Կենաց՝ երկխոսության մասին
Արմեն Շեկոյանի ոճով
Եվ ընդդիմությունը վերցրեց բաժակը եւ ասաց. «Հիմա լուրջ կենաց եմ ասելու, ուշադիր լսի»:
Հետո մի քիչ մտածեց եւ ավելացրեց՝ «Ով որ չլսի՝ մեղքը իրա վիզը»:
«Ի՞նչ կենաց»,- զարմացած հարցրեց իշխանությունը:
Ընդդիմությունն արհամարհանքով նայեց իշխանության կողմը ու ասաց՝ «Լուրջ»:
Իշխանությունը լցրեց բաժակը ու հարցրեց՝ «Լուրջը ո՞րն ա»:
Ընդդիմությունը խեթ-խեթ նայեց իշխանության կողմը, մի քիչ մտածեց ու ասաց. «Լուրջը էն ա, որ քո նմանները դժվար էլ հասկանան»:
Իշխանությունը ավելի զարմացավ. «Էդ խի՞ չպիտի հասկանամ»:
Ընդդիմությունը առանց իշխանության կողմը նայելու պատասխանեց եւ ասաց. «Որտեւ խելքդ կարող ա չհասնի»:
Հետո մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Ես ուզում եմ էս բաժակով խմել երկխոսության կենացը»:
Իշխանությունը փռթկացրեց եւ քթի տակ մրթմրթաց՝ «Էդ ի՞նչ մի բարդ կենաց ա»:
Ընդդիմությունը ոտից գլուխ չափեց իշխանությանը եւ ասաց. «Բարդը բարդ չի, բայց դու էս 5 ամիս ա, մի գլուխ ժամանակ ես ձգում»:
Իշխանությունը ծիծաղելով ասաց. «Էդ ե՞ս եմ ձգում, մեռանք քեզ հրավիրելով»:
Ընդդիմությունն արհամարհանքով նայեց իշխանության կողմը եւ ասաց. «Վաբշե որ ուզում ես իմանաս, ես քո հետ էս սեղանն էլ չպիտի նստեի»:
Իշխանությունը զարմացավ՝ «խի՞ չպիտի նստեիր»:
Ընդդիմությունը մի քիչ մտածեց եւ ասաց՝ «Որտեւ դու գործադիր իշխանություն չես»:
Իշխանությունն էլ մեղմ ժպտաց ու ասաց. «Բա որ քեզ ուղարկում եմ վարչապետի մոտ, խի՞ չես գնում: Նա գործադիր իշխանություն չի՞»:
Ընդդիմությունը զայրացած ոտքի կանգնեց ու գոռաց. «Դու ո՞վ ես, որ ինձ տեղ ուղարկես»:
Իշխանությունն էլ ոտքի կանգնեց, ձեռքը դրեց ընդդիմության ուսին եւ ասաց. «Լավ, կռիվ մի արա, ուզո՞ւմ ես՝ վարչապետին քո մոտ ուղարկեմ»:
Ընդդիմությունը իշխանության ձեռքը հանեց իր ուսից, մի քիչ մտածեց ու պատասխանեց. «Չէ, պետք չի ինձ քո վարչապետը, ինձ հրամանագիր ա պետք»:
Իշխանությունը խորամանկ ժպտաց եւ հարցրեց. «Ի՞նչ հրամանագիր: Քյասար ասա, ուզում ես գաս իմ տեղը նստես ու իշխես»:
Ընդդիմությունը բաժակը ցմրուր դատարկեց ու ասաց. «Որ պետք լինի, քյասար էլ կասեմ»:
Իշխանությունն էլ իր բաժակը խմեց, մի քիչ մտածեց ու ասաց. «Հիմա էլ ես ուզում եմ քո կենացին պատասխան խոսք ասեմ»:
Ընդդիմությունը, իր ափսեի մեջ պոմիդոր-վարունգի սալաթը դնելով, ասաց. «Չէ, հիմա մի ասա, միտինգից հետո կասես»:
Էդ պահին սենյակ մտավ Վազգեն Մանուկյանը՝ խորովածի եւ «պրիբորի» ամանները ձեռքին, մի քիչ մտածեց ու ասաց. «Քաշե՛ք, քանի տաք ա»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ