Հայաստանը տարեկան ներկրում է 4 միլիարդ դոլարի մեքենա և ապրանք, իսկ արտահանում ընդամենը մեկ միլիարդ դոլարի: Այս մասին ասել է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը` ՀԱԿ-ի` Ազատության հրապարակում կազմակերպած ֆորումի ժամանակ:
Նա նկատել է, որ արտաքին պարտքը սովորաբար մարվում է արտահանման և ներկրման տարբերության հաշվին, սակայն. «Ցավոք, արդեն երկար ժամանակ տարբերությունը մեր օգտին չէ, արտաքին առևտրի հաշվեկշիռը տարիներ շարունակ բացասական է»:
«Այսինքն, մեր տնտեսության իմաստը ոչ թե որևէ բան ստեղծելն է, այլ նստել ու սպասելը, թե երբ են մեր բարեկամները մեզ գումար ուղարկելու կամ երբ է որևէ բարի պետություն մեզ բարձր տոկոսներով վարկ տալու,-ասել է Բագրատ Ասատրյանը,- Մի օրինակ, Ռուսաստանից բերեցինք 500 մլն ԱՄՆ դոլար տարեկան վեց տոկոս տոկոսադրույքով , ինչը ներկայացվեց որպես հաղթանակ, աշխարհում նման տոկոս չկա , այսօր գյուղերին ավելի էժան են վարկ տալիս, քան Ռուսատանը տվեց մեզ»:
Նա խոսել է նաեւ Հայաստանի արտաքին պարտքի մասին, որը մոտ 4 միլլիարդ ԱՄՆ-ի դոլարի է հասել:
«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ամեն նորածին երեխա արդեն իր ծննդյան պահին պարտք է մոտավորապես 1300 դոլար ինչ- որ մարդկանց , բայց այդ թիվը գնալով աճելու է, քանի որ տոկոսներ են ավելանալու», - նշել է տնտեսագետը: