«Եթե նախկինում 20-րդ դարասկզբի իրադարձությունները հերքվել են, ապա այժմ մենք չենք հերքում, որ Թուրքիայում հայերի հետ աղետալի իրադարձություններ են տեղի ունեցել»: Այս մասին, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ, Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Ընդգծելով, թե Արձանագրությունների ստորագրմամբ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման տեսանկյունից ևս մեկ քայլ առաջ է գնացել, Դավութօղլուն ասել է. «Ընդամենը 10 տարի առաջ Թուրքիայում չէր խոսվում հայկական հարցի մասին, այժմ մեր հասարակությունն ազատորեն քննարկում է այն»:
Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ թուրքերի կամ հայերի պատճառով չէ, որ երկու ժողովուրդների միջև խնդիրներ են առաջացել: Դավութօղլուն Ցեղասպանության պատճառը տեսնում է Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում ազգայնական շարժումների ակտիվացմամբ:
Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ իրադարձություններից ընդամենը մեկ տարի առաջ, այսինքն` 1914-ին, Թուրքիայում հայ նախարարներ կային, եվրոպական մի շարք մայրաքաղաքներում Թուրքիան ներկայացվում էր ազգությամբ հայ դեսպանների կողմից, իսկ օսմանյան աղբյուրներում հայերը հիշատակվում էին որպես «ամենահավատարիմ հպատակներ»:
«1915-ը կարևոր տարեթիվ է հայերի համար, սակայն պետք է հիշել, որ այդ նույն տարվա ընթացքում շուրջ 250 000 թուրք է զոհվել ռազմաճակատներից միայն մեկում, որոնց թվում էր նաև պապս»,– ասել է Դավութօղլուն՝ ավելացնելով.
«Եթե եղել են սխալներ, ապա դրանց մասին պետք է խոսել: Պետք է հիշել, որ խոսում ենք պատմական մի ժամանակաշրջանի մասին, որի ընթացքում քաղաքական կարգ ու կանոնը բացակայում էր Թուրքիայի ողջ տարածքում»:
«Ամերիկայի Ձայն»-ի այն հարցին, թե արդյոք Թուրքիայում հաջորդ տարի սպասվող ընտրությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, թե այլ պատճառներ կան հայ-թուրքական արձանագրությունները թուրքական խորհրդարանում չվավերացնելու համար, Դավութօղլուն պատասխանել է. «Ցավոք, Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրեց, որով բացառեց պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, ինչը կարևոր էր Թուրքիայի համար»:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ իր երկրի տեսանկյունից հայ-թուրքական Արձանագրությունների նպատակներն են՝ բարելավել հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև, հասնել հարաբերությունների նորմալացման հայ և թուրք ժողովուրդների միջև ամբողջ աշխարհում, կայունություն հաստատել կովկասյան տարածաշրջանում:
Ահմեթ Դավութօղլուն իր ելույթի ժամանակ վերահաստատել է նաև պաշտոնական Անկարայի այն դիրքորոշումը, թե համաձայնագրերի շուրջ փոփոխություն չի լինի, քանի դեռ առաջընթաց չի արձանագրվել Լեռնային Ղարաբաղի հարցում:
«Այսինքն, եթե նույնիսկ արձանագրությունները հաստատվեն առանց հայ-ադրբեջանական համաձայնության, ապա իրավիճակի սրման պարագայում Թուրքիան կրկին փակելու է սահմանը», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը: