ՙՔրիստոս յարեաւ ի մեռելոց
մահուամբ զմահ կոխեաց
Եւ Յարութեամբն իւրով
Մեզ զկեանս պարգեւեաց՚
Շարական
Ապրիլի 8-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին մեծ շուքով նշում է մեր տոնական տարվա թագ ու պսակ Ս. Զատիկը` Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Սա մեր Եկեղեցու հինգ գլխավոր` Տաղավար տոներից մեկն է և շարժական լինելով` միշտ նշվում է գարնանային գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը: Այսպիսով այն տեղաշարժվում է մարտի 21-ից մինչև ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում` ըստ այդմ էլ հիմք դառնալով մեր տոնացույցի մյուս շարժական տոների համար:
Զատիկ բառը վերջնականապես ստուգաբանված չէ և տարբեր մեկնաբանություններեշով կապվում է զատել, ազատություն, հատիկ (զհատիկ), զենում և այլն բառերի հետ: Հին Ուխտում Զատիկը նույնանում է հրեական Պասեքի (որ ծագում է եբր. բեսախ` անցում, ելք բառից ) հետ և խորհրդանշում Կարմիր ծովով հրեաների անցնելը և եգիպտական գերությունից ազատագրվելը: Հրեա ժողովուրդն իր պատմության մեջ անչափ վճռորոշ այս իրողությունը ավանդաբար նշում է զատկական գառ մորթելու և բաղարջ հաց թխելու սովորությամբ: Հրեական այս տոնը նախօրինակ եղավ հանուն մարդկության Աստվածորդու սրբարար արյան հեղմամբ ու հրաշափառ Հարությամբ հաստատված քրիստոնեական Զատկի.ՙԱյս բոլորը իբրեւ օրինակ պատահեց նրանց հետ, բայց որպես խրատ գրուեց մեզ համար՚ (Ա. Կորնթ. 10:11), ՙՔրիստոս` մեր զատիկը, մորթուեց՚ (Ա. Կորնթ. 5:7):
Մեղանչումով մարդկությունը զրկվեց Աստծու շնորհներից և ընկավ մեղքի ու մահվան իշխանության տակ: Մարդը, որ անմահ էր ստեղծված, մեղքի պատճառով մահկանացու դարձավ` այլևս անկարող լինելով սեփական ճիգով վերականգնվելու իր նախաստեղծ շնորհի մեջ: Սակայն ամենագթածն Աստված մարդուն ընդմիշտ չզրկեց Իր ողորմածությունից, այլ Իր Միածին Որդուն տվեց, որ մարմնացավ, կրեց մարդկային կյանքի բոլոր նեղությունները, մահացավ խաչի վրա և հարություն առնելով` բացեց հավիտենական կյանքի դռները: Իբրև Արդար Դատավոր` Աստված պատժեց մարդու օրինազանցությունը, սակայն իբրև Սիրող Հայր` Ինքը հանձն առավ պատժի ծանրությունը և փրկագնեց մարդուն մահվան գերությունից: Եվ ինչպես հրեաների առջև ճեղքվեց Կարմիր ծովը և բացվեց Ավետյաց երկրի ճանապարհը, այնպես էլ քրիստոնյաներիս առջև ճեղքվեց մեղքի ծովը, և բացվեց Երկնային Արքայության ճանապարհը:
ՙԵս իսկ եմ յարութիւն եւ կեանք, ով յավատում է Ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի՚ (Հովհ. 11: 22),- Փրկչի այս խոստումով տոգորված և Նրա Հարությամբ ոգեշնչված է, որ իրենց Վարդապետի մահվանից բարոյալքված, գրեթե ցրված մի խումբ առաքյալներ անխորտակելի վճռականությամբ ելան ի լուր աշխարհի քարոզելու Նրա Ավետարանը: Եվ հենց առաքյալներն էլ հաստատեցին Փրկչի Հարության հիշատակն անմար պահող և մարդու փրկության ավետիսը հռչակող Ս. Զատիկը , որն ըստ ամենայնի յուրացվեց ու հոգեհարազատ դարձավ նաև Խաչյալ և Հարուցյալ Փրկչին մեծապես հետևող մեր ժողովրդի համար:
Զատկից առաջ Եկեղեցու վարդապետների կանոններով հաստատված Քառասնօրյա պահքն ու Ավագ շաբաթը լավագույն միջոցն են մեր հավատացյալ ժողովրդին հոդեպես ու մարմնապես պատրաստելու Ս. Հարության արժանավորապես դիմավորման համար: Զատկի նախորդ երեկոյան` Ճրագալույցի խթումի նավակատյաց ընթրիքին Մեծ պահքը մեղմանում է ձկնեղենով, կաթնեղենով ու ձվով:
Ավանդաբար զատկական սեղանների զարդն է համարվում կարմիր ներկած և եկեղեցում օրհնված ձուն, որն ըստ ս. Գ. Տաթևացու` խորհրդանշում է աշխարհը. ՙդրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, և սպիտակուցը` ջրին, դեղինն էլ երկիրն է՚: Կարմիր գույնը աշխարհի` Քրիստոսի արյամբ փրկագնվելն է խորհրդանշում:
Թող Ս. Զատկի այս տոնը մեզ համար լինի ոչ միայն սոսկ մարմնական, այլ առավել` հոգեկան ուրախության ու ցնծության տոն, քանզի մեր Փրկչի Հարությամբ մահն այլևս պարտված է մեզ համար, ինչպես Պողոս Առաքյալն է ասում.ՙՈւր է, մա'հ, քո յաղթութիւնը, ուր է, գերեզման, քո խայթոցը՚ (Ա. Կորնթ.16:25): Ուստի Սուրբ Հարության լույսով մաքրե'նք մեր հոգին մեղքի խավարից` արժանիորեն մոտենալով Փրկչի Մարմնին ու Արյանը և հոգևոր ուրախությամբ սրտանց միմյանց հաղորդենք այս երջանիկ ավետիսը` ՙՔրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի՚