Ադրբեջանահայերը համագումար կանեն
Ելնելով ադրբեջանահայության առջեւ ծառացած խնդիրները լուծելու հրատապությունից՝ ազատագրված տարածքներում 2011 թվականի փետրվարի 28-ին անցկացվելու է արբեջանահայության լիազոր ներկայացուցիչների հիմնադիր համագումար: Համագումարի կազմկոմիտեի քարտուղար Մարիամ Ավագյանի խոսքով, համագումարի անցկացման համար ընտրվել են հենց ազատագրված տարածքները, քանզի, «դրանք ազատ են ռասիստական Ադրբեջանի ազդեցությունից: Մեր բնօրրանը՝ Շահումյանի շրջանը, Գետաշենը, Քարհատը, Գանձակը, շարունակում են մնալ օկուպացված ռասիստական Ադրբեջանի կողմից, ու դրա մասին չի խոսվում: Ով, ինչու եւ ինչպես Արցախի ինքնապաշտպանության պատերազմը վերանվանեց ղարաբաղյան կոնֆլիկտ, կամ ում կողմից, ինչու եւ ինչպես մոռացության մատնվեց ադրբեջանահայությունը»:
Ադրբեջանահայության մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռոման Գյուլբանդյանն էլ ասաց, որ լինելու է նաեւ 2-րդ համագումար Եվրոպայում: Հենց Եվրոպայում, որովհետեւ բոլոր միջազգային կառույցները, ցեղասպանության ուղղորդողներն ու դավադիրները Եվրոպայում են: Ադրբեջանահայության համագումարին ընդառաջ՝ Հայաստանի եւ Արցախի մարզերում եւ աշխարհում ցրված ադրբեջանահայության օջախներում կստեղծվեն տեղական տարածքային կազմակերպություններ, իսկ համագումարը կընտրի իրավաքաղաքական մարմին: «Եթե ժամանակին առաջ քաշվեր 1988-91թթ. Ադրբեջանի կողմից ադրբեջանահայության ցեղասպանությունը, ապա Ադրբեջանի դիրքերը շատ ավելի թույլ կլինեին՝ այն առումով, որ կխոսվեր ոչ թե ղարաբաղյան կոնֆլիկտի մասին, այլ ադրբեջանահայության ինքնապաշտպանական գործողությունների մասին, որի արդյունքում ազատագրվեց մեր հայրենիքի մի մասը»,- վստահ են ադրբեջանահայերը: Ադրբեջանահայությունը իրեն համարում է Ադրբեջանի օկուպացրած հայկական տարածքների տեր եւ վստահ է, որ Հայաստանը՝ պաշտպանելով ադրբեջանահայության շահերը, պետք է հանդես գա բանաձեւով՝ ի հակակշիռ Ադրբեջանի կողմից ներկայացվող բանաձեւի: Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեն նամակով դիմել է ողջ հայությանը՝ կոչ անելով ամենուր բարձրացնել ադրբեջանահայության հարցերը:
Ադրբեջանահայերը չեն բացառում, որ ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարը կարող է վերածվել Ադրբեջանի բնիկ ժողովուրդների համագումարի, քանի որ հայերի հետ միասին ցեղասպանության եւ բռնությունների զոհ են դարձել նաեւ Ադրբեջանում ապրող այլ ժողովուրդներ: