Le Monde. Փարիզը դավաճանեց հայերին


Հունվար 02, 2011 | 08:54
Ֆրանսիական Le Monde-ում հրապարակված Արա Թորանյանի հոդվածը:

Wikileaks-ի գաղտնազերծած դիվանագիտական թղթակցությունը բացահայտում է Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն սահմանելու Ֆրանսիայի հայ համայնքի առջեւ ստանձնած պարտավորություններն արդեն երկու ամիս անց խախտելու Նիկոլա Սարկոզիի քայլը: 2007թ. ապրիլի 24-ին Ժողովրդական շարժման միության թեկնածուն խոստացավ նպաստել Սենատում փաստատթղթի ընդունմանը: Ազգային ժողովն արդեն ընդունել էր օրենքը:

Սակայն Wikileaks-ի հրապարակած փաստաթուղթը վկայում է, որ Ֆրանսիայի նախագահական պալատի դիվանագիտական խորհրդական Ժան Դավիդ Լեւիտը 2007թ. մայիսի 29-ին Անկարայում թուրք զրուցակցին ասել է. «Սարկոզին երաշխավորում է, որ Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը կհանգի Ֆրանսիայի Սենատում»:

Մենք այժմ ավելի լավ ենք հասկանում այդ մերժման քաղաքականության ամբարտավանությունը, որն Անկարայի աջակցությամբ տարածվում է ֆրանսիական կայքերում: Դա ցեղասպանության քաղաքական կողմն է, որը նույն ցեղասպանության շարունակությունն է այլ միջոցներով: Դրա դեմ չեն պայքարի հասարակական կարգի համար պատասխանատուները, դա կարժանանա Ֆրանսիայի նախագահի բարյացակամ չեզոքությանը:

Ի՞նչ գին ունեն Ֆրանսիայի հայ համայնքին Նիկոլա Սարկոզիի ասած գեղեցիկ խոսքերը, պատմությունից դաս քաղելու մասին հռետորությունը: Թուրքիայի ներսում ձեւավորվում է հայերին ներողություն հայտնելու շարժում, իսկ Ֆրանսիան նման նվեր է անում Անկարային: Հետո պետք չէ զարմանալ, որ թուրքական իշխանությունները, ժպտալով Արեւմուտքին, Իրանին ուրան առաքելու պայմանագիր են կնքում: Թուրքերը պայքարում են Գազայի հատվածի շրջափակման դեմ, սակայն արդեն 16 տարի շրջափակված են պահում Հայաստանը: Թուրքերը Իսրայելից թուրքական նավատորմի ինը զոհերի համար ներողություն են պահանջում, սակայն երբեք մի խոսք չեն ասել 1915-ին զոհված 1,5 միլիոն հայերի մասին:

Wikileaks-ում հայտնվել է նաեւ մեկ այլ դիվանագիտական ճեպագիր, որի համաձայն Ֆրանսիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ռոլան Գալարագը պաշտպանության հարցերով ամերիկացի քարտուղար Ուիլյամ Բերնսին ասել է, որ Ֆրանսիայում ուժեղ հայ համայնքի առկայությունը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու առաջարկներին:

Հարց է ծագում, թե այդ ի՞նչ գեղեցիկ առաջարկներ ունի Ֆրանսիայի արտգործնախարարությունը, որ կարող է առաջացնել հայկական արմատներով ֆրանսիացիների դժգոհությունը: Ցավոք, պանթյուրքիզմի շահերի համար հայերին դավաճանելու Ֆրանսիական Հանրապետության վաղեմի ավանդույթը շարունակվում է: Մենք այստեղ չենք հիշատակի այդ վերաբերմունքի պատճառով զոհվածներին: Բայց ինչպե՞ս մենք չզայրանանք, որ այսքան դժբախտություններից հետո այդ պրակտիկան դեռ ուժի մեջ է: