
Ըստ վիճակագրության` նորածինը միջին հաշվով քնում է օրական 20 ժամ, որը, որպես կանոն, բաժանվում է կերակրման ընդմիջումով բաժանվող 3-4 մասի: Տարիքի հետ մեծանում է երեխայի ստամոքսը, հետևաբար` նաև կերակրման ժամանակը, և քնին հատկացվող ժամանկը աստիճանաբար պակասում է: Արդեն 1 տարեկան երեխան քնում է 12 ժամ գիշերը և միայն մի քանի ժամ ցերեկը:
Հասուն մարդը քնում է միջինը 8 ժամ: Սակայն հարկ է նշել, որ այդ ժամանակը խիստ անհատական է յուրաքանչյուր մարդու համար: Կարևորն այն է, որ քնից հետո մարդն իրեն զգա բավականաչափ հանգստացած: Ընդունված է համարել,որ տարեց մարդկանց ավելի քիչ ժամանակ է հարկավոր քնի համար, բայց դա միշտ չէ այդպես: Կասկած չի կարող լինել, որ իրականում տարեց մարդկանց շատ խնդիրներ` ֆիզիկական կամ հոգեբանական, առաջ են գալիս հենց անբավարար կամ խանգարված քնի պատճառով: Եվ սա նման է փակ շրջանի. չէ որ քնի խանգարումը հենց ֆիզիկական և հոգեբանական խնդիրների արդյունք է :