Թուրքիայում քրդերի որս է հայտարարված. Fırat
Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում քրդերի որս է հայտարարված։ Վերջին 10 օրերին (սեպտեմբերի 12-22-ը) Թուրքիայի տարբեր շրջաններում ձերբակալվել է 368 մարդ։ Նրանցից նվազագույնը 88-ը կալանավորվել են։
Միայն այս առավոտ Իզմիրում «Քրդստանի համայնքների» միության (KCK) անդամ լինելու և այդ կազմակերպության հետ համագործակցելու կասկածանքով ձերբակալվել է նվազագույնը 30 մարդ։ Իսկ սեպտեմբերի 17-ին և 20-ին հարավարևելյան Շըրնաքում ձերբակալվել է 75 մարդ, որից 47-ը կալանավորվել են։
Նշվում է, որ այս ամենի թիրախը թուրքական խորհրդարանում ներկայացված քրդական միակ լեգալ «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունն (ԽԺԿ) է, որի ներկայացուցիչները մշտապես մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներին աջակցելու և նրանց օգտին քարոզչություն կատարելու մեջ։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ԽԺԿ-ն հրաժարվեց երդում տալ թուրքական խորհրդարանում և ցայժմ շարունակում է բոյկոտել խորհրդարանի աշխատանքները։ Ակնկալվում է, որ ԽԺԿ-ի խորհրդարանական բոյկոտը կավարտվի հոկտեմբերի 1-ին, երբ թուրքական խորհրդարանը կվերադառնա արձակուրդից։