Հակահայկական եւ հակաքրդական հայտարարությունները կրկին բարձրացրել են Էրդողանի վարկանիշը
Օգոստոս 26, 2011 | 16:08
Թուրքիայում GENAR վերլուծական-հետազոտական կենտրոնի կողմից իրականցված ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ ընտրություններից հետո Թուրքիայի վարչապետ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը շարունակել է աճել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հարցման մասնակիցների 53,4 տոկոսի համար ամենանախընտրելի կուսակցության առաջնորդ է համարվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի գլխավոր ընդդիմության՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին նախընտրել են հարցվածների 17,5, իսկ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիին՝ 9 տոկոսը։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2011-ի հունիս 12-ի խորհրդարանական ընտրություններում հերթական հաղթանակը տանելուց հետո նոր թափով սկսեց հանդես գալ հակահայկական եւ հակաքրդական հայտարարություններով։
Էրդողանի նման գործելակերպի արդյունքում նրա վարկանիշի աճը ցույց է տալիս, թե թուրքական հասարակության մեջ ինչ մեծ տոկոս են կազմում այլ ժողովուրդների նկատմամբ անհանդուժողականությամբ տրամադրվածները։