Զինծառայողներին ծեծի և ծաղրուծանակի ենթարկած մայորը կալանավորվել է. ՊՀ
18:11 • 22.09.10
Ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջև ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է.
17.09.2010թ. ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ինտերնետում տեղադրված ժամկետային զինծառայողներին ծեծի ենթարկելու և խոշտանգելու տեսանյութում պատկերվածը տեղի է ունեցել ս.թ. հուլիսին N զորամասի տարածքում:
Նույն զորամասի զինծառայող, մայոր Սասուն Միքայելի Գալստյանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի և ծաղրուծանակի է ենթարկել զորամասի ժամկետային զինծառայողներ, սերժանտ Գարիկ Նորայրի Հարությունյանին և շարքային Բակուր Ռոբերտի Եղիկյանին:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Գարիկ Նորայրի Հարությունյանը և Բակուր Ռոբերտի Եղիկյանը քրեական գործով ճանաչվել են որպես տուժողներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Սասուն Միքայելի Գալստյանին 18.09.2010թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Առգրավվել է բջջային հեռախոսը, որով տեսանկարահանվել են նշված գործողությունները: Կատարվում են տեսանկարահանող զինծառայողի, նրա հոր և եղբոր հարցաքննությունները: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: