Հայ առաքելական եկեղեցին մարտի 6-ին տոնել է Բուն Բարեկենդանը, որը նախորդում է քառասնօրյա Մեծ պահքին:
Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց եւս մեկշաբաթյա շրջան՝ Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տեւում:
Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաեւ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու եւ չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով եւ ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության՝ Զատիկի տոնը:
Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց եւս մեկշաբաթյա շրջան՝ Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տեւում: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան եւ Ծաղկազարդ: Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում:Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները եւ մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ եւ կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի: