Հեղափոխախեղդ Ալիկ Ս.-ն … եղավ
01-11-2011 10:53
Երեկ երեկոյան Հայաստանյան մամուլում գրանցվեց հերթական սենսացիոն լուրը. այն իր բնույթով կարծես թե վերջին մի քանի ամիսների ընթացքում պաշտոնների փոխատեղման գործընթացի շարունակությունն է, բայց դա իհարկե առաջին հայացքից:
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանի հայտարարությամբ ըստ էությամբ դասվեց համակարգային բարեփոխումները ձախողած, թուլամորթ-չինովնիկների շարքում: Ըստ լուրերի ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսուհետ աշխատելու է Սերժ Սարգսյանի աշխատակազմում` որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այո, այն մարդը ում սուրը ձախ ու աջ կտրում էր այսօր ընդհամենը ոչինչ չորոշող <տեղակալ> է լինելու: Հեղափոխություն խեղդողների օրն էլ օր չէ…
ՀՀ նախագահի այս որոշումը, չնայած «շատ» կդժվարեցնի Վիգեն Սարգսյանի աշխատանքը այն առումով, որ շատ դաժան կլինի ուսուցանել կամ կարգադրություններ տալ նման թույլ աշակերտին, բայց դա նրան կհաջողվի` հաշվի առնելով մեծ աշխատանքային փորձը:
Պատկերացրեք մի ոստիկանապետ, ով տեղյակ չէ իր իսկ համակարգում կատարվող, մեղմ ասած, սանձարձակությունից, դրանում մեղադրում Հովիկ Թամամյանին, Մարգար Օհանյանին ,… դեռ մի բան էլ հպարտանում իր մեղադրանքի համար, դե իհարկե այս ամենին անմասն լինել նա չէր կարող… «քաջագործությունների» ցուցակը այս հեղափոխություն խեղդողի շատ երկար է: Նախ անդրադառնաք այն հարցին թե ինչ չափի կաշառք էին վերցնում ոստիկանները իրենից առաջ և իր ժամանակ, դե այո իհարկե կաշառքը մնում է կաշառք, բայց ամոթն էլ է լավ բան: Ըստ շրջանառվող լուրերի Ալիկ Ս.-ին են պատկանում «Սամսունգ» ընկերությունը, մի քանի գազալցակայան Արտաշատում և Մասիսում, քարի հանքեր Արարատում, սուպերմարկետներ Երևանում և Արտաշատում, հարյուրավոր հեկտար հողատարածքներ…
Շատ հետաքրքիր կլինի նաև հիշել նրա և Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի փոխհարաբերությունները: Նախկին գործընկերոջ հետ գրպանային հարցերը լուծեց իր իսկ պաշտոնի շնորհիվ` վերջինիս մեղադրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, պաշտոնեական կեղծիքի դրդելու և անփութություն կատարելու համար: Վերջինիս որդիներն էլ շատ “նվերներ” ստացան Ալիկ Սարգսյանից, կամ ինչպես երևի փոքր ժամանակ կդիմեին Ալիկ հոպարից:
Չնայած մեր երկրում նման մարդիկ դեռ շատ կան և որոնք էլ պաշտոններ են զբաղեցնում, այնուամենայիվ նրանց օրն էլ կգա: