Գաղտնիք չէ, որ բոլոր իրենց հարգող քաղաքական գործիչները ունեն ոճաբաններ, որոնք որոշում են` որտեղ, երբ ինչ պետք է հագնի տվյալ քաղաքական գործիչը: Ոճաբանները ուկրաինական հեղափոխությունը ներկեցին նարնջագույն գույնով, Տիմոշենկոյին տատիկական հյուսքով օժտեցին, որ կմեղմեր վերջինիս վառ կերպարը և նրան ուկրաինական արժեքների պահապանի տեսք կհաղորդեր: Ոճաբանները թաքնված կաբլուկներ են տեղադրում Սարկոզիի կոշիկներում, հագցնում են առաջին տիկնանց… մի խոսքով, ինչպես ամերիկյան մի ֆիլմում նախագահի թեկնածուն էր բողոքում իր պոտենցիալ ընտրազանգվածին. "ես նույնիսկ չեմ կարող որոշել, թե ինչ փողկապ կապեմ": Ինչքան էլ զարմանալի չհնչի, բայց այս առումով Հայաստանը շատ ավելի "լիբերալ" է: Մեզանում ոճաբանները դեռևս ամբողջությամբ դուրս չեն եկել մոդայիկ կցորդների դերից և չեն վերածվել շատ լուրջ կոնսուլտանտների: Ուստի քաղաքական գործիչները մեծ մասամբ "ազատ" են ընտրելու իրենց հագուստը, սանրվածքն ու չսանրվածքը:
Այսպիսով, 2012-2013 թվականների գարուն-գարուն խորհրդարանական-նախագահական սեզոնին ընդառաջ մենք փորձեցինք հասկանալ, թե ովքեր են Հայաստանի ամենաոճային քաղաքական գործիչները: Պատասխանները բազմաբղետ էին.
1.Կարեն Կարապետյան /Երևանի քաղաքապետ/
2.Վահան Հովհաննիսյան
3.Պարույր Հայրիկյան
4.Արտաշես Գեղամյան
5.Դավիթ Հակոբյան
6.Գուրգեն Արսենյան
Ուշագրավ է մեր փորձագետներից մեկի դիտարկումը, թե. "Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը ոճային է`այսինքն լիովին համապատասխանում է իր իսկ որդեգրած ոճին: Տիգրան Կարապետիչը շատ ոճային է պառաված կայարանցի խուլիգանի կերպարի մեջ /հիշենք թեկուզ նրա մատանին/,Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ոճային են Երևան եկած սփյուռքահայ հորեղբոր կերպարի մեջ,դե իսկ Լևոն Տեր –Պետրոսյանը սրբությամբ պահում է համալսարանական պրոֆեսորի իմիջը:Իշխանությունն ավելի քիչ ոճային է:Դրա պատճառը մեկն է` վարչակազմը զուրկ է միասնական հստակ ոճից: Այդ իսկ պատճառով «պռադվինուտիի» իմիջ որդեգրած վարչապետը հանկարծ կամուֆլյաժ է հագնում ու սկսում իրեն «կռված տղա» ձևացնել"":