ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ
ՈՒԽՏԴ Ի ԿԱՏԱՐ, ՈՒԽՏԱՎՈ’Ր
Ապրիլի 17-ին Սուրբ Հովհան Օձնեցու ուխտի օրն էր
Գուգարաց թեմում ամեն տարի ապրիլի 17-ին հանդիսավորությամբ նշվում է տարածաշրջանի միակ սուրբի` Հովհան Օձնեցի հայրապետի ուխտի օրը:
Այս տարի ևս Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպս. Չուլջյանի օրհնությամբ և առաջնորդությամբ հարյուրավոր ուխտավորներներ Օձունում մասնակցեցին սուրբի հիշատակմանը նվիրված Պատարագին և ապա այցելեցին Արդվիում գտնվող սուրբ հայրապետի շիրիմին:
Վանաձորից, Սպիտակից, Ալավերդուց, Մարգահովտից մոտ 300 ուխտավորներ իրենց հոգևոր հայրերի առաջնորդությամբ առաջինը հանգրվանեցին Օձունի Ս. Աստվածածին եկեղեցում, ուր հաղորդությամբ մասնակից դարձան սուրբ և անմահ Պատարագին: Արարողության ավարտին կատարվեց ՎՊՄԻ-ի 20 ուսանողների մկրտությունը` կնքահայրությամբ ՎՊՄԻ-ի ռեկտոր, Վանաձորի Ս. Գր. Նարեկացու խաչքավոր Գ. Խաչատրյանի: Ծիսական արարողությանը հաջորդեց ժողովրդական տոնախմբությունը. օձունցիները երգ ու պարով, գյուղապետ Մ. Այվազյանի կողմից մատուցված մատաղով նշանավորեցին տոնական այս օրը: Օձունի դպրոցի սաների պատրաստած զատկական հանդիսությունը, երաժշտական համարները տոնական տրամադրություն և ցնծություն պարգևեցին ներկաներին, իսկ:
Օձունից ուխտավորները մեկնեցին Արդվի, ուր ամփոփված է սուրբ Հովհան Օձնեցու աճյունը: Սրբազան հոր գլխավորությամբ և հոգևոր հայրերի մասնակցությամբ սուրբի շիրիմին կատարվեց մաղթանքի արարողություն, և ապա ուխտավորները հայցեցին սուրբի բարեխոսությունը:
Թեմակալ առաջնորդ Սրբազան հայրը, իր հայրական օրհնությունը և բարեմաղթանքները հղելով բոլոր ուխտավորներին, ևս մեկ անգամ կարևորեց ուխտագնացությունը` որպես երիտասարդության հոգևոր դաստիարակության և բարոյական կերպարի կերտման լավագույն միջոցառում:
Ուխտդ ի կատար, սիրելի’ ուխտավոր:
Աստղիկ Ասրյան