ՀՅԴ-ն կամավորներ կհավաքագրի արդար ընտրությունների անցկացման համար
Ռուզաննա Ստեփանյան
Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) իշխանություններին ազատ ընտրություններ պարտադրելու նպատակով կամավորներ է հավաքագրում: Այս մասին Հայաստանի քաղաքագետների միությունում երկուշաբթի հրավիրած քննարկման ժամանակ հայտարարեց Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նրա համոզմամբ` հայ ժողովրդի մեջ կա այն 2 հազարը կամ 10 հազարը, ովքեր անշահախնդրորեն կուզենան, որ «առաջիկա ընտրությունները իրական լինեն»:
«Այդ 10 հազար մարդը պետք է պարտադրի արդար ընտրություններ այս երկրում: Մենք նախաձեռնել ենք արդար ընտրությունների կամավորական շարժում, եւ ուզում ենք այն մարդիկ, ովքեր ժամանակին զենք են վերցրել կամ այսօր էլ կվերցնեն, սահման կերթան հայրենիքը պաշտպանելու, պատրաստ են զոհաբերությունների գնալ այս հայրենիքը պաշտպանելու համար, այդ նույն մարդիկ արդար ընտրություններ պարտադրելու, երաշխավորելու համար կամավոր գրանցվեն: Մենք շուտով սկսելու ենք կամավորների գրանցումը», - հայտարարեց Մարգարյանը:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ի՞նչ եղանակով են այդ կամավորները իշխանություններին ազատ ընտրություններ պարտադրելու, Հրանտ Մարգարյանն ասաց, թե խոսքը ֆիզիկական պարտադրանքի մասին չէ, պարզապես ընտրատեղամասերում պետք է ունենալ հավատարիմ, չկաշառվող, օրենքից հասկացող մարդուժ, որը կկարողանա ապահովել արդար ընտրությունների ընթացքը:
«Պիտի լինեն այնպիսի կամավորներ, որ հանձնաժողովների մեջ անկաշառ կաշխատեն, որովհետեւ նաեւ փաստ է, որ որքան կաշառվել է ընտրողը, նույնքան նաեւ կաշառվել են ընտրատեղամասերում հանձնաժողովների անդամները: Եվ դրա առաջն է, որ մենք պետք է կարողանանք առնել», - ասաց Մարգարյանը:
Հարցին, թե կամավորները կկարողանա՞ն լուծել այդ խնդիրները, Մարգարյանը պատասխանեց. - «Այդ կամավորները Ղարաբաղն են ազատագրել, այս երկրի մեջ վիճակ են ստեղծել, ինչո՞ւ չպետք է կարողանան: Ես չեմ էլ պատկերացնում, որ հաստաբազուկ, հաստավիզ մարդիկ պետք է լինեն, կամավորն կարող է լինել ցանկացած բարոյական, արժեքային համակարգ ունեցող, արժեքների հավատացող կին կամ տղամարդ»:
Անդրադառնալով այն հարցին, թե ո՞վ է գլխավորելու Դաշնակցության համամասնական ցուցակը, Հրանտ Մարգարյանն ասաց, թե իրենք շատ թեկնածուներ ունեն, եւ ցանկացած մեկը կարող է գլխավորել այն: Նա քիչ հավանական համարեց, որ հենց ինքը կարող է լինել Դաշնակցության ցուցակի առաջին համարը:
Մարգարյանը, խոսելով իշխող Հանրապետականի այդ որոշման մասին, որ կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, ասաց, թե կարծում է, որ այդ որոշումը «լավ օրից չէ, որ կայացվել է»:
«Դա լավ օրից չէ, որ ինքն է ստանձնել գլխավորել ցուցակը: Ախր կազմակերպության մեջ պետք է լինեն այնքան մարդիկ, որ կարողանան ցուցակը գլխավորել, եւ ցուցակից բան չպակասի», - ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք վարչապետ Տիգրան Սարգսյանը օրենք չի խախտում, երբ դեռ քարոզարշավը չսկսած հանդիպումներ է անցկացնում մարզերում, խոսում Հանրապետականի նախընտրական ծրագրերից, խոստումներ տալիս, ինչը լայնորեն լուսաբանվում է հեռուստատեսությամբ, Մարգարյանը պատասխանեց. - «Իհարկե, դա ճիշտ չէ, սխալ է, բայց չեմ կարծում, որ վարչապետը քարոզչություն է անում, նա հակաքարոզչություն է անում»:
Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել Դաշնակցությունը, եթե ընտրությունները կեղծվեն, Մարգարյանն ասաց` «կսպասենք, կտեսնենք», եւ որ «ճիշտ չէ այսօրվանից խոսել անարդար ընտրությունների մասին»:
Չնայած իշխանության հետ ունեցած տարաձայնություններին, Հրանտ Մարգարյանն ասաց, որ այսօր էլ հաճախակի հանդիպում է երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին: Վերջին անգամ նրանք հանդիպել են անցած շաբաթ եւ քննարկել են ընտրությունների հետ կապված հարցեր:
«Մենք չենք հանդիպում սեր բացատրվելու, հանդիպում ենք ընտրությունների, արտաքին քաղաքականության, Ղարաբաղի հարցի վերաբերյալ վիճելու, վիճաբանելու համար», - ասաց նա:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան © 2012
http://www.azatutyun.am/content/article/24497438.html