ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության վերադառնալու դեպքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կհեռանա Հայաստանից: ''Ես ներողություն կխնդրեմ ֆուտբոլային հասարակությունից, հրաժարական կտամ և կհեռանամ Հայաստանից: Դուք չեք պատկերացնում, թե ժամանակին նա ինչ է արել իշխանությունում'',- ասաց Հայրապետյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա Տեր-Պետրոսյանին մեղադրում է նաև զինամթերքի վաճառքով զբաղվելու մեջ և վստահեցնում, որ դատարանում կարող է ապացուցել ՀՀ առաջին նախագահի մեղավոր լինելը: ''Բոլորդ գիտեք` ովքեր են զբաղվել զինամթերքով. Լևոն Տեր-Պետրոսյանը և իր ''ոհմակը''…. ովքեր են զբաղվել թմրաբիզնեսով.... Գնացեք Ավան հարցրեք, թե ոնց եմ վարվում թմրադեղերով զբաղվողների հետ'',- ասաց Հայրապետյանը:
Անդրադառնալով ''Հայկական Ժամանակ'' օրաթերթի դեմ իր կողմից դատարան ներկայացված հայցին` ասաց. ''Դիմում եմ բոլորիդ. ի՞նչ կանեք դուք, երբ Ձեր անձի մասին հերյուրանքներ տպագրեն` նշելով, թե ծանր հանցագործություններ եք գործել, զբաղվել եք թմրանյութերի վաճառքով….: Պահանջել եմ հերքում, նրանք հրաժարվել են: Գրում են, որ ես ծեծել եմ ոստիկանապետին: Գրում եմ՝ հերքում տպեք, հրաժարվում են….: Դիմում ենք դատարան'':