Համաձայն Աստվածաշնչյան հայտնի պատմության, Հայաստանը հանդիսանում է խաղողագործության և գինեգործության օրրանը:
Բիբլիական Արարատի մերձակայքում գտնվող Ուրարտական Արին - Բերդ, Կարմիր Բլուր, Թեյշեբանի, Էլար - Դարանի քաղաքներում կատարված հնագիտական պեղումների արդյունքում գիտականորեն ապացուցված է, որ հայերի նախնիների մոտ գինեգործությունը գտնվում էր բարձր մակարդակի վրա:
Ավելի ուշ ժամանակաշրջանի հին հունական պատմիչներ Հերոդոտոս Հալիկարնասցին, Քսենոֆոն Աթենացին և Ստրաբոնը հավաստիապես վկայում են այն մասին, որ մոտ երկուսուկես հազարամյակ առաջ Հայաստանից այլ երկրներ էին արտահանվում բարձրորակ գինիներ: Քսենոֆոնը, մասնավորապես, ընդգծում է, որ հայկական գինիները բարձրորակ էին, հնեցված և տարբեր տեսակների:
Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887 թվականին, առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանի կողմից, Երևանում իր իսկ կառուցած առաջին գինու-օղու գործարանում: Սպիրտի թորումն իրականացվում էր կոնյակի դասական տեխնոլոգիայով. առաջինը Երևանի գործարանն էր, որ սարքավորվեց շարանտական տիպի երկու թորման սարքերով և ուներ կոնյակի սպիրտ հնեցնելու համապատասխան տարածքներ և պայմաններ, այն դեպքում երբ Հայաստանի այլ կոնյակի գործարանները կրում էին տնայնագործական բնույթ:
Արդյունքում գործարանը փոխանցվում է Ռուսաստանում հայտնի «Н.Л.Шустов с сыновьями» ընկերությանը, որից հետո հայկական կոնյակը սկսեցին մատակարարել ռուսական ցարի արքունիք: Միջազգային ցուցահանդեսին հայկական կոնյակները սկսեցին նվաճել ոսկե մեդալներ և Գրան – Պրիներ:
1920 թվականին բոլոր գինու, կոնյակի գործարանների ազգայնացման ժամանակ առաջինը պետական սեփականություն է դառնում հենց Երևանի գործարանը: 1953 թվականին կոնյակի գործարանը տեղափոխվում է նոր շենք և վերանվանվում որպես Երևանի կոնյակի գործարան: Այս ժամանակակից սարքավորումներով հագեցած գործարանում են մինչ այժմ արտադրվում հայկակական հայտնի ԱՐԱՐԱՏ կոնյակները: