ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱԼԻՔՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻՆ
Գերմանական ZDF ալիքի թիմը եղել է Ղարաբաղում եւ ռեպորտաժ պատրաստել Ղարաբաղի մասին
«Ադրբեջանցիները պետք է մի բան հասկանան` այն, ինչ մենք ձեռք են բերել մեր արյունով, երբեք նրանք հետ չեն ստանա», - ընկերական, սակայն սառը տոնով իր դիրքորոշումն է հստակեցնում Գանձասար քաղաքի քահանա Տեր Գրիգորը: Ինչպես նրա, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի իր բազմաթիվ համաերկրացիների համար Լեռնային Ղարաբաղն այլևս մեկընդմիշտ պատկանում է Հայաստանին:
Ադրբեջանցի հարևանները դրան այլ կերպ են նայում. նրանք հետ են պահանջում այդ լեռնային երկրամասը:
Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղին նոր պատերազմ է սպառնում, Կովկասում` ԵՄ դռների առջև: Այդ հարցին տեղում` «Լեռնային սև այգում» հետամուտ եղավ Գերմանական երկրորդ հեռուստատեսության (ZDF) թղթակից Դիտմար Շումանը: Տարածքը, որը գերմանական Սաար երկրամասից մեծ է երկու անգամ, խորհրդային տարիներին պատկանել է Ադրբեջանին, իսկ 1994թ. նվաճվել է Հայաստանի կողմից:
Զինադադարից 16 տարի անց երկու պետություններն էլ ակնհայտորեն սպառազինվում են նոր ռազմական գործողությունների համար: Հարուստ Ադրբեջանը, որին աջակցում են Թուրքիան և Պակիստանը, ցանկանում է հետ նվաճել Լեռնային Ղարաբաղը: Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի օգնությամբ խոչընդոտել դրան: Բաժանարար գծի շուրջ դեմ- դիմաց տեղակայված են լավ զինված հարյուր հազար զինվորներ` պատրաստ միմյանց վրա հարձակվելու:
ZDF-ի թիմին` Դիտմար Շումանին և օպերատոր Ֆրանկ Ֆիլթհորֆին առաջնային գծի խրամատներ ուղեկցեց գեներալ Մովսես Հակոբյանը: Հակոբյանը հանդիսանում է ասպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» պաշտպանության նախարարը, հանրապետություն, որը մինչ այսօր աշխարհի ոչ մի պետության կողմից չի ճանաչվել:
Հայաստանի հավակնություններն առավելապես ֆինանսավորվում են հայկական սփյուռքի` 7 միլիոն վտարանդի հայերի կողմից, որոնք սփռված են ողջ աշխարհով մեկ: Արմեն Ռակետյանը Մարսելից բնակություն է հաստատել ադրբեջանական քաղաք Շուշիում, որը 1992թ. արյունահեղ կռիվների արդյունքում իրենց ձեռքն են վերցրել հայերը: Շուշիի ավերակների մեջ փոքրիկ հյուրանոց աշխատեցնող այս իդեալիստը երազում է զբոսաշրջիկների մեծ հոսքի մասին: Լեռնային Ղարաբաղի ազգայնամոլական պատրանքներին հակադրվում է հայկական մայր երկրում առկա սթափությունն այն բազմաթիվ հասարակ մարդկանց մոտ, որոնք առ այսօր տառապում են պատերազմի հետևանքներից:
Այնուհանդերձ Հայաստանի հյուսիսում գտնվող քաղաք Վանաձորում Դիտմար Շումանը հանդիպեց մի մարդու, որի ցանկությունն է կրկին բացված տեսնել հարևան Ադրբեջանի հետ սահմանը: Առևտրականների և զբոսաշրջիկների համար: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը ցանկանում է հիմնադրել «Եվրո-կովկասյան տարածաշրջան». «Գերմանացիները և ֆրանսիացիները երկու աշխարհամարտերից հետո բարեկամացել են: Ինչու՞ նույնը հնարավոր չէ Կովկասում` մեր և ադրբեջանցիների միջև»:
19:10:47 - 27/01/2011