Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը «DIY» ակումբի ղեկավար Ծոմակը հայտարարել է, թե իր ակումբը պայթեցնողների ազատ արձակման գրավի համար վճարել են դաշնակցական պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Պարզաբանումներ ստանալու համար Panorama.am-ը զրուցել է ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի հետ:
-Պարոն Մինասյան, ասում են գրավի գումարը դուք եք Հրայր Կարապետյանի հետ տրամադրել, որպեսզի «DIY» ակումբը պայթեցնողները ազատ արձակվեն:
-Այո, այո: Ես երաշխավորություն եմ տվել, որ այդ երիտասարդները չեն խուսափի ու կմասնակցեն բոլոր իրավական գործընթացներին:
-Գումա՞րն էլ եք դուք տվել:
-Կարելի է այդպես ձևակերպել, օրենքը պահանջում է, որ գրավի գումար մուծվի, բնական է, որ այս դեպքում ես երաշխավորել եմ ու գումարի մուծման համար էլ եմ պատասխանատվություն վերցրել:
-Ինչո՞ւ, պարոն Մինասյան:
-Ինչո՞ւ: Որովհետև ճանաչելով այդ երիտասարդներին, գտնում եմ, որ իրենք նորմալ մարդիկ են, նորմալ անձնավորություն են, և դեռ քննությունը կպարզի, որքանով է իրավախախտումը համապատասխանում հասարակության վտանգավորության աստիճանին:
-Զուտ ա՞յդ պատճառով, թե՞ ինչ-որ դիրքորոշում ունեք սեռական փոքրամասնությունների նկատմամբ:
-Իհարկե, այդպիսի դիրքորոշում էլ կա, բայց ես չեմ ուզում դա օգտագործենք որպես հիմնական հակադրություն: Տվյալ դեպքում ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով: Այլ բան է, եթե պատճառվել է որոշակի վնաս, ապա դրա փոխհատուցումը պետք է տրվի:
-Այսօր ասուլիսում Ծոմակը հայտարարել է, թե Դաշնակցությունն անընդհատ հետապնդում է իրեն, ասել է, որ իր ունեցած փաստերը ներկայացնելու իրավապահ մարմիններին:
-Ծոմակին ես երեկ հեռուստատեսությամբ եմ առաջին անգամ լսել, և համարում եմ, որ նրա տեսակը, կոպիտ բառ չեմ ուզում ասել, ոչնչացնում է հայ հասարակությանը: