22
Քընեց էն գիշեր Ձենով Օհանը։
Գիշերն երազում երևաց ծերին՝
Մըսրա երկընքում արև ճառագած,
Սև ամպ էր պատել Սասմա սարերին։
Սաստիկ վախեցած վեր թըռավ տեղից։
— Վա՛յ, կընի՛կ, ասավ, մի ճըրագ արա՛,
Գընա՜ց մեր անփորձ Դավիթը ձեռից,
Սև ամպ էր իջել Սասունի վըրա։
— Հողե՜մ գըլուխդ, ասավ կընիկը,
Ո՜վ գիտի՝ Դավիթն ո՛ւր է քեֆ անում...
Դու էլ քեզ համար քու տանը ընկած՝
Ուրիշի համար երազ ես տեսնում։
Քընեց Օհանը։ Վերկացավ դարձյալ.
— Կընի՛կ, Դավիթը նեղ տեղն է ընկած.
Մըսրա վառ աստղը շողում էր պայծառ.
Մեր աստղը հիվանդ ցոլքում դալկացած։
— Ի՞նչ եղավ քեզ, մա՛րդ, գիշերվան կիսին.
Բարկացավ վըրեն կընիկըն աղմուկով։
Խաչ քաշեց էլ ետ Օհանն երեսին,
Շուռ եկավ, քընեց խըռոված հոգով։
Մի ուրիշ պատկեր ավելի ահեղ.
Տեսավ՝ երկընքի բարձըր կամարում
Վառվում էր մըսրա աստղը փառահեղ,
Սասմա աստղիկը սուզվեց խավարում։
Զարթնեց վախեցած։ — Տունդ քանդվի, կի՜ն։
Ես ո՜նց լըսեցի քու էդ կարճ խելքին.
Կորավ մեն-մենակ մեր ջահելն անտեր.
Վե՛ր կաց, շո՛ւտ արա, զենքերըս մի բե՛ր...
23
Ելավ Օհան, գոմը մըտավ,
Զարկեց ճերմակ ձիու մեջքին.
— Է՜յ, ճերմակ ձի, մինչ ե՞րբ, ասավ,
Կըհասցընես Դավթի կըռվին։
«Մինչև լուսը կըհասցնեմ».
Ու ձին տըվավ փորը գետին.
— Մեջքըդ կոտրի՛, լուսն ի՞նչ անեմ.
Լաշին հասնեմ ես, թե՞ նաշին։
Կարմիր ձիու մեջքին զարկեց.
Սա էլ երետ փորը գետին.
— Ջա՛ն կարմիր ձի, մինչ ե՞րբ դու ինձ
Կըհասցընես Դավթի կըռվին։
«Մի ժամի մեջ, կարմիրն ասավ,
Կըհասցընեմ Դավթի կըռվին»։
— Լեղի դառնա, սև մահ ու ցավ,
Ինչ տըվել եմ քեզ՝ էն գարին։
Հերթը եկավ սևին հասավ.
Գետին չերետ փորը սև ձին։
— Է՜յ, ջան Սևուկ, մինչ ե՞րբ, ասավ,
Կըհասցընես Դավթի կըռվին։
«Եթե ամուր մեջքիս մընաս,
Ոտըդ դընես ասպանդակին,
Մինչև մեկել ոտըդ շուռ տաս,
Կըհասցընեմ», ասավ սև ձին։