Հանձնեք տարածքները` հասարակությունը ձայն չի հանելու
13:26 Yerevan | 9:26 GMT | Tuesday 19 June 2007
Նորայր Նորիկյան
http://www.zhamanak.com/article/6547/
Երբ հաղթած պետության բանակի գեներալները զբաղված են ընդամենը փող դիզելով ու վերածվում են կամուֆլյաժ հագած օլիգարխների, երբ հաղթած պետության էլիտար մտավորականությունը զբաղված է ընդամենը «պապլավոկում» ջազ լսելով, երբ չքավոր մտավորականի անվան տակ թաքնված պնակալեզը դարձել է համմերատերերի հետեւից վազող ու փող մուրող, երբ ուսանողությունը դարձել է ընդամենը բազեների սպառման ռեսուրս, երբ հաղթած պետության դպրոցի ուսուցիչը դարձել է ընդամենը չորս-հինգ տարին մեկ ընտրություն կեղծող ու օրվա իշխանությունը հավերժացնող ընտրական հանձնաժողովի սուբյեկտ, երբ պետության արտաքին քաղաքականությունն ամբողջովին կառուցված է «Մասիս սարը մերն է» հայեցակարգով ու Կրեմլի տիրոջ քմահաճույքով, երբ մի ամբողջ պետության ներքին քաղաքականություն վարվում է բացառապես վարչապետի դաբրոյի մակարդակով, երբ հաղթած բանակիցդ զորացրված երիտասարդը հաջորդ օրն իսկ դառնում է գաղթական ու խոպանչի, երբ պետության Ազգային ժողովը ձեւավորվում է ընդամենը մի քանի օլիգարխի շաղ տված դոլարով, պարզ է, որ Ղարաբաղի հարցը դառնալու է ընդամենը պատրվակ` իշխանությունը վերցնելու եւ ամեն գնով պահպանելու համար:
Ու սրա արդյունքն էլ լինելու է այն, որ պետությանդ վաղվա ջահելը դառնալու է դաշնակի լեզվով ասած` թշվառ հայրենիքի նույնքան թշվառ քաղաքացի, եթե, իհարկե, այդ ժամանակ պետություն ունենաս: Եւ եթե հանկարծ պետությունդ պահպանած էլ լինես, ապա ստեղծված կլինի մի վիճակ, երբ օլիգարխներդ դարձած կլինեն ոչ թե պետության մեջ արդեն իսկ գործող արտոնյալ շերտ, այլ հենց պետություն:
Ու հիմա Քոչարյանը ինչպես միշտ փորձում է տպավորություն ստեղծել, թե իսկապես ուզում է լուծել Ղարաբաղի խնդիրը: Սակայն Ալիեւի հետ ժամանակ առ ժամանակ տարվող բանակցություններն ընդամենը օգտագործում է հասարակության ընկալման մեջ չպարտվողի եւ հողեր չհանձնողի կերպար ստեղծելով: Եւ այս ֆիդայական մտածողությամբ քաղաքականության արդյունքում տարածաշրջանը շարունակում է մնալ ռազմականացված գոտի:
Այնուամենայնիվ, Ղարաբաղի խնդիրը առաջիկա տարիների ընթացքում չի լուծվելու, որովհետեւ Ղարաբաղի հարցը կարող է լուծել բացառապես օրինական ընտրությունների միջոցով իշխանության հասած քաղաքական ուժը, որը դրանով իսկ կստանա ժողովրդի լեգալ մանդատը եւ կցուցաբերի քաղաքական կամք ու պետական մտածողություն: Պատերազմ էլ չի լինելու: Առաջինը, որ աշխարհի տերերը թույլ չեն տա (ամերիկացիք Բաքու-Ջեյհան նավթամուղը չեն կառուցել, որ մի քանի դաշնակ տեռորիստ ռուսական ԿԳԲ-ի դաբրոյով տրաքացնեն այն), երկրորդը` ադրբեջանցի խաներն ու հայաստանցի ֆեոդալները ոչ միայն պատերազմի նպատակ, այլ նաեւ ժամանակ ու հավես չունեն` փող են աշխատում: Ու «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» դիլեման դառնում է պետական քաղաքականության անկյունաքար: Երկիրը կառավարվում է պատմության իներցիայով ու ապագայի` չհիմնավորված ակնկալիքներով: Բայց այս ամենը չի խանգարում, որ բանակցությունների իմիտացիա ստեղծեն, Մեթյու Բրայզայի հայտարարությունները մեկնաբանեն, տարին մեկ անգամ նախագահների հանդիպում կազմակերպեն, արկադիղուկասյանների պայմանավորված ու պլանավորված «առարկությունները» լսեն ու այդպես շարունակ: Արդյունքում խնդիրը մնում է չլուծված, ու պահպանվում է երկու պետությունների իշխանությունների համար ձեռնտու ստատուս քվոն: Այս իշխանությանը դժվար է բացատրել, որ հրադադարը դեռեւս խաղաղության մասին համաձայնագիր չէ եւ ցանկացած պահի միջազգային կամ տեղական պրովոկացիան կարող է դառնալ պետության կործանման սկիզբ:
Հարցի չլուծման ճանապարհը, փաստորեն, դարձավ նույնպես լուծման տարբերակ, եւ Քոչարյանի իշխանության ամբողջ փիլիսոփայությունը կառուցվեց հենց այս տրամաբանության վրա: Թե ինչ շահեց սրանից Հայաստանը, որպես պետություն, մանրամասնելու կարիք չկա: Թեեւ ակնհայտ է. Քոչարյանի տրամաբանությամբ կառավարված Հայաստանը, որպես վստահելի պարտնյոր, կորցրեց իր լրջության ռեսուրսը միջազգային հանրության մոտ, Հայաստանը հարեւան երկրների կողմից շարունակում է ընկալվել որպես ագրեսոր եւ տարածաշրջանում Կրեմլի մահակի դերը ստանձնած երկիր, ժողովրդավարությանը փոխարինելու եկավ հասարակության քաղաքական միտքը տոտալ ոչնչացնելու եւ իրավազուրկ քաղաքացի կերտելու քաղաքականությունը, Հայաստանն ամբողջապես մեկուսացվեց տարածաշրջանային բոլոր ինտեգրացիոն ծրագրերից, դարձավ մի տարածք, որտեղ հասարակությանը կաշառելով կարելի է իշխանության հասնել ու այդ իշխանությունը դարձնել սեփական բարեկեցությունը ապահովելու բացառիկ միջոց: Այլ հարց է, որ այս անդեմ քաղաքականության արդյունքում առաջացած փակուղին ավարտվելու է հերթական ազգային-ազատագրականով ու երիտասարդության նոր կոտորածով: Բայց Քոչարյանենք գտել են սրա տակից դուրս գալու ձեւը եւ միջազգային հանրության մոտ արդարացման նպատակով առաջ են քաշում այն լղոզված թեզ-ֆիկցիան, թե հասարակությունը պատրաստ չէ հարցի լուծմանը, որը ենթադրում է նաեւ որոշ տարածքների վերադարձը Ադրբեջանին: Հարց է առաջանում. հասարակությունը ինչի՞ն պատրաստ չէ` խաղաղությա՞նը, թե՞ տարածքների հանձնմանը:
Չնայած ազնիվ լինելու համար պետք է խոստովանել, որ Քոչարյանը ճիշտ է: Այսօրվա հասարակությունը, ցավոք, այլեւս ոչ մի բանի պատրաստ չէ: Հայաստանի այսօրվա հասարակությունը զրկված է ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին բացասական ազդակներին դիմագրավելու եւ հետ մղելու իմունիտետից, որովհետեւ հասարակության մեջ սպանված է քաղաքական միտքը, ինքնապաշտպանության բնական բնազդը: Այսօրվա հասարակության թիվ մեկ զենքը դարձել է անտարբերությունը, եւ նա դրանով դարձել է անպարտելի:
Եւ եթե մի հասարակություն այս տասը տարիների ընթացքում հանդուրժում է ամբողջապես կեղծված թվով վեց համապետական ընտրություն եւ սահմանադրական հանրաքվե, հանդուրժում է հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտումը, հանդուրժում է, որ տարբեր քաղաքապետներ, պատգամավորներ, նախարարներ եւ վերջիններիս լկստված բալեքը օրումեջ ավտոմատով «ռազբորկեք» անեն ու սպանելուց հետո էլ անպատիժ մնան, հանդուրժում է, որ իրեն 5000 դրամով գնեն եւ դրա համար արդարացում գտնի, թե իրենից թալանածն է հետ վերցնում, հիմա այդ ի՞նչ պիտի լինի, որ Սերժի հայրենիքը չհամարվող Աղդամը հանձնելու դեպքում հասարակությունը ձայն հանի:
Վարչապետ Սերժ Սարգսյանին նախագահ դարձնելու նպատակով միջազգային դաբրո կորզելու եւ Ձեր իշխանությունը հավերժացնելու համար այդ տարածքները վստահաբար հանձնեք, միեւնույնն է` հասարակությունը ձայն չի հանելու: Հա, մոռացա նշել. ժամանակն է արդեն Նաիրի Հունանյանին ներում շնորհելու: