Դեռևս երկու հազար տարի առաջ Հայաստանում գոյություն է ունեցել թատրոն: Տիգրան II-ը Տիգրանակերտում մեծ՝ տասնյակ հազարանոց թատերական շենք-«ամֆիթատրոն» է կառուցել և այնտեղ ներկայացումներ տալու համար Հայաստան հրավիրել հույն անվանի դերասանների: Թեև Տիգրանակերտի թատրոնը երկար կյանք չի ունեցել (այն ավերել են հռոմեական զորքերը), բայց Տիգրանի որդի Արտավազդ II-ը շարունակել է հոր գործը: Արտաշատի արքունի պալատում ներկայացումներ են տրվել՝ դարձյալ հույն դերասանների կատարմամբ: Բացի այդ, Արտաշատում ևս, Տիգրանակերտի նման, գոյություն պիտի ունեցած լինի քաղաքային թատրոն, որտեղ բեմադրվել են և հույն հեղինակների, և Արտավազդ II-ի ողբերգությունները: Հունալեզու թատրոնից բացի Հայաստանում ընդունված էին ժողովրդական թատերական խաղերի ու ներկայացումների տեղական ձևեր՝ հայոց լեզվով: