Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի պատվին նախօրեին Ազատության հրապարակում տոնական համերգ էր կազմակերպվել, որը ավարտվեց շքեղ հրավառությամբ: Համերգի ավարտից հետո աշխարհի չեմպիոններին Ազատության հրապարակում գտնվող «Ջազվե» սրճարանում հյուրընկալեցին Սերժ ու Տիգրան Սարգսյանները, որոնք զբաղեցնում են նաեւ ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի ու նախագահի տեղակալի պաշտոնները: Շուրջ մեկ ժամ անց Սերժ եւ Տիգրան Սարգսյանները իրենց մեծ ավտոշարասյուներով հեռացան, իսկ շախմատիստները, դափնեպսակները ձեռքերին` մնացին Ազատության հրապարակի մուտքի մոտ: Շախմատի աշխարհի չեմպիոնները հեռացան տաքսիներով: Նույն բանն էր արձանագրվել 2008-ին. նոյեմբերի 27-ին մարզահամերգային համալիրում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճած շախմատի մեր հավաքականի պատվին կազմակերպված ճոխ արարողությունից հետո օլիմպիական չեմպիոն շախմատիստները համալիրից տուն գնացին տաքսի «գալասավատ» անելով: