Իսկ դու ում մարդն ես
15/09/2011 | ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո ԱԺ Հանրապետական խմբակցությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: ՀՀԿ-ականները փորձում են շահել կամ Գալուստ Սահակյանի, կամ Հովիկ Աբրահամյանի բարեհաճությունը, քանի որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ճամբարի դռները փակ են այս մարդկանց համար: Գաղտնիք չէ, որ պատգամավորների այս խումբն իրենց մանդատները պահում էին շնորհիվ Կարապետյանի, եւ համամասնական ընտրացուցակում կրկին հայտնվելու նրանց հույսերը եւս կապված էին վերջինիս հետ:
Հիմա, փաստորեն, նրանք անհանգստացած են: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Մկրտիչ Մինասյանից: «Մենք վատ վիճակում չենք, ես ինձ զգում եմ ինչպես նորմալ մարդը եւ քաղաքակիրթ քաղաքացին: Ես այդ մարդուն ծանոթ եմ 2003 թվականից, իսկ մինչ այդ Մկրտիչ Մինասյանը եղել է Մկրտիչ Մինասյանը եւ շարունակելու է լինել Մկրտիչ Մինասյանը»,- պատասխանեց Մկրտիչ Մինասյանը, ապա ավելացրեց.

«Կարեն Կարապետյանը լուրջ քաղաքական-տնտեսական գործիչ է, պետք է ասել, որ բավականին լավ գործունեություն ծավալեց, երբ ժողպատգամավոր էր: Ես իսկապես աշխատել եմ իր հետ եւ գնահատել իրեն, բայց ես որեւէ մեկի մարդը չեմ: Ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ»: