Սամվել Մարտիրոսյան: «Badu.am-ը կֆիլտրի սոցիալական ցանցերի բովանդակությունը»
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր գործընկերների հետ գործարկել է www.badu.am ռեսուրսը (հայերեն «Բա դու՞», - խմբ.):
- Ո՞րն է նոր նախագծի փիլիսոփայությունը, եւ ինչպե՞ս այն կաշխատի տեխնիկապես:
- Այսօր Հայաստանում սոցիալական մեդիաները եւ այլընտրանքային լրագրությունը շատ արագ զարգացող ոլորտ են, որը լրջորեն ազդում է ավանդական ԶԼՄ-ների աշխատանքի վրա:
Անցել է այն ժամանակը, երբ լրագրողները տեղյակ չէին, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում սոցիալական ցանցերը կամ բլոգերը: Այսօր շատ լրագրողներ «նստած» են ցանցում եւ հենց այնտեղից են որսում տեղեկատվության մեծ մասը: Սոցիալական մեդիաների ամենադինամիկ հատվածներից է այսպես կոչված բջջային լրագրությունը, որը սկսել է ակտիվ կերպով զարգանալ վերջին երկու տարիների ընթացքում: Այսպես, փաստորեն, բավականին լուրջ այլընտրանքային ԶԼՄ դարձավ Twitter-ը:
Մենք որոշել ենք օգնել այն մարդկանց, որոնք ոչ թե սոցիալական ցանցերում ուղղակի ժամանակ են անցկացնում, այլ սոցիալապես ակտիվ են եւ ցանկանում են իրենց շրջապատին իսկապես որեւէ կարեւոր բանի մասին հայտնել: Հաճախ այդ մարդկանց ձայնը կորում է, քանի որ, եթե վերցնենք նույն Facebook-ը, ապա այնտեղ քոնթենթի (բովանդակության) այնպիսի հսկայական ծավալ կա, որ սովորական մարդը կարող է որեւէ շատ կարեւոր բան գրել, սակայն նրան ոչ ոք չի լսի:
Առաջին հերթին, մենք ցանկանում ենք ընտրել այն քոնթենթը, որը սոցիալապես կարեւոր ենք համարում: Երկրորդ. մենք գիտենք, որ սոցիալական լրագրության բացասական կողմերից մեկն այն է, որ դրանում ապատեղեկատվության հսկայական քանակություն կա: Օրինակ, Իրանի հետընտրական իրադարձությունները 2009 թվականին, երբ բջջային լրագրությունը մեծ ուժ ստացավ, ցույց տվեցին, որ իրականում փողոցներում մարդիկ շատ քիչ էին, մինչդեռ գեներացված տեղեկատվության ծավալն ուղղակի անհավանական էր:
Նախագծի նպատակն է ընտրել տեղեկատվության այն աղբյուրները, որոնց կարելի է վստահել: Դա, բնականաբար, ոչ միայն տեքստային քոնթենթն է, այլեւ լուսանկարներ եւ տեսանյութեր: Մեր նյութերն “արդեն իսկ ֆիլտրած” տեղեկատվություն կներկայացնեն, եւ մենք այն կուղարկենք ցանկացող բոլոր ԶԼՄ-ներին: Այսինքն, դա կլինի այսպես կոչված տեղեկատվական դայջեսթ ավանդական ԶԼՄ-ների համար, որը կհեշտացնի խմբագիրների եւ լրագրողների աշխատանքը:
- Խոսելով սոցիալական ցանցերի մասին` Դուք ի նկատի ունե՞ք Facebook-ը եւ Twitter-ը:
- Մենք կանցկացնենք Twitter-ի եւ դրա հայկական համարժեքների դիտարկումը, որոնցից ամենահայտնին այսօր Armenix-ն է: Ինչ վերաբերում է Facebook-ին, ապա այստեղ լուրջ խնդիր կա: Facebook-ը տեղեկատվությունը միասնական հոսքի մեջ է լցնում, եւ մարդը հաճախ ունակ չէ ֆիլտրել այն: Եթե դուք որեւէ բան եք գրում բլոգում կամ Twitter-ում, ապա գիտեք, որ այն կարող են կարդալ բոլորը: Facebook-ում մարդը հաճախ չի էլ մտածում, թե ո՞վ հնարավորություն ունի կարդալ իր քոնթենթը` միայն ընկերնե՞րը, ընկերների ընկերնե՞րը, թե՞ բոլոր ցանկացողները: Այդ պատճառով Facebook-ից մենք տեղեկատվություն կվերցնենք միայն այն դեպքում, եթե անձնական էջի օգտագործողը կամովի կներկայացնի այն մեզ դիտարկում անցկացնելու համար: Հակառակ դեպքում, վտանգ կա, որ մենք կարող ենք բաց ռեժիմում այնպիսի տեղեկատվություն տեղադրել, որն այդ անձը ցանկանում էր միայն իր ընկերների հետ կիսել:
Բացի այդ, մենք, իհարկե, նաեւ կդիտարկենք բլոգերը, տեսահոսթինգների հարթակները` ինչպիսիք են YouTube-ը, Qik-ը եւ այլն:
- Շատերը Twitter-ում անձնական էջեր ունեն: Ի՞նչ սկզբունքով եք որոշելու, թե ում էջը դիտարկեք, ումը` ոչ:
- Մենք Twitter-ի հետ կաշխատենք որոշ առումով «մանուալ ռեժիմով»` ընտրելով տեղեկատվության արժեքավոր աղբյուրներ: Բացի այդ, օգտագործվում են անհրաժեշտ հեշթեգերը, որոնք թույլ են տալիս տեղեկատվությանը հետեւել` ստանալով այն, այդ թվում նաեւ մեզ անծանոթ աղբյուրներից:
- Այսպես կոչված այլընտրանքային լրագրության ամենաակտիվ ներկայացուցիչներից է հանդիսանում “Չենք լռելու” նախաձեռնությունը: Կա՞ արդյոք որեւէ նմանություն ձեր նախագծի եւ այդ նախաձեռնության միջեւ:
- «Չենք լռելու»-ում աշխատում են մարդիկ, որոնք իրենք են գեներացնում քոնթենթը: Մենք քոնթենթ չենք գեներացնում, այլ ընտրում ենք այն արտադրող աղբյուրները: Մենք կարող ենք “Չենք լռելու”-ի եւ նման նախաձեռնությունների համար որոշակի հարթակ հանդիսանալ, որը թույլ կտա նրանց տեղեկատվություն ֆիլտրել: Այսօր Facebook-ի “Չենք լռելու” խմբում ավելի քան 4 հազար օգտագործողներ են գրանցված: Միջին օգտագործողը ի վիճակի չէ անընդհատ հետեւել, թե ինչ է տեղի ունենում այդ խմբում, եւ մեր խնդիրն է առավելապես թեթեւացնել այն մարդկանց կյանքը, ով ցանկանում է սպառել այդ քոնթենթը:
- Ինչպե՞ս եք դուք տարբերակելու հավաստի տեղեկությունը ապատեղեկատվությունից:
- Ամենահեշտ եւ ակնառու տարբերակն է օգտագործել տեղեկատվության այն աղբյուրները, որոնք արդեն ապացուցել են իրենց հուսալիությունը եւ հավաստիությունը: Այլ կերպ ասած, մենք քոնթենթի աղբյուրների երեք խումբ կդիտարկենք` հավաստի, ստուգման ենթակա եւ ոչ հավաստի:
- Ձեր նախագիծը կարող է հատկապես օգտակար լինել հաջորդ տարի կայանալիք ընտրությունների տեսանկյունից:
- Մենք նախագիծը չենք ստեղծել հատկապես ընտրությունների համար, սակայն, բնականաբար, ընտրությունները սոցիալական կայքերում ակտիվություն արթնացնող մեծ իրադարձություն են: Մենք ցանկանում ենք քարտեզի հետ “փոխկապակցված” բջջային լրագրության համակարգ գործարկել ընտրությունների կապակցությամբ: Շատ սերվերներ թույլ են տալիս այսպես կոչված գեո-թեգով հաղորդագրություններ ուղարկել, որում հաղորդագրությանը օգտագործողի տեղը մատնանշող կոդ է կցվում: Մենք այդ հաղորդագրությունները կտեղադրենք քարտեզի վրա, եւ մարդիկ կկարողանան վիզուալ հետեւել, թե ինչ է կատարվում այս կամ այն ընտրական տեղամասում:
Սամվել Մարտիրոսյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը:
P.S ... ամեն տեղ քիթը մտցնում է , որտեղ ասես , որ չկա?...
Please...http://www.ejournal.am/