348 - 439
4-5 դդ. եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ: Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից: Որդին է Ներսես Մեծ հայրապետի և Վարդան Մամիկոնյան իշխանի դուստր Սահանդուխտի: Ծնվել է 348 թ.: Ստացել է բազմակողմանի կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի բարձրակարգ դպրոցներում: Փայլել է օտար լեզուների (հունարեն, ասորերեն, պարսկերեն) իր իմացությամբ: Եպիսկոպոս ձեռնադրևելով՝ 60 աշակերտներով կրոնավորել է Վաղարշապատում, ծավալել հոգևոր-մշակութային գործունեություն: 387 թվականից եղել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Խոսրովի գահընկեզ լինելուց և աքսորվելուց հետո ինքը ևս զրկվել է հայրապետական աթոռից (389թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում: Հետագայում ևս, պարսից Վռամ 5-րդ արքայի կողմից, ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման: Մահացել է իր ծննդյան օրը, նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում:
Անգնահատելի է Սահակ Պարթևի ծառայությունը հայոց գրերի ստեղծման, հայալեզու դպրոցի հիմնադրման և ազգային գրավոր մշակույթի ձևավորման ու զարգացման գործում: Նա եղել է պարագլուխը ավագ թարգմանիչների, ծրագրավորած ուղղություն տվել նրանց հսկայածավալ աշխատանքին՝ բացառիկ դեր կատարելով Աստվածաշնչի, եկեղեցու սուրբ հայրերի ստեղծագործությունների, եկեղեցական-արարողական գրականության թարգմանության բնագավառում: Սահակից պահպանվել են կանոնական գրվածքներ և թղթեր: Մեծ է նրա ներդրումը շարականագրության մեջ: