Մերձդնեստրում կալանավորված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը ուղերձ է հղել հասարակությանը։ Հոկտեմբերի 20-ով թվագրված ռուսերեն ուղերձը տարածվել է այսօր։ Այն ամբողջությամբ թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։
«Հարգելի բարեկամներ և թշնամիներ,
Դիմում եմ ձեզ տեղի ունեցող այս ամեն ինչից լիակատար հուսահատության և անչափ հոգնածության րոպեին։ Արդեն կես տարի է, ինչ ես ես կալանքի տակ եմ որպես բոլորին հայտնի քրեական գործով անցնող անձ, բայց պատճառը, որն ինձ դրդեց ուղարկել այս նամակը, դեռ չսկսված դատական գործընթացից էլ դուրս է։
Իմ պատկերացմամբ՝ 6 ամիսը լիովին բավարար է հասկանալու համար՝ «ով՝ ով է»։ Առաջին հերթին իմ թունոտ նետերն ուղղված են Մոլդովայի Հանրապետության Տեղեկատվության և անվտանգության ծառայությանը (ՏԱԾ)։ Աստված ձեզ կպատժի, վա՛յ-չեկիստներ։
Սկզբում դուք ստիպեցիք ինձ աշխատել ձեզ համար՝ վարելով երկակի կյանք, օգտագործեցիք ինձ, հետո «հանձնեցիք» ինձ Պետական անվտանգության նախարարությանը, և վերջապես, ձևացրիք, թե դուք այդ գործի հետ ոչ մի կապ չունեք։ Աչք չթարթելով՝ դուք երես թեքեցիք ինձանից և Իլյա Կազակից՝ երկու տղաներից, որոնք կարող էին նորմալ կյանքով ապրել, այլ ոչ տքնաջան աշխատել ձեզ համար և հետո զոհաբերվել։
Դուք հանգի՞ստ եք քնում, պարոնայք նախկին և ներկայիս ՏԱԾ-ականներ։ Ձեզ խիղճը չի՞ տանջում, պարոնայք Ռեշոտնիկով, Միխայ, Լյախու, Նակու և մյուսներ։ Եթե, իհարկե, ընդհանրապես նման բան ունեք։ Բարձր ամբիոններից և «սանրած» հարցազրույցներում դուք խրոխտ տարածում եք, թե ինչպես եք ինքնամոռաց կերպով պայքարում «անջատողական ռեժիմի» դեմ, իսկ գործնականում, երբ խոսքն իրական խնդիրների և գործողությունների մասին է, դուք դառնում եք անօգնական կույր կատվիկներ։
Պակաս հիասթափություն չի առաջացնում Մոլդովայի կուսակցությունների անողնաշար դիրքորոշումը։ Պարոնա՛յք դեմոկրատներ և ոչ միայն։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ ընտրություններն ու պատգամավորական աթոռները շատ ավելի կարևոր են ինչ-որ Վարդանյանից ու Կազակից, բայց չէ որ նրանք ձեր քաղաքացիներն են, որոնք իրենց ոչ հրապարակային աշխատանքով երկարացրել են ձեր քաղաքական գոյությունը։ Բայց ինչ եմ տեսնում։ Անվերջ ինքնամոռաց նախընտրական գզվռտոցի մեջ դուք համառորեն չեք տեսնում երկու տառապող մարդկանց ու նրանց ընտանիքներին։ Մի՞թե դուք անտարբեր եք մեր ճակատագրերի նկատմամբ։
Իսկ այժմ ես մտովի կվերադառնամ Քիշնևից Տիրասպոլ և կդիմեմ իմ «գործընկերներին», այո՛, հենց այդպես, չակերտներում։ Թանկագին իմ ջայլամիկներ, որ թաքցնում եք ձեր գլուխները ավազի մեջ, դուք ինչ-որ շատ շուտ մոռացաք Էռնեստին, որին հաճախ էիք զանգահարում, ինչ-որ բան հարցնում, խնդրում, ինչ-որ բան ճշգրտում, իսկ Էռնեստը երբեք չէր մերժում ձեզ օգնության հարցում։ Ոչ մի աջակցության խոսք, նույնիսկ նրանցից, ում հետ ես աշխատել եմ ուս-ուսի։ Իմ ընտանիքը ձեզանից չստացավ նույնիսկ կարեկցանքի «հերթապահ» խոսքեր։ Իսկ որոշ «գործընկերներ», որոնք դարձան իմ գործով վկաներ, ինձ վրա այնքան ցեխ շպրտեցին, կարծես իմ և իրենց հարաբերություններում միայն վատն է եղել։ Դե ինչ, շնորհակալություն անկեղծության համար, իմ թանկագին նախանձողներ ու զրպարտողներ։
Ինչ որ է, Աստված ձեզ դատավոր։ Միայն խնդրում եմ, մի մոռացեք, որ բանտից և աղքատությունից ոչ ոք ապահովագրված չէ...
Ինչպես և կարծում էի, իմ կողքին մնացել են միայն հարազատ հայ ընկերներս։ Վախենամ՝ նրանց ուժերն ու ժամանակը չբավարարեն ինձ իսկապես օգնելու համար։ Ով կօգնի ինձ մի իրավիճակում, երբ ես միամիտ լավատեսությամբ խոստովանական ցուցմունքներ տվեցի՝ բարեխղճորեն ինձ համար գերեզման փորելով։ Ով կօգնի ինձ, եթե ես ամբողջովին կտրվել եմ նորմալ կյանքից, անօգնական ու իրավազուրկ եմ, գոյությունս շարունակում եմ ինչպես ամեոբա, ինչպես խնամարկյալ՝ ուտելով երեխաներիս բաժին հացը, կախվելով սեփական ընտանիքիս վզից։
Ես այսպես չեմ կարող, ես սովոր եմ աշխատել շատ և ազնվորեն։ Բայց իմ վիճակում այդ մասին հիմա կարելի է միայն երազել։
Վերջում խնդրում եմ նրանց, ովքեր ինձ խղճում են, օգնել ընտանիքիս։
Առանց լավատեսության՝ Էռնեստ Վարդանյան»։