Ես իմ գրառումներն անելու եմ հիմնականում հայերենով, բացառությամբ այն դեպքերի, երբ զրուցակիցներս չեն հասկանա հայերեն: Գիտեմ, որ ռուսերեն չգրելով` շատերի համար անհասկանալի կլինեմ: Սակայն այդ հարցում հանգիստ եմ, քանի որ ֆորում եմ մտել իբրև հոգևորական, իսկ մեկ այլ հոգևորական` Հայր Ղևոնդը, արդեն իսկ հրաշալիորեն լուծում է ռուսերենով հոգևորականի հետ շփման խնդիրը, ուստի ես կգրեմ հայերեն: Մի երկու անգամ նկատեցի, որ հայերեն գրածներս թարգմանության կարիք էին զգում, ինչն իմ փոխարեն արեցին ուրիշ մարդիկ: Շնորհակալ եմ սիրալիրության համար: Սակայն նման հարցերում չէի ուզենա նեղություն պատճառել, քանի որ ռուսերենից առանձնապես խնդիրներ չունեմ (վերջիվերջո արցախցի եմ, իսկ որ արցախցին է դժվարանաում ռուսերենից? ), ուստի նկատելուս պես հենց ինքս էլ կթարգմանեմ:
Գուցե կարծիքս լսելու կարիքը ոչ ոք չի զգում, սակայն անձամբ ես համարում եմ, որ իբրև հայ բոլորս պիտի աշխատենք հայերեն գրել: Եթե լավ չգիտենք հայերեն, գուցե սա ևս առիթ կլինի, որ առավել հարազատորեն տիրապետենք մեր մայրենի լեզվին: Գոնե ես չեմ նկատել, որ, օրինակ ռուսները, ուրիշներին հասկանալի լինելու համար ուրիշ լեզվով (թեկուզ անգլերեն) գրեն: