Կարող է Աստանա էլ չգնա
Հեղինակը` Արզօ
Իշխանական կուլիսներում քննարկվում է, որ Սերժ Սարգսյանը հնարավոր է` հրաժարվի մասնակցել նաեւ Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին:
Նոյեմբերի 20-ին Լիսաբոնում կայացած գագաթնաժողովին Սերժ Սարգսյանը, ինչպես հայտարարեց նրա մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, չմասնակցեց, քանի որ դրա շրջանակներում ընդունվելիք (արդեն ընդունված.- Լ. Բ.) հռչակագրի նախագծում նշված է, որ սառեցված հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Այն, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «թաքուն» պայքար է ընթանում, թերեւս ակնհայտ է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ամերիկյան կողմը ձգտում է հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի հարակից գոնե երկու շրջան հանձնվի Ադրբեջանին: Փոխարենը, Թուրքիան ԱՄՆ-ի միջոցով երաշխիքներ է տվել, որ 2 շրջանն Ադրբեջանին հանձնվելուց հետո կբացվի հայ-թուրքական սահմանը: Սա խնդրի կարգավորման 2+5 սցենարն է: Սույն սցենարն իրականացնելու դեպքում, բնականաբար, հայ-թուրքական գործընթացը դուրս կգա փակուղուց: Սերժ Սարգսյանը համաձայնել է այս առաջարկին:
Ավելին, դիվանագիտական մեր աղբյուրները փոխանցում են, որ սույն տարբերակի շուրջ Սերժ Սարգսյանի եւ ամերիկյան կողմի պայմանավորվածությունները այսքանով չեն ավարտվում: Եթե ամերիկյան պլանն իրականացվի, լինելու են անվտանգության երաշխիքներ. որոշված է, որ այդ դեպքում ԼՂ հարակից երկու շրջաններում պետք է տեղակայվեն Ռումինիայի, Լեհաստանի եւ Հունգարիայի ռազմական դիտորդները` խաղաղապահ զորքերը: Մի խոսքով, սա է ԼՂ հարցի լուծման ամերիկյան պլանը, եւ ԱՄՆ-ը ձգտում է, որ Աստանայի գագաթնաժողովի ժամանակ նմանաբովանդակ մի փաստաթուղթ ստորագրվի: Բնականաբար, այս հեռանկարից խիստ անհանգստացած է Ռուսաստանը: ՌԴ-ն չի ցանկանում, որ տարածաշրջան ՆԱՏՕ-ի ուժեր մտնեն: Դա է պատճառը, որ ՌԴ իշխանությունները լուրջ անվստահություն ունեն Սերժ Սարգսյանի հանդեպ: Նրանք վստահ չեն, որ Սարգսյանը չի գնա այս պլանի իրագործմանը եւ փորձում են կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել: Ըստ դիվանագետների, այս կոնտեքստում է պետք դիտել Մեդվեդեւ-Ալիեւ-Սարգսյան եռակողմ հանդիպումները: Փորձագետները վստահ են, որ հենց ՌԴ իշխանությունների հրահանգով Սերժ Սարգսյանը Լիսաբոնի գագաթնաժողովին չմասնակցեց, որպեսզի ավելորդ պարտավորությունների տակ չմտնի մինչեւ Աստանայի գագաթնաժողովը: Դիվանագիտական մեր աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը ռուսներին խոստացել է, որ որեւէ բան չի անի Ռուսաստանի շահերի դեմ: Այդ խոստումները, սակայն, որպես լուրջ երաշխիք չեն ընդունվել:
Ակնհայտ է մի բան. եւ Ռուսաստանը, եւ ԱՄՆ-ը ցանկանում են ԼՂ կարգավորման հարցում ինչ-որ արդյունքի հասնել, բայց, բնականաբար, յուրաքանչյուրը ձգտում է, որ հարցը լուծվի իրեն ձեռնտու տարբերակով: Ըստ իրազեկ աղբյուրների, Սերժ Սարգսյանն այժմ փորձում է ԱՄՆ վարչակազմին համոզել, որ չի կարող նրանց առաջարկած տարբերակը ստորագրել, քանի որ ռուսական կողմը դեմ է դրան, իսկ վերջիններիս էլ փորձում է համոզել, որ նրանց տարբերակը չի կարող ստորագրել, քանի որ ԱՄՆ-ն է դրան դեմ: Եւ հենց այս կոնտեքստում է, որ որոշ շրջանակներում քննարկվում է Սերժ Սարգսյանի Աստանա չգնալու հնարավորությունը: Մի խոսքով, Սարգսյանը, ինչպես պնդում են դիվանագիտական շրջանակներում, բավական ծանր վիճակում է հայտնվել: Բայց եթե անգամ նա հրաժարվի Աստանայի գագաթնաժողովին մասնակցելուց էլ, դա ժամանակավոր լուծում է լինելու: Թեեւ իշխանական ճամբարում գրեթե բացառում են Աստանա չգնալու տարբերակը: Այս շրջանակներում կարծում են, որ Աստանայում որեւէ փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը 50/50 է: Բայց միեւնույն ժամանակ վտանգ են տեսնում, որ սույն գագաթնաժողովում կարող է ընդունվել այնպիսի փաստաթուղթ, որպիսին ընդունվեց Լիսաբոնի գագաթնաժողովի ժամանակ. այն է` սառեցված հակամարտությունները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքով: Իհարկե, Սերժ Սարգսյանը կարող է նաեւ վետո դնել նման փաստաթղթի վրա, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանը նույնպես ցանկանում է հարցի արագ կարգավորում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները տարիների ընթացքում կարող են ավելի ամրապնդվել տարածաշրջանում:
Լուսինե Բարսեղյան -
Նոյեմբեր 24, 2010