2011թ.-ից ՀՀ քաղաքացիները կունենան նոր տիպի անձնագրեր, որոնք կլինեն բազմաֆունկցիոնալ եւ կպարունակեն կենսաչափական տվյալներ:
ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ կենսաչափական անձնագրերի ներդրումն անհրաժեշտ է ահաբեկչության դեմ էլ ավելի արդյունավետ պայքարելու, ինչպես նաեւ նվազագույնի հասցնելու համար անձնագրերի կեղծման հնարավորությունները:
Նոր անձնագրերը կլինեն 2 տիպի, մեկը' ներքին օգտագործման համար է' որպես նույնականացման քարտ, իսկ մյուսը կլինի արտերկիր մեկնելու անձնագիր:
Ի տարբերություն ներքին օգտագործման քարտերի, անձնագրում բացի քաղաքացու անկետային տվյալներից, լուսանկարից, էլեկտրոնային ստորագրությունից, կլինեն նաեւ 2 ցուցամատերի մատնահետքերը:
Նույնականացման քարտի համար քաղաքացիները վճարելու են բազային տուրքի չափով 1100 դրամ, իսկ անձնագրերը կլինեն բավականին թանկ: Նոր անձնագրերի վերջնական գինը կսահմանվի միայն մրցույթի անցկացումից հետո:
Նորայր Մուրադխանյանը նշեց, որ նույնականացման քարտը կլինի ուղղակի քարտի տեսքով, իսկ անձնագիրը կունենա այսօրվա ՀՀ անձնագրի տեսքը:
Նույնականացման քարտը պարտադիր է ՀՀ 16 տարին լրացած բոլոր քաղաքացիներին, իսկ անձնագիր կարելի է ստանալ ցանկացած տարիքում: Ի դեպ, նույնականացման քարտը կտրամադրվի 10 տարի, իսկ անձնագիրը' 5 տարի ժամկետով:
Անձնագրերի եւ վիզաների վարչության պետի ասելով' նախատեսվում է անձի ինքնությունը հաստատող 2 փաստաթղթերում սոցիալական համարանիշի առկայություն, ինչն էլ հետագայում միգուցե բացառի սոցքարտերի անհրաժեշտությունը:
Ի դեպ, ըստ նրա, եթե այլ երկրների հետ կնքվեն միջպետական համաձայնագրեր, ապա հնարավոր կլինի պետական սահմանը հատել նաեւ նույնականացման քարտերով:
Նորայր Մուրադխանյանը ընդգծեց, որ նոր անձնագրերին անցումը կլինի աստիճանաբար: Դա նշանակում է, որ ՀՀ գործող անձնագրերը ուժի մեջ կմնան մինչեւ իրենց ժամկետի ավարտը, եւ քաղաքացին ցանկացած պահի դրանք կարող է փոխել նորերով:
Սերբիայի քաղաքացիները վիզայի կարիք չունեն
«Երկքաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո երկու տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացի դառնալ ցանկացողների թիվը բավականին մեծացել է:
Ըստ Նորայր Մուրադխանյանի' եթե 1997-2007թթ. ՀՀ քաղաքացիություն ձեռք է բերել ընդամենը 1735 մարդ, ապա «Երկքաղաքացիության մասին» օրենքի ընդունումից հետո' 2008թ-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել15554 քաղաքացի, իսկ 2009թ.-ին' 4323:
ՀՀ քաղաքացի դառնալու ցանկություն հայտնել են մոտ 30 երկրների հայազգի քաղաքացիներ' Ռուսաստան, Վրաստան, Ուզբեկստան, Թուրքմենստան,ԱՄՆ եւ այլն:
Նորայր Մուրադխանյանի վստահեցմամբ' ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներն հիմնականում չեն մերժվում, թեեւ բացառիկ դեպքերում, ազգային անվտանգությունից ելնելով' դրանք կարող են մերժվել:
Ի դեպ, բացի ԱՊՀ երկրներից, նաեւ Սերբիայի քաղաքացիները կարող են ՀՀ սահմանը առանց արտոնագրի հատել: Օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվող մուտքի արտոնագրի' վիզայի համար 21 օրվա համար նախատեսված է 3000 դրամ, իսկ 120 օրվա համար '15 հազար դրամ պետական տուրք: