Հայերեն Նաիրի Զարյան
Ինչու՞ չես խոսում հայերեն...
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Հոնքերդ հպարտ ու կամար՝
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար:
Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց
Հայացքդ մաղում է ամառ.
Հայքից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար...
Իջնում ես հայոց լեռներեն
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նայացքդ այնպես նաիրյան
Հմայքն այնպես հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու իմ լոր,
Զնգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն: