Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարը
Այսօր լրացավ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի պաշտոնավարման 100 օրը: Ընդունված կարգի համաձայն, պաշտոնյաներն այդ օրը հանդիպում են լրագրողների հետ և ներկայացնում, թե ինչ են արել: Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր երկրորդ նախարարի 100-օրյակին պատրաստվել էր արտակարգ ձևով, այնպես արտակարգ, որ անհնար էր առանց հուզմունքի լսել նախարարի գործունեության հոգեցունց պատմությունը:
Ի տարբերություն մյուս պաշտոնյաների, որոնք անձամբ են ներկայացնում արածն ու չարածը, Երիցյանի 100 օրը ներկայացված էր ֆիլմով, որի տեքստը` «Շարքայինից մինչև գեներալ, իրավապահ իրավաբանական գիտությունների դոկտորը» վերտառությամբ տպագրված էր «Արտակարգ թերթում» և բաժանվել էր լրագրողներին, որպեսզի հանկարծ որևէ մեկը որևէ բառ բաց չթողնի ասվածից ու արվածից: Զգացվում էր, որ ֆիլմը կամ, ավելի շուտ՝ ներբողը, նախարարի համար անսպասելի չէր, նա արդեն առնվազն մեկ անգամ տեսել էր այն, դրա համար էլ այս անգամ իր գովքը լսում էր մի քիչ գլուխը կախ, մի քիչ ամաչելով, բայց, դե, ո՞ւմ հաճելի չէ, երբ իրեն գովերգում են: Ներբողի հեղինակն, ըստ ամենայնի, լրատվական ծառայության պետ Նիկոլայ Գրիգորյանն էր: Դժվար թե աշխարհի մեկ այլ երկրում, առավել ևս` Հայաստանում չափանիշ ընդունվող ՄՉՍ-ի նախարարական հաշվետվությունում կարելի լինի նման պաթետիկ ոճի և ձևակերպումների հանդիպել: Մեջբերենք մի քանի հատված:
«Ժողովրդական ասույթ կա. օր կա` տարի է կերակրում: Արտակարգ իրավիճակներում օրերը ժամերով չեն հաշվվում, վայրկյաններ կան, որ տարիների էներգիա են խլում, պահեր կան, որ քարանում են ժամանակի մեջ, ու ժամանակի հոսքը ինչ-որ տեղ հեռվում է: Իսկ երբ այդ ժամանակն անձնապես քեզ է պետք, այն սլանում է ինչպես սամում»:
Արմեն Երիցյանն իրավաբանական գիտությունների դոկտոր է, այսինքն` բանասիրությունից հեռու մարդ, այնպես որ, նման զեղումները հաստատ նրա մտքի արգասիքը չեն: Երիցյանին նախարարի պաշտոնին առաջադրեց «Օրինաց երկիր» կուսակցությունը, որն էլ հիմք դարձավ ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալի կուսակցականացմանը. նախարար դառնալու համար Երիցյանն արտակարգ ռիթմով օրինացերկրական դարձավ: Նախկինում ԱԻՆ ղեկավարը դարձյալ օրինացերկրական Մհեր Շահգելդյանն էր, որը նախարարի պաշտոնը ստանձնեց նախարարության ստեղծման առաջին օրերից: Այս նախարարությունը քվոտայով հենց այս կուսակցությանն էր բաժին հասել, այսինքն` նախարարի փոխվելուն զուգընթաց քաղաքական ուժի փոփոխություն տեղի չէր ունեցել: Սակայն լրատվական ծառայության ներկայացրած ֆիլմը ծայրից ծայր խոսում էր մի բանի մասին, որ մինչև Երիցյանը նախարարությունն անտերության մատնված մի ավերակ էր, որ այստեղ ոչ թե նախարար, այլ Աստված գիտե՝ ով է նստած եղել, և ահա Երիցյան Արմենն էր, որ եկավ և վերջապես կփրկի բոլորին` թե´ նախարարությունը, թե´ հայ ժողովրդին, թե´ ընդհանրապես Երկիր մոլորակն ամբողջությամբ վերցրած:
«Նախարարությունը երկու տարի առաջ էր կազմավորվել: Սակայն նրա կազմի մեջ մտնող ծառայություն-գործակալություն-ՊՈԱԿ-ները գործում էին առանձին, ամեն մի ՊՈԱԿ իր հետաքրքրություն-շահերն ուներ, և միշտ չէր, որ դրանք համընկնում էին նախարարության շահերին»: Ի՞նչ է դուրս գալիս` Շահգելդյան Մհերի օրոք նախարարությունում շունը տիրոջը չէր ճանաչո՞ւմ, և այն, ինչ չարվեց երկու տարում, փաստորեն, Երիցյանի պաշտոնավարմամբ հնարավոր է դառնում 3 ամսո՞ւմ: Ի դեպ, թեև ոստիկանապետի նախկին տեղակալը պաշտոնը բարձրացնելու համար դարձավ կուսակցական, սակայն այսօր արդեն իր ղեկավարած նախարարությունում հստակ դրել է ապակուսակցական աշխատանքի սկզբունքը։ Նա հայտարարեց, որ «եթե մեկը փորձի դառնալ կուսակցական, այդ մարդուց կազատվենք»:
«Անարդյունավետ կառավարում, կադրային, գործառութային, նույնիսկ համակարգային կրկնություններ, շենքային անմխիթար, առանձին դեպքերում` անարդյունավետ պայմաններ, սեփական ու պետական շահերի անհավասար պայքար, տեխնիկական թույլ հագեցվածություն, նորագույն տեխնոլոգիաների համատարած բացակայություն, հնարավորության սահմաններում` այլոց գրպաններին ակնադրում, իրավական` տեղ-տեղ ականապատ դաշտ»: Ահա թե ինչ անմխիթար ժառանգություն է ստացել նախկին ոստիկանը: Եվ դեռ այսքանից հետո զարմանում էին, թե ինչպես էր «Պետական ռեզերվների գործակալություն» ՊՈԱԿ-ին հանձնված 2,5 միլիարդ դրամի ալյուրն անհետացել (սկզբում ալյուրը փչացրել էին, հետո վաճառել շուկայականից ցածր գնով): Եվ ահա նման բարձիթողի պայմաններում գործի է անցնում շարքային ոստիկանից գեներալ-մայորի աստիճանի հասած իրավաբանական գիտությունների դոկտորը:
«Շարքայինից գեներալի կոչման հասած նախարարը, գործի դնելով տարիներով հղկված կառավարման իր փորձն ու հմտությունները, բարդ պայմաններում երկար ու արդյունավետ աշխատելու կարողությունը, արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և օպերատիվ որոշում ընդունելու ունակությունը, առանց ընկրկելու մեծ ու փոքր խոչընդոտների առաջ, ամենատարբեր ուղղություններով մարտավարական բազմաթիվ վստահ քայլերով սկսեց իրականացնել ժամանակին համահունչ, աշխարհի հետ համաքայլ հզոր նախարարության շինարարությունը, նաև` բառի բուն իմաստով»: Բառի բուն իմաստն էլ այն է, որ դեռ ոչ թե 100-օրյա, այլ ընդամենը մեկշաբաթյա նախարար Երիցյանը հայտարարել էր Դավիթաշենում կառուցվելիք նախարարության նոր շենքի, ավելի շուտ՝ շենք-կառույցների համալիրի մասին` ուղղաթիռային հրապարակներով ու բազմաբնույթ տեխնիկայով, նորագույն տեխնոլորգիաներով։ Եվ արդեն սեպտեմբերի 4-ին` փրկարարի օրը, հայտարարվածն իրականություն կդառնա, բոլոր կառույցները կտեղափոխվեն նոր շենք: Ահա թե ինչեր կարելի է անել` համակարգի գլխին նորմալ ղեկավար նշանակելով:
Իսկ հիմա, Նիկոլայ Գրիգորյանի գեղարվեստական զեղումները դնելով մի կողմ, տեսնենք, թե ինչ է արել իսկապես և ինչ կարող է անել Արմեն Երիցյանն իբրև արտակարգ իրավիճակների նախարար: Նախագահի որոշումը` ոստիկանական բավական խոսուն անցյալ ունեցող Երիցյանին հիշյալ պաշտոնում նշանակելու վերաբերյալ, միանգամայն արդարացված կարելի է համարել: ԱԻՆ-ում տերուտնօրինություն անողը Փրկարար ծառայության պետ, Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Էդիկ Բարսեղյանն է (Լոնդիկ), որին ղեկավարել, ինչպես կյանքը ցույց տվեց, Մհեր Շահգելդյանն այդպես էլ չկարողացավ։ Նախարարությունում պտտվող հսկայական գումարները շրջանցում էին նախարարին, իսկ ապօրինությունների, մասնավորապես, «ալյուրի» կարգի գործերի մասին նա նույնիսկ տեղյակ չէր լինում: Թե ինչպես կկարողանա գեներալ-մայոր Երիցյանը վերահսկել գեներալ-լեյտենանտ Բարսեղյանին, ցույց կտա ժամանակը. 100 օրվա կապակցությամբ Բարսեղյանը բաժակ բարձրացրեց նոր նախարարի պատվին` ասելով, թե, հաստատ, պ-ն Երիցյանի ղեկավարությամբ իրենց նախարարությունը կդառնա ամենաուժեղներից մեկը։ Չի բացառվում, որ Բարսեղյանը նման բաժակներ բարձրացրել է նաև ի պատիվ Շահգելդյանի, սակայն դա այս դեպքում այդքան էլ կարևոր չէ:
Համակարգն արդյունավետ դարձնելու նպատակով նախարար Երիցյանի օրոք մշակվել ու կառավարության հաստատմանն է ներկայացվել «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի բարեփոխումների հայեցակարգը», որով ՊՈԱԿ-ներում օպտիմալացում է կատարվելու: Սկսվել է ազգային պլատֆորմի ձևավորումը։ Նախարարի հավաստմամբ, նման պլատֆորմ տարածաշրջանում կունենա միայն Հայաստանը: Նախարարն օպերատիվորեն արձագանքել է նաև ընթացիկ բոլոր արտակարգ իրավիճակներին` Դիլիջան-Իջևան սողանքին, Արաքսի ափի պաշտպանիչ գործողություններին, Նուբարաշենի թունաքիմիկատների հետ կապված խնդրին, Գառնիի սեյսմոլոգիական հզոր դիտակայանի վերականգնմանը և այլն: 100 օրում նախարարը նաև հասցրել է նախարարությանը խորհրդանիշ և դրոշ պարգևել, պետական ու գերատեսչական մեդալներ, նվագախումբ, իսկ կառավարության գործընկերներին խոստացել է նվիրել փրկարարի հագուստ: Ասում են` նախարարը նաև կարգին ջրասուզակ է և դահուկորդ, այսինքն` հարկ եղած դեպքում կարող է փրկարարներին օրինակ ցույց տալ: Այնպես որ, կարելի է ասել, Արտակարգ իրավիճակների նախարարությանը ո´չ թե նախարար է բաժին հասել, այլ պարզապես փրկիչ:
P.S: kORRUPTE MENSH: