Alajajian.Marcoosi Architects Inc. (AMA INC.)
ճարտարապետական արվեստանոցը հիմնադրվել է Արամ Ալաջաջյանի և Սաքո Մարկուսիի կողմից 1986-ին Գլենդելում: Արվեստանոցի աշխատանքը թե’ նախագծերի բնույթով, թե’ բովանդակությամբ և թե’ ստեղծագործական, ճարտարապետական լեզվի առումով բազմազան է:
Ըստ բնույթի կառույցները տարբեր են՝ հանրային նշանակության կառույցներ, հոգևոր, բնակելի՝ բազմաբնակարան համալիրներ և առանձնատներ: Ըստ ստեղծագործական ոճի բազմազանությունը նույնպես ակներև է, ինտերնացիոնալ ոճի մինիմալիզմից (երկրաչափական ձևերի, ծավալների, նյութերի հստակություn) մինչև պոստմոդեռնիստական անդրադարձ պատմական, ազգային ճարտարապետությանը:
Այս բազմազանության մեջ մի բան, այնուհանդերձ, կայուն և ընդհանուր է. Դա մասնագիտական գրագիտությունն է, ինչը, թերևս, առաջնայինն է ճարտարապետության մեջ, նույնիսկ առավել առաջնային, քան այսօր այդքան քննարկվող ու մոդայիկ դարձած ճարտարապետական նոր ձևերի, խորը գաղափարաբանության և կոնցեպտուալ հիմքի առկայությունը: Ճարտարապետության առաջնային նպատակը ֆունկցիոնալ լինելն է, համապատասխանությունը մարդու կենսագործունեության բոլոր ձևերին: Ճիշտ է, այդ կենսագործունեության կարևոր մասնիկ է նաև մարդու ներքին, հոգեկան և հոգևոր աշխարհը, որը նույնպես լուրջ ֆունկցիոնալ խնդիրներ է դնում ճարտարապետության առջև: Բայց արի ու տես, որ այդ հոգևորի պահանջները միայն խորը էսթետիկական և գաղափարաբանական ապրումներով չէ, որ պայմանավորված են, պարտադիր չէ ունենալ ճարտարապետական անսպասելի, ոչ տրադիցիոն կառուցվածքներ և բարդ, խորը մտածված կոմպոզիցիաներ ու գունային գամմա՝ ապահովելու համար ճարտարապետության՝ մարդու հոգևոր և մտավոր կոմֆորտի, ֆունկցիան: