2007-04-25
Զարոբյանի մասին հուշերից
Նա համոզեց Լ. Բրեժնեւին ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր եւ կառուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:
1965-ի ապրիլի սկզբներին Զարոբյանը հանդիպեց Լ. Բրեժնեւի հետ՝ Հայոց եղեռնի կեսդարյա տարելիցը պետականորեն նշելու հարցը քննարկելու համար։ Նա իր հետ տարել էր այդ մասին պատմող փաստագրական նյութեր: Զարոբյանը մեջբերեց արտասահմանյան մի շարք թերթերում այդ օրերին լույս տեսած նյութերը Եղեռնի մասին: Խորհրդային Միության Կոմկուսի կենտկոմի գերագույն գլխավոր քարտուղարը ոչ միայն զայրացավ, այլեւ նույնիսկ սպառնաց.
«Յակով Նիկիտիչ, բավական է: Ամեն անգամ տարբեր հին պատմություններով մեր աշխատանքներին խանգարում եք»: Սակայն զգալով, որ շատ կոպիտ հնչեց իր խոսքը, որոշեց իր վրայից գցել ողջ պատասխանատվությունը. «Դե լավ, որպեսզի միանգամից վերջ տանք այդ հարցին, թույլ եմ տալիս վաղը Կենտրոնական կոմիտեի բյուրոյի նիստում զեկուցիր, որոշենք, վերջ տանք, մեկընդմիշտ փակենք այդ հարցը»:
Դժվար չէ պատկերացնել Զարոբյանի հոգեկան վիճակն այդ գիշեր, հյուրանոցի իր սենյակում, երբ պատրաստում էր ելույթի նոր տարբերակ՝ արդեն հաշվի առնելով սպասվող մերժումը: Նրա մտքում մեկառմեկ պատկերվում էին Խորհրդային Միության Կոմկուսի կենտկոմի բյուրոյի անդամները... Բյուրոյի նիստը առավոտյան ժամը 9-ին էր, եւ Զարոբյանը հյուրանոցի նախասրահում գնած «Պրավդա» թերթն ընթերցելու ժամանակ էլ չուներ, բայց ճանապարհին, մեքենայի մեջ հանկարծ մի հաղորդագրություն ընկավ աչքին՝ Անկարայում հարձակում են գործել ԽՍՀՄ դեսպանատան վրա, կային նաեւ զոհեր: Մի՞թե Աստված որոշեց միջամտել Հայոց հարցին...
Պատրաստած զեկուցման նախնական տարբերակը վայրկենապես քանդվեց: «Պրավդայի» հաղորդագրությունն այլ ուղղություն էր թելադրում:
Բյուրոյի նիստը սկսվեց ճիշտ ժամին եւ անմիջապես ելույթի համար խոսքը տրվեց Զարոբյանին: Նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը եւ կանգ առնելով Թուրքիայի ներկա իշխանությունների դիվանագիտության վրա, հիշեցրեց.
«Չի եղել պատմական մի ժամանակ, որ Թուրքիան կանգնած լինի Ռուսաստանի կողքին, մոտ լինի նրան»:
Բրեժնեւը ընդհատեց Զարոբյանին՝ «Հիմա թուրքերը մեզ շատ մոտ են, մեր հարաբերությունները բարիդրացիական են»:
Զարոբյանն անխոս Բրեժնեւին մեկնեց «Պրավդան»:
Բյուրոյի նիստն ընդհատվեց:
Գլխավոր քարտուղարը հրամայեց զեկուցել իրավիճակի մասին։ Այնուհետեւ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: Նիստի շարունակությունը եղավ այն, որ հավանություն տրվեց Յա. Զարոբյանի ներկայացրած նախագծի չորս կետերից առաջին երեքին՝ 1. Երեւանի օպերային թատրոնի դահլիճում ապրիլի 24-ին հրավիրել սգո հանդիսավոր նիստ, 2. Ապրիլի 24-ը պետականորեն հռչակվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, 3. Երեւանի Ծիծեռնակաբերդ կոչվող բարձունքում ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող կոթողի կառուցում:
Որպես սգո նշան Երեւանի Վ. Ի. Լենինի անվան հրապարակում ապրիլի 24-ին պետական դրոշի խոնարհմանը վերաբերող վերջին կետը հանվեց Բրեժնեւի պահանջով՝ այդպիսի օրվա կապակցությամբ Լենինի անունը կրող հրապարակում հարմար չէ սգո դրոշ իջեցնել:
Իսկ Երեւանում ապրիլի 24-ին հոծ բազմությունը պարզած «Ետ տվեք մեր հողերը», «Ճանաչել ցեղասպանությունը» եւ այլ կարգախոսներով պաստառներ, Լենինի անվան հրապարակից շարժվեց դեպի Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի շենք:
Ցուցարարները երեկոյան դարձյալ հավաքվեցին Օպերայի եւ բալետի պետական թատրոնի հրապարակում: Չգիտես ում «հանճարեղ» գյուտն էր ջրի ուժեղ շիթ ուղղել բազմության վրա: Դա զայրացրեց եւ լցրեց հուզված բազմության համբերության բաժակը, եւ նա գրոհեց: Շենքի բարձրադիր լուսամուտների ապակիները շրխկոցով թափվեցին՝ նաեւ ներսում առաջացնելով խուճապ եւ զայրույթ: Պարզ է, որ մոսկովյան լրագրողներն անպատասխան չթողեցին այս դիպվածը եւ հայաստանյան անվտանգության ծառայությունների այդ փոքրիկ արկածը Մոսկվային ներկայացվեց որպես «հարձակում Հայաստանի կոմկուսի կենտկոմի վրա», խուլիգանական տարրերի խժդժություն:
Գուցե դա էլ չէր իսկական պատճառը, բայց հետեւանքը եղավ այն, որ Յա. Զարոբյանին անմիջապես ազատեցին Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից...
Ռ. Գ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ Երեւանի մենեջմենթի համալսարանի ռեկտոր