Սահմանվել են ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության վճարները 08.10.2010
Կենտրոնական բանկը այսօր հաստատել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության սակագները: Ըստ այդմ` վերջնական ապահովագրավճարը տատանվում է 19-106 հազար դրամի սահմաններում:
2011 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու անցած գարնանը Ազգային ժողովում հաստատված «Տրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրման մասին» օրենքը, եւ 8 ապահովագրական ընկերություններ հոտեմբերի 18-ից կսկսեն պոլիսների վաճառքը:
Սահմանված վճարները հաշվարկվում են` ելնելով 4 ռիսկային գործոններից. տրանսպորտային միջոցի տեսակը, օգտագործման նպատակը, վարորդի տարիքն ու վարորդական ստաժը եւ ավտեմեքենային շարժիչի հզորությունը:
«Եթե ինչ-որ մեկը որպես տաքսի օգտագործում է, ասենք, «Համմեր» տիպի մեքենա, եւ այդ վարորդի տարիքը մինչեւ 23 է եւ ինքն էլ ունի 3 տարուց քիչ փորձ, միայն այդ դեպքում կունենանք 106 հազար սակագին», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր պարզաբանեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը` շարունակելով. - «Ամենատիպիկ դեպքը` դա սովետական կամ ռուսական արտադրության մեքենան, որը վարում է անձը, որը 23 տարեկանից ավելի է եւ ունի 3 տարուց ավելի վարորդական փորձ: Դրա գինը տարեկան` 32 հազար դրամ»:
Հաշվի չի առնվել, սակայն, ավտոմեքենայի շահագործման վայրը, ինչը նշանակում է, որ միատեսակ ավտոմեքենաների համար ապահովագրական վճարը նույնն է, ասենք, հեռավոր գյուղում եւ մայրաքաղաքում: Պարզ է, մինչդեռ, որ գյուղական վայրերում բնակչության եկամուտներն ավելի ցածր են, ու վթարի ռիսկն էլ` ավելի փոքր, քանի մայրաքաղաքում:
«Հայաստանի պայմաններում եթե նման դեպք կիրառվեր, ապա կպարզվեր, որ Երեւան քաղաքում գրանցված որեւէ մեքենա չկա», - այս դիտարկմանը հակադարձեց Գաբրիելյանը` հավելելով. - «Հավատացնում եմ ձեզ, որ բոլոր մեքենաները անմիջապես կգրանցվեին լեռնային շրջաններում»:
Պարտադիր վճարների կիրառումը ապահովագրական շուկայում կենթադրի լրացուցիչ 10-12 միլիարդ դրամի շրջանառություն:
Հունվարի 1-ից ապահովագրական պոլիսի բացակայության համար նախատեսվում է տուգանք` 50 հազար դրամի չափով:
Երեւանցի վարորդները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հիմնականում դրական են վերաբերվում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությանը, թեեւ հնչեցրեցին նաեւ որոշակի մտահոգություններ: