Երեկ ծնունդով գյումրեցի ջութակահար Հրաչյա Ավանեսյանը էլեկտրոնային փոստով նամակ է հղել մի շարք լրատվամիջոցների, որտեղ ներկայացրել է իր հետ կապված խնդիրը։
«Սա իմ վերջին անհույս փորձն է ինչ-որ լուծում գտնելու, ըստ իս` մի շատ կարեւոր խնդրի։
Ես ջութակահար եմ, անունս է Հրաչյա Ավանեսյան։ Ավարտել եմ Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը։
Վերջերս ավարտեցի Բրյուսելի Թագավորական Կոնսերվատորիան` հինգ տարի ուսանելով Իգոր Օյստրախի դասարանում։
Այժմ սովորում եմ Գերմանիայում, Քյոլն քաղաքի ասպիրանտուրայում եւ Բելգիայի Թագուհի Ելիզաբեթի անվան ակադեմիայում, որտեղ ի դեպ ինձ են տրամադրել իտալացի աշխարհահռչակ վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած «Piatti» ջութակը, որի վրա երկար տարիներ նվագել է լեգենդար ջութակահար Նիկոլո Պագանինին։
Ուսման տարիներին մասնակցել եմ մի շարք միջազգային մրցույթների եւ գրավել առաջին մրցանակ, նշեմ մի քանիսը` Եհուդի Մենուհինի անվան մրցույթ, Հենրի Վիետանի, Կարլ Նիլսենի եւ էլի մի շարք այլ մրցույթների` միշտ բարձր պահելով Հայաստանի պատիվը։
Այս տարվա հունիսի 13-ին Ռուսաստանում տեղի է ունենալու Չայկովսկու անվան հերթական միջազգային մրցույթը, որն ամենաբարդն է համարվում բոլոր երաժշտական մրցույթների մեջ եւ համարվում է երաժշտության օլիմպիադան։
Այս տարի նախընտրական ունկնդրման համար հանձնաժողովի դատին էր ներկայացվել աշխարհի լավագույն երաժիշտ-կատարողների 300-ից ավելի տեսաերիզ, եւ դրանցից ընտրվել է ընդամենը 20 կատարում, որոնց թվում է նաեւ իմ կատարումը։ Թերեւս կպատկերացնեք, թե որքան մեծ է ցանկությունս մասնակցելու եւ ներկայացնելու Հայաստանը...
Սակայն բոլորովին վերջերս պարզվեց, որ ես գտնվում եմ հետախուզման մեջ եւ Ռուսաստան մտնելու իրավունք չունեմ, իսկ ես այնքան լավ էի պատրաստվել այս մրցույթին։
Խնդրում եմ միջնորդեք, որպեսզի նամակս կարդան համապատասխան անձինք, ովքեր որ կկարողանան օժանդակել, որպեսզի գոնե ժամանակավորապես հետախուզումից հանեն իմ անունը, եւ ես հանգիստ կարողանամ Ռուսաստան մեկնել ու պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանը։ Ինչպես նաեւ խնդրում եմ նրանց օգնությունը իմ կարգավիճակի նպատակային պարզեցում` այն է տարկետում սահմանելու առումով։
Կանխավ շնորհակալ եմ եւ հույս ունեմ, որ Բելգիայում Հայաստանի դեսպանատան միջոցով կամ իմ էլեկտրոնային փոստով (avanessyan@yahoo.com) մոտ ժամանակներս մի հուսադրող լուր կհաղորդեք հարցի արդյունավետ լուծման մասին։ Ես սույն խնդրանքով նամակներ եմ գրել նախագահի ողջ անձնակազմի աշխատակիցներին, սակայն ոչ մեկից դեռ պատասխան չկա, իսկ ինձ մնացել է մի քանի օր։
Վերջում որպես հավելում կցանկանայի նշել, որ նախընտրական փուլին մեր հարեւան ադրբեջանցի 3 դիմորդներից եւ ոչ մեկի տեսագրությունը չարժանացավ հանձնաժողովի հավանությանը։ Նույնանման արդյունքի արժանացան նաեւ մոտ 80 միլիոնանոց Թուրքիայից ուղարկված տեսանյութերը, եւ իհարկե ցավալի կլիներ նման առիթը ձեռքից բաց թողնել` հաշվի առնելով, որ անցել եմ նախընտրական փուլ` ջութակահարների մեջ միակ հայ ներկայացուցիչը լինելով», նշել է հայ ջութակահարը։
Հ.Գ. Հրաչյա Ավանեսյանին չհավատալու հիմքեր չունենք։ Մենք հաճախ ենք հանդիպել նման իրավիճակների, երբ տարկետման իրավունքից զրկելով, բանակ են տանում տաղանդաշատ օպերային երգիչների, պարողների, այլ երիտասարդների, ովքեր բանակային պայմաններում իսպառ կորցնում են տարիների ընթացքում ձեռք բերած ունակությունները եւ զորացրվելուց հետո շատ հաճախ ամեն ինչ սկսում են զրոյից, եթե իհարկե` սկսում են։
Մյուս կողմից, մենք վերջին ժամանակներս միտում ենք տեսնում, թե որքան հեշտությամբ, անհեթեթ պատճառներով տարկետում է տրվում, իսկ հաճախ էլ զինծառայությունից ազատում են «լավ» մարդկանց լավ զավակներին։ Հիշենք Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի կամ խիստ հայրենասեր դաշնակ գեներալի զավակներին, ովքեր ծառայության փոխարեն հանգիստ գնացին Կանադա` այնտեղ խորացնելու արվեստի եւ հատկապես արվեստի հանդեպ իրենց գիտելիքները, որը, ինչպես երեւում է, միայն Կանադայում է հնարավոր, կամ միայն Հայաստանում հնարավոր չէր։ Հիշենք Եկեղեցու տասնյակ երիտասարդ սպասավորներին։ Մի խոսքով, հայ ջութակահարի բախտը չի բերել, որ պետական պաշտոնյայի զավակ չէ։
Գ. ԱՐԱՄՅԱՆ