Պառավի հորթը
Ձյուն է գալիս փաթիլ-փաթիլ,
Հետն էլ անձրև կաթիլ- կաթիլ.
Այս միջոցին մի պառավ կին
Հորթ էր փնտրում դաշտի միջին:
Կովը եկավ տավարիցը,
Կուրծ ու ծըծեր կաթով լիքը.
“Հորթուկս ու՜ր է”,- նա բառաչեց,
Խեղճ պառավին լացացըրեց:
Մինչդեռ այսպես պառավ ու կով
Ողբում էին լաց ու կոծով,
Հանկարծ լսվեց մի բարակ ձայն,
Կովն իմացավ, որ հորթն է այն:
Կովը վազեց բառաչելով,
Պառավը ետքից տընքտընքալով,
Կորած հորթը մորը գտավ,
Լիքը ծըծերը բերանն առավ:
Ծըծեց բոլոր կաթն ու տկզեց,
Տանտիկնոջը բան չըտողեց.
Բայց պառավը այս անգամին
Սիրով ներեց չար հորթուկին: