Հոկտեմբերի մեկին Սամվելը զանգել է տուն, խնդրել, որ իրեն «տուլիկ» ուղարկեն։ «Տաք շոր ուղարկեք, աշեյնիկ ուղարկեք, չգիտեմ՝ Դուք գիտե՞ք, թե ինչ ա աշեյնիկը, գցում են մեջքին՝ ոջիլի դեմ, բայց ասեց՝ փչովի դեղ էլ ուղարկեք, որովհետև ոջիլն արդեն մեզ ուտում ա... Մենք վեշը ուղարկեցինք, բայց իմ բալան էլ չկար, էդ գայլերի ոհմակն արդեն նրան հոշոտել էր, հոշոտել։ Էդ օրը հոգիս լացում էր, լացեցի-լացեցի, գնացի խանութ՝ գործի։ Հետո զանգեցին-ասեցին՝ տուն արի։ Ես գնում եմ տուն, մարդիկ նայում են...»,-մղկտալով պատմում էր որդեկորույս մայրը։
Այդ օրը Սամվելը խոսում է նաև իր երիտասարդ բարեկամներից մեկի հետ։ Ապա հեռախոսը վերցնում է զինավանի զինվորներից մեկը և Սամվելի բարեկամին ասում, որ իրենց մոտ մի լեյտենանտ կա, ու ինքը «լավ տղա» ա, իրանց «ախպերն» ա, ինքը «ոնց ասում ա, սաղ տենց ա», ինքը «ճշտով ա» շարժվում, սխալ բան չի անի, ու Սամոյի «մոմենտով» մի քիչ խնդիրներ կա։ Հետո երիտասարդը զրուցում է Սամվելի հետ, և Սամվելը պատմում է, որ դասի ժամանակ քնել է, ու սպան խփել է իրեն։
Այնուհետև սպանության օրը, 11– 12-ն ընկած ժամանակահատվածում նորից զինավանից զանգում են Սամվելի բարեկամին և ասում, որ նրա «ախպերը լիքը պրոբլեմներ ունի»։ Բարեկամը հետաքրքրվում է, թե ինչ է եղել։ Գյումրեցի լեյտենանտը հեռախոսը փոխանցում է Սամվելին, որ վերջինս պատմի։ Սամվելը պատմում է, որ լվացարանում մի քանի հոգի, ճամբարային հավաքին մասնակցող ՀՕՊ-ի գրեթե ողջ անձնակազմը հարձակվել է իր վրա ու ծեծել։
Սամվել Խաչատրյանի դիակի զննության ժամանակ հայտնաբերվել են 15-ից ավելի տարբեր աստիճանների վերքեր, վնասվածքներ՝ ոտքերի, ձեռքերի, մեջքի, գլխի վրա։ Գլխին հասցված հարվածներն առաջացրել են արյան զեղում։ Պարանոցի վրա նկատվել են երկու կապտագույն գծեր, որ խեղդող գործիքների թողած հետքերն են եղել։ Հետքերից մեկը բարակ, մյուսը հաստ է եղել, որը գործնականում հաստատում է սպանության վարկածը։ Ամենայն հավանականությամբ՝ բարեկամի հետ տեղի ունեցած հեռախոսազանգից հետո սպան շարունակել է «հաշիվներ մաքրել» Սամվել Խաչատրյանի հետ։ Իրեն «լավ տղաներով» շրջապատած «լավ տղա» խաղացող սպան Սամվել Խաչատրյանին տարել է նկուղ և իր «ախպերների» հետ շարունակել անասնական վայրագությամբ ծեծել Սամվելին։ Ապա, երբ տղայի վիճակը խիստ վատացել է, նրան բարակ պարանով խեղդել են ու մեկ ուրիշ պարանով կամ զինվորական գոտիով կախել, փորձելով իրենց հանցանքն ինքնասպանության տեղ անցկացնել։ Եթե ուսադիրներով անասունը զինվորին լվացարանում ծեծի ենթարկելուց հետո նրան բուժօգնություն ցույց տար, գուցե այս ողբերգական մահը չլիներ, բայց մարդկային արժանիքներից զուրկ այդ տականքը նախընտրել է իր հանցագործությունը պարտակել սպանությամբ։ Քիչ հավանական է սպանության երկրորդ վարկածը՝ լվացարանի ծեծի ժամանակ ստացած հարվածներից մահացած Սամվելի դին կախել են, ընդ որում՝ մի անգամ բարակ պարանով, մի անգամ՝ հաստ, որ սպանությունը որպես ինքնասպանություն ներկայացնեն։
Որդեկորույս ծնողների վիշտը ոչինչ չի սփոփի, բայց նրանք պահանջում են, որ չարատավորեն իրենց որդու անունն ու սպանությանը ինքնասպանություն չվերագրեն։ Հարազատների ու Սամվելին ճանաչողների պնդմամբ՝ նա և հոգեպես, և ֆիզիկապես պինդ տղա է եղել և երբեք ինքն իր վրա ձեռք չէր բարձրացնի, ավելի շուտ՝ զինավանից կփախչեր։ Կենսուրախ, առանձնահատուկ հումորով, խելացի, աշխատասեր՝ այսպես են բնութագրում Սամվել Խաչատրյանին նրան ճանաչողները։
«Թող իրենք հարյուր տարի ապրեն, ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկի մատը փուշ մտնի, թող ազատեն դրանց, մենակ թե իմ որդու անվան հետ թող չխաղան, թող խոստովանեն, որ իրանք են արել»,-ասում է Սամվելի հայրը, որ նույնիսկ այս մեծ վշտի մեջ չի կորցրել իր մարդկային որակները։