ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին սպասարկող «Ֆոլցվագեն-Ֆաետոն» ավտոմեքենան կարող է վերցվել նրանից: Այդ մեքենան չի պատկանում ոչ միայն գլխավոր դատախազությանը (չնայած դրա վրա հենց գլխավոր դատախազության պետհամարանիշ է ամրացված) այլեւ նույնիսկ Աղվան Հովսեփյանին: Այդ մեքենան «Եվրովագեն» ընկերության սեփականատեր Մանվել Ղարիբյանին պատկանող մի ընկերության սեփականությունն է, եւ սեփականատերը մտադիր է պահանջել իր ավտոմեքենան կամ էլ դրա գումարը: Այս տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է Մանվել Ղարիբյանի փաստաբան Բագրատ Վարդանյանը: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ մեր թղթակցի հարց ու պատասխանը.
- Պարոն Վարդանյան, ճի՞շտ է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին սպասարկող «Ֆոլցվագեն» ավտոմեքենան գտնվում է «Եվրովագեն» ընկերության բալանսում, եւ վերջինս երկար ժամանակ փորձում է գլխավոր դատախազությունից հետ ստանալ ավտոմեքենան կամ դրա գումարը:
- Ավտոմեքենան հետ վերցնելու կամ գումարը ստանալու գործընթացը դեռեւս նախապատրաստական փուլում է: Այսինքն, ոչ մի կոնկրետ գործողություն դեռեւս չի արվել: Դրա համար, քանի դեռ մենք պաշտոնապես չենք դիմել, ես չեմ կարող այս պահին հաստատել, որ մենք միջոցներ ենք ձեռնարկում ավտոմեքենան հետ ստանալու համար:
- Բայց դուք հաստատու՞մ եք, որ ավտոմեքենան գտնվում է «Եվրովագենի» բալանսում:
- Ես այս պահին չեմ կարող ասել, թե ավտոմեքենան «Եվրովագենին» է պատկանում, թե Մանվել Ղարիբյանին պատկանող մեկ այլ ընկերության: Սակայն կարող եմ ասել, որ այդ ավտոմեքենան պետական չի, եւ այն պատկանում է մասնավոր ընկերության` իրավաբանական անձի:
- Իսկ ե՞րբ եք պատրաստվում պաշտոնապես ավտոմեքենան վերադարձնելու համար դիմել, այսինքն` խնդրին իրավական ընթացք տալ:
- Դեռեւս նախապատրաստական փուլում է գտնվում, դրա համար չեմ ցանկանում առաջ անցնել եւ ինչ-որ կոնկրետ բաներ ասել: Բայց երբ կոնկրետ քայլ կատարենք, ձեզ եւ հանրությանը տեղյակ կպահենք:
«Ֆոլցվագեն-Ֆաետոն» մակնիշի ավտոմեքենայի գինը 70-90 հազար եվրո է: Այս ավտոմեքենան Աղվան Հովսեփյանին սպասարկում է դեռեւս 2005 թվականից: Երբ նա սկսեց շրջագայել այդ ավտոմեքենայով, մեր թղթակցին նրա այն ժամանակվա մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանը հրաժարվել էր ասել, թե ավտոմեքենան ինչ միջոցներով է ձեռք բերվել: Այժմ արդեն հասկանալի է, որ այն պետբյուջեի միջոցներով չի ձեռք բերվել: Ավելին, այն պաշտոնապես չի ձեւակերպվել որպես նվիրատվություն պետությանը: Այսինքն, ամենապարզ կոռուպցիայի հետ գործ ունենք, որի անմիջական գործող անձը հենց ինքը` գլխավոր դատախազն է:
Դեռեւս օգոստոսի 30-ին «ՀԺ» թղթակիցը խնդրի հետ կապված Աղվան Հովսեփյանի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանին է ուղարկել հարցում հետեւյալ բովանդակությամբ. «Ճի՞շտ է արդյոք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին սպասարկող ծառայողական «Ֆոլցվագեն Ֆաետոն» ավտոմեքենան գտնվում է «Եվրովագեն» ընկերության հաշվեկշռին եւ, որ բավական երկար ժամանակ է այդ ընկերության տնօրինությունը ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է վերադարձնել ավտոմեքենան կամ վճարել դրա արժեքը»: Հարցման պատասխանը դեռեւս չենք ստացել: